Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չի կարելի պաշտոն տալ կոռուպցիայի մեջ թաղված մի մարդու, ով ձախողել է ՀՀ տնտեսությունը». Հրանտ Բագրատյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին

12:36, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Չի կարելի պաշտոն տալ կոռուպցիայի մեջ թաղված մի մարդու, ով ձախողել է ՀՀ տնտեսությունը». Հրանտ Բագրատյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին
     «Ես ԵՏՄ-ի երկրպագու չեմ եղել ու հիմա էլ չեմ: Այդտեղ որևէ հեռանկար չեմ տեսնում ՀՀ տնտեսության համար: Երկիրն արդեն մի տարի ԵՏՄ-ում է, ապրանքները հարկվում են այնպես, ինչպես առաջ էին հարկվում: Խոսքը վերաբերում է սահմանին ԱԱՀ-ին, մի զգալի չափով մաքսատուրքերին և այլն: Տատյանա Վալովայան պետք է գար, ասե՞ր, ես քանի՞ անգամ եմ ասել: Էդ կինը նույնիսկ զարմացել էր, եթե մտել ենք ԵՏՄ, ապրանքը՝ տարբերություն չկա՝ Մոսկվայից Երևան ա գալիս, թե Հրազդանից՝ Երևան, ոչ մի ձևակերպում, ոչ մի գնի սահմանում մաքսային մարմինների համար, բայց ինչ ուզում, անում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
    
     Հիշեցնենք՝ «ՀԺ»-ն այսօր գրել էր, որ ավելի քան 1 տարի ՀՀ հարկային մարմինները մեր քաղաքացիներից մեծ ծավալի ապօրինի հարկեր են գանձել: «Սա պարզվել է երեկ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի մի ուշագրավ հայտարարությունից: ԵՏՄ նախարարի ասելով, Հայաստանի այդ կառույցին միանալուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է գանձվի ավելացված արժեքի հարկ: Այս մասին նա հայտարարել էր երեկ Երևան-Մոսկվա-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ:
     Սա ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի պահանջն է, սակայն մեր հարկային ծառայությունը համառորեն ավելի քան մեկ տարի շարունակ գանձել է այդ հարկը», հավելել էր թերթը:
    
     Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու հարցին՝ Բագրատյանն ասաց, որ բացասական է վերաբերվում այդ նշանակմանը: «Չի կարելի նման պաշտոններ առաջարկել կոռուպցիայի մեջ թաղված մի անձնավորության, որը ձախողեց ՀՀ տնտեսությունը, հայտնի է օֆշորային սկանդալներով, «Նաիրիտ»-ի անհասկանալի պատմությամբ: Ամենայն հավանականությամբ, մենք կդիմենք Պուտինին էլ, Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ՝ ասելով այդ մասին: Սա նախանձ չէ, ուղղակի ինձ զարմացնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարելն ու Սարգսյանին այդ պաշտոնին նշանակելը»,- հավելեց Հ. Բագրատյանը:
4100 | 1
Facebook