Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեսուչը պարտավոր է առանց գումար գանձելու խնդիրը վերացնել». Արմեն Պողոսյանը` քաղաքացիների «դռները ծակելու» դիմաց տանտիրոջից գումար վերցնելու մասին

16:05, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Տեսուչը պարտավոր է առանց գումար գանձելու խնդիրը վերացնել». Արմեն Պողոսյանը` քաղաքացիների «դռները ծակելու» դիմաց տանտիրոջից գումար վերցնելու մասին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապրող Գարեգին Գաբրիելյանը նամակով դիմել է MAMUL.am-ի խմբագրություն` ահազանգելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեսուչները փականագործների հետ մտնում են քաղաքացիների տները, պահանջում դռների վրա անցքեր բացել և այդ գործողության դիմաց գումար են պահանջում:
    
«Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներին թալանելու նոր եղանակ է մտածել: Այս օրերին բնակիչներին են այցելում գազի տեսուչները փականագործների հետ և պահանջում են տան դների վրա անցքեր բացել՝ իբրև թե օդափոխանակություն ապահովելու համար: Այդ գործողության դիմաց նրանք մարդկանցից գումար են գանձում: Եթե քաղաքացին բողոքում է, որ թույլ չի տա իր տան գույքն առանց պատճառի փչացնել, տեսուչները սպառնում են, թե կանջատեն գազամատակարարումը: Ձմռան կեսին ջեռուցումից զրկվելու վտանգի առաջ ոմանց այլ բան չի մնում, քան տեղի տալ»,- բաց նամակում գրել է քաղաքացին:
     Նա նաև նշել է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գործող «Գազպրոմի» համապատասխան ծառայության պետ Գ. Սարգսյանի ստորագրությամբ, ծանուցագրեր է տարածվում, որտեղ ասվում է, թե իբր բնակարաններում չեն պահպանվում անվտանգության կանոնները և դռները ծակելն ու գումար գանձելը արվում է այդ նպատակով: Նախ նկատեք, որ անվտանգության խնդիրներով պիտի զբաղվի ոչ թե «Գազպրոմ»-ը, այլ «ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ն, ով տարվա ընթացքում կլորիկ գումարներ է գանձում այդ նպատակով՝ ոչինչ չանելու դիմաց: Գազի տեսուչները չունեն մարդկանց տները մտնելու, գույք փչացնելու և փող հավաքելու լիազորություն»:
     MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ և փորձեց պարզաբանում ստանալ:
     ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հսկիչների և «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի փականագործների կողմից խախտման արձանագրությունների կազմման գործընթացը և դրանից բխող գազամատակարարման դադարեցումը հետապնդում են բացառապես բաժանորդների անվտանգությունն ապահովելու նպատակ և նրանց կողմից կազմված արձանագրությունները տուգանք կամ ֆինանսական որևէ տույժ չեն ենթադրում: Տեսուչն իրավունք չունի խախտման դեպքում գումար պահանջել բնակչից, խախտման արձանագրությունները կազմվում են «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի մասնագետների կողմից՝ թերությունների կամ խախտումների հայտնաբերման դեպքում, և փոխանցվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոնց հիման վրա ընկերության աշխատակիցները կարող են դադարեցնել տվյալ բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասաց Սարդարյանը:
     Խնդրի առնչությամբ, մեր թղթակիցը զրուցեց նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով կարծիք հայտնեց, որ նշված խնդիրը Հայաստանում չլուծվող հարց է: «Պայմանագրում գրված է, որ դուռը պետք է ունենա անցք, բայց չի գրված, թե այդ անցքն ում գումարով պետք է արվի: Մեր երկրում կարգն այնպիսին է, որ տանտիրոջ միջոցներով պետք է այդ հարցը լուծվի: Կան բաներ, որ տեսուչի պարտականությունն է, և տեսուչն առանց որևէ գումար գանձելու խնդիրը պետք է վերացնի»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ դռան վրա անցք բացելը կամ նմանատիպ այլ աշխատանքները տեսուչի կողմից պետք է անվճար արվեն, ինչը չի արվում: «Այժմ մենք պնդում ենք, որ ներտնային սպասարկման աշխատանքներն իրականացնող տեսուչի` տանտիրոջ հետ ունեցած պայմանագրում անհրաժեշտ փոփոխություններ արվեն: Պետք է այնտեղ մի շարք կետեր ևս ավելացվեն, կամ էլ` պետք է հստակեցնեն, թե ո՞վ պետք է գումարը վճարի: Եթե քաղաքացին է վճարելու, ուրեմն գումարի չափը պետք է նվազեցնեն»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

5135 | 0
Facebook