Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզպետը կլուծի՞ շշերի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի հարցը

14:41, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Կոտայքի մարզպետը կլուծի՞ շշերի գործարանի աշխատակիցների աշխատավարձերի հարցը

Բյուրեղավանի շշերի գործարանի աշխատակիցներն այսօր նորից ահազանգել էին MAMUL.am-ի խմբագրություն` տեղեկացնելով, որ իրենց թույլ չեն տալիս բողոքի ակցիաներ իրականացնել և պահանջել իրենց հասանելիք աշխատավարձերը: «Չգիտենք որտեղից են տեղեկանում, որ բողոքի ակցիա ենք անում, գալիս մեր ճանապարհը կտրում են, թույլ չեն տալիս, որ գանք քաղաք ու մեր խնդիրը բարձրաձայնենք»,- ասաց գործարանի նախկին աշխատակից Գուրգեն Հայրապետյանը: Բյուրեղավանի գործարանն ամիսներ առաջ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել՝ մոտ 150 աշխատողներ աշխատավարձ չեն ստացել: «Մենք իրենցից ուրիշ բան չենք պահանջում, թող մեզ մեր աշխատավարձերը տան ու մենք իրենցից հեռու կմնանք»,- ասաց աշխատակիցը: Գործարանի տնօրինությունն աշխատակիցներին տեղեկացրել էր, որ մեկ ամսից աշխատավարձերը կմարեն:

Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի հետ, տեղեկանալ, թե ինչ փուլում է աշխատավարձերը մարելու գործընթացը:
    
Տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արմեն Օհանյանն մեր թղթակցին փոխանցեց, որ այդ ուղղությամբ «ինտենսիվ աշխատանքներ են տարվում». «Բոլոր միջոցները մարզպետն օգտագործում է, որ հարցը լուծվի»,- ասաց վարչության պետը` նշելով, որ մարզպետը խնդրին տեղյակ է. «Մարզպետը շատ սրտացավ է, փորձում է իր հնարավորությունների սահմանում օգտակար լինել։ Նա աշխատակիցներին խոստացել է, որ բոլորն աշխատավարձ ստանալու են»,- ասաց Ա. Օհանյանը։

3665 | 0
Facebook