Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե ռուսական կողմը պաշտոնապես չեղարկի այդ պայմանագիրն, ապա դա կդառնա մեր տարածաշրջանում անկայունության ծավալման խթան հանդիսացող գործողություն». Արման Մելիքյան

16:58, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Եթե ռուսական կողմը պաշտոնապես չեղարկի այդ պայմանագիրն, ապա դա կդառնա մեր տարածաշրջանում անկայունության ծավալման խթան հանդիսացող գործողություն». Արման Մելիքյան

«Ռուս-թուրքական հարաբերություններում առկա համակարգային ճգնաժամը ծավալվում է համընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Այդ գործընթացների ուղղվածությունն ու ընդհանուր տրամաբանությունն էլ հուշում են, որ ռուս-թուրքական դիմակայությունն առաջիկայում շարունակելու է ծավալվել՝ ընդգրկելով ոչ միայն նոր ոլորտներ, այլև նոր տարածաշրջաններ: Այսօր կարող եմ ընդամենն ասել, որ, ամենայն հավանականությամբ, այս ճգնաժամն իր բարձրակետին կհասնի մեկուկես-երկու տարվա ընթացքում, իսկ թե դրանից որքան ժամանակ անց այդ լարվածությունը կպարպվի կողմերից մեկի տապալման շնորհիվ, կամ էլ կսկսի նվազել աշխարհաքաղաքական նոր իրողությունների ձևավորման արդյունքում՝ այժմ անհնար է ստույգ կանխատեսել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, դեռ որքա՞ն կշարունակվի այդ երկու պետությունների հարաբերություններում առկա ճգնաժամը:

Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորների կողմից նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչին` կապված 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու հետ (որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը)՝ Ա. Մելիքյանը նախ ընդգծեց, որ անչափ խորհրդանշական է այն, որ 1921 թվականին Մոսկվայում կնքված բոլշևիկա-քեմալական պայմանագրի չեղարկման առաջարկով հանդես է եկել հենց այն կուսակցության ներկայացուցիչը, որի պարագլուխներն էլ հենց, ժամանակին այդ պայմանագիրն ստորագրելով, հանձն առան դրա հակահայկական դրույթների մասով ապահովել Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությունն ու հնազանդությունը: «Եթե ռուսական կողմը պաշտոնապես չեղարկի այդ պայմանագիրն, ապա դա կդառնա մեր տարածաշրջանում անկայունության ծավալման խթան հանդիսացող գործողություն: Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ, այդուհանդերձ, Կրեմլի կողմից այդ պայմանագրի չեղարկումն ընդամենը գործընթացների ծավալման համար նախադրյալներ ստեղծող մի քայլ կլինի, իսկ իրական խառնաշփոթը կսկսվի միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դուրս գա Կարսի պայմանագրից»,- դիտարկեց քաղաքագետը` հավելելով, որ պաշտոնական Երևանը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկի ռուս կոմունիստների այս նորօրյա նախաձեռնությունն ու գտնի դրանից բխող մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք հակազդեցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու ռազմական լուծումները»:

28011 | 0
Facebook