Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչի՞ ես իրա հետ նկարվել, չգիտե՞ս՝ ինքն ով ա, ում տղեն ա…». մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողին աշխատանքից ազատելու դեպքից

15:51, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Ինչի՞ ես իրա հետ նկարվել, չգիտե՞ս՝ ինքն ով ա, ում տղեն ա…». մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողին աշխատանքից ազատելու դեպքից

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պետք է 2015-ի նոյեմբերի 5-ին տեղի ունենար խաղաղ հավաք և երթ, իսկ երթի իրազեկումը ներկայացրել էի ես, քանի որ ընկերս` Շահեն Հարությունյանն անչափահաս է: Առաջին անգամ ինձ զգուշացվեց այդ հավաքից հետո. «Ինչի՞ ես մասնակել, քո հարցը շատ լուրջ է, հասել է վերևներ, նախարարն է այս հարցով հետաքրքրված»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմայնանն, ով աշխատում էր ՀՀ ՊՆ N Զորամասում:
     Նրան առաջարկում են ընտրության 2 տարբերակ. «Ինձ ծանոթացրին իրավիճակին, զգուշացրին, որ ինձնով հետաքրքրված են բարձրաստիճան անձինք և առաջարկեցին երկու տարբերակ` կամ մնալ և շարունակել ծառայությունը կամ հեռացվել աշխատանքից և զբաղվել իմ ընտրած պայքրով: Որոշելու համար ինձ տվեցին 10 րոպե ժամանակ: Հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը՝ մտածեցի, որ ես իմ պետությանն ավելի օգտակար կլինեմ իմ ծառայությամբ: Բացի այդ գիտեի, որ եթե ասեմ՝ չեմ մասնակցելու պայքարին, բայց գնայի, երթի ժամանակ խնդիրներ էին առաջանալու: Ապահովության համար ասացի, որ շարունակում եմ ծառայությունը»,- մեզ հետ զրույցում պատմեց Տիգրանը:

«Դեպքից 2 ամիս հետո, երբ մարտական դիրքերից վերադարձա, զորամասից կանչեցին: Մտա հրամանատարի մոտ, նա ինձ ներկայացրեց իմ ֆեյսբուքյան էջի գրառումներն ու լուսանկարները և ասաց, որ հակապետական կոչեր և հակաիշխանական գրառումներ եմ անում համացանցում: Հետո անդրադարձավ Շահեն Հարությունյանի հետ լուսանկարին, ասաց. «Ինչի՞ ես իրա հետ նկարել, չգիտե՞ս՝ ինքն ով ա, ում տղեն ա…»»:
     «Հրամանատարը խորհուրդ տվեց դիմում գրել ու ինքնակամ ազատվել աշխատանքից, որպեսզի չհեռացնեն: Ես գրեցի աշխատանքից ազատման զեկուցագիրը: Եվ, եթե սովորաբար զեկուցագիրը հաստատվում է այն ներկայացնելուց հետո ոչ շուտ, քան 1 ամիսը, իմ զեկուցագիրը հաստատվեց ընդամենը 15 օրում»,- նշեց մեր զրուցակիցը:
     «Ցավալի է, ինչի դեմ ես պայքարում էի` անարդարության, դարձա դրա զոհը»,- ընդգծեց Տիգրանը: Նա ներկայում չի աշխատում, զբաղվում է ուսմամբ, իսկ պայքարելու պատրաստ է ամեն պահի: «Այս դեպքից հետո ավելի ուժեղ եմ պայքարելու»,- ամփոփեց Տիգրան Մազմանյանը:

Նշենք նաև, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանին աշխատանքից հեռացնելու մասին հարցին, ասաց. «Կարծում եմ, որ այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի և չեմ կարծում, որ այդ հիմքն ունի Տիգրանը, որ մեղադրի զինված ուժերի ղեկավարությանը: Ինքն զբաղվել է քաղաքականությամբ, զինված ուժերն այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել ևս մեկ անգամ զգուշացվել է: Նա իր ցանկությամբ դուրս է եկել բանակից և ասելու որևէ բան չունեմ»:

8489 | 2
Facebook