Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը հող է նախապատրաստում Արգամիչին հրաժեշտ տալու համար. «Հրապարակ»

10:16, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների թեման դարձել է քաղաքական կուլիսների հաջորդ թոփը ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս կազմելու թեմային զուգահեռ:

Բանն այն է, որ «բերանփակ», երբեք իր մտքերը-ծրագրերը որևէ մեկին չվստահող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում նեղ միջավայրում երբեմն-երբեմն արտահայտվում է հանրաքվեի ժամանակ Հովիկ Աբրահամյանի որոշ «թերացումների» մասին, քանզի շտաբի պետին հրահանգվել էր որևէ ակնառու կիքս թույլ չտալ սահմանադրական հանրաքվեի ընթացքում և Հայաստանը զերծ պահել միջազգային զեկույցների ատամի տակ ընկնելուց: Այսինքն, կեղծել աննկատ՝ հատկապես միջազգային դիտորդներից:

Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը հակառակն ապացուցեց, ինչն էլ, փաստացի, սահմանափակեց Ընտրական օրենսգրքի մանևրի դաշտն իշխանության համար: Եվ ոչ միայն: Կուլիսներում գտնում են, որ Սերժ Սարգսյանն այդ «ակնարկներով» փորձում է հող պատրաստել և «ա լա Գագիկ Ծառուկյան» հրաժեշտ տալ ոչ միայն հանրաքվեն, այլ նաև տնտեսությունը «վարի տված» Արգամիչին կամ պարզապես պրոֆիլակտիկա է իրականացնում վերջինիս ամբիցիաները զսպելու մասով:

Ի դեպ, որոշ իշխանականներ լրագրողներին անվերջ հարցնում են. կարո՞ղ է իմանաք` ովքե՞ր են այն 20-30 հոգին, որոնց մասին Սերժ Սարգսյանը նշել է մի նեղ միջավայրում, թե Նորք-Մարաշի ահաբեկիչները հանդիպել են երկու տասնյակից ավելի հայտնի դեմքերի հետ, որոնց նկատմամբ չգիտես ինչպես վարվես` «իմանալ-չհայտնելու» մասով»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

8244 | 7
Facebook