Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սոս Գիմիշյանի դիտարկումներն Արամ Սարգսյանին` Սերժ Սարգսյանի տված խոստման վերաբերյալ

17:58, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Սոս Գիմիշյանի դիտարկումներն Արամ Սարգսյանին` Սերժ Սարգսյանի տված խոստման վերաբերյալ

Օրերս «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն` անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դեպքերին, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խոստովանել է, որ դա կազմակերպված էր, և մի օր պիտի ասի, թե ով էր դա կազմակերպել: Նա բառացիորեն ասել է. «Ես առ այսօր պայքարել եմ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ պայքարել եմ ճշմարտության համար: Ես փորձել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»,- ասել է Արամ Սարգսյանը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի և Արամ Սարգսյանի միջև այդ խոսակցությունը հավանաբար վաղուց է եղել, երբ երկուսն էլ «իշխանության մեջ էին», իսկ թե ինչո՞ւ է Արամ Սարգսյանն այսօր հիշել և բարձրաձայնում, դժվարացավ պատասխանել: Մեր դիտարկմանը, թե ստացվում է` Ս. Սարգսյանն Ա. Սարգսյանի հետ այնքան մտերի՞մ է եղել, որ նման գաղտնիք է կիսվել, արձագանքեց, «Ստացվում է` այո, որ այդպես է»:

Մեր թղթակիցը Ս. Գիմիշյանից հետաքրքրվեց նաև մարտի 1-ին` «Նոր Հայաստանի» կողմից կազմակերպվող հանրահավաքի մասին, թե ինչ սպասելիքներ ունի վերջինը: Հարցին, թե ի՞նչ զարգացումներ է կանխատեսում, ասաց. «Չեմ կարող ասել ինչ զարգացումներ կլինեն: Միշտ ողջունել եմ ցանկացած պայքարի ձև, միջոցառում. կարևորը` այդ քայլերը լինեն հանուն երկրի, ժողովրդի: Հաջողություն եմ մաղթում բոլորին. պարզապես վստահ եմ` ցանկացած խնդրի մի փոքր բարձրացում, մի փոքր պայքար, դա հօգուտ երկրի, ժողովրդի է, և հույս ունեմ, որ շատ լավ կլինի: Ես նրանց հաջողություն եմ մաղթել, հիմա էլ եմ մաղթում»:

ԱԱԾ-ի կողմից վերջին գործողությունների հետ կապված` մեր զրուցակիցը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ ձերբակալված հանցավոր խմբի «մասնակից-կազմակերպիչներն» այսօր ազատ են արձակվել, իսկ նրանք, որոնց դեմ պարզապես ցուցմունք են տվել, մինչ օրս անազատության մեջ են, ասաց. «Կազմակերպիչները ցուցմունք են տվել, որի հիման վրա իմ ընկերներին են նաև տարել: Կազմակերպիչներին բաց են թողել, իմ ընկերները դեռ ձերբակալված են»,- ասաց Գիմիշյանը` կարծիք հայտնելով, որ իշխանությունը ճիշտ կանի, որ ազատ արձակի նրանց. «Ես որքան հասկանում եմ` այդ կազմակերպիչները շատ լայն շրջանակների մարդկանց հետ են հանդիպել, այդ շրջանակում կան մարդիկ, որոնց անգամ Ս. Սարգսյանն է լավ ճանաչում: Նա կա´մ պետք է նրանց էլ ձերբակալի, կա´մ գոնե պիտի բացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ այս մի խումբ մարդիկ ձերբակալված են, մյուսները` չէ»,- ասաց նա` դիտարկելով, որ այս հարցում իշխանությունը ծանր վիճակում է հայտնվել:

Թե որն է այդ վիճակից դուրս գալու ելք, մեր զրուցակիցը մատնանշեց. «Լավագույն լուծումն այն կլիներ, և դա, որպես հասարակության հետ համերաշխության, այսպես ասած` բարի կամքի ցուցաբերում կլիներ, եթե մեր ընկերներին էլ ազատեին, բայց դա չեմ ուզի երբեք կապել մարտի 1-ի հետ»:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Վահան Շիրխանյանին: Հնարավո՞ր է նրանց էլ ազատ արձակեն, ինչպես մյուսներին, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այդպես էլ կլինի. «Ես հույս ունեմ, որ իշխանությունները պետք է ազատ արձակեն նրանց, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ է ստեղծվում երկրում»:

Գիմիշյանի խոսքով` իր ընկերներին ազատելու ևս մեկ տարբերակ կա, որը կարող է տեղի ունենալ պայքարի, իշխանափոխության արդյունքում. «Այս դեպքում, իհարկե, մեր ընկերները կազատվեն, բայց կարծում եմ, որ առանց դրան էլ պետք է իշխանությունը այդ քայլին գնա: Կարծում եմ` կգնա, որովհետև աբսուրդային վիճակ է` ովքեր ուղղակի մասնակից կազմակերպիչ են եղել, նրանց ազատ են արձակել, իսկ ում վրա այդ կազմակերպիչները ցուցմուքն են տվել` նրանք ձերբակալված են: Սա աբսուրդ է, էլ չգիտեմ ինչպես գնահատեմ: Բազմաթիվ անհասկանալի հարցեր կան, որոնք խելագարության են հասցնում»,- եզրափակեց Սոս Գիմիշյանը:

5905 | 0
Facebook