Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

13:21, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմ մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»,- այսպես է բնորոշել Վահան Տերյանին Վալերի Բրյուսովը:

Տերյանը գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող` այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը: Նա առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն: Նա ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Սովորում է Լազարյան ճեմարանում, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից։ Այնուհետև հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

Տերյանը ծանր հիվանդության պատճառով 35 տարեկան հասակում հեռանում է կյանքից, թողնելով անջնջելի հետք հայ քնարերգության մեջ:

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն... Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»,- ասել է Ավետիք Իսահակյանը:

4143 | 0
Facebook