Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

90-ամյա Արամ պապը` ցեղասպանության և իր տոհմի մասին

14:25, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
90-ամյա Արամ պապը` ցեղասպանության և իր տոհմի մասին

«Հայրս` Կարապետը, ծնվել է Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար քաղաքի Մշագնոց գյուղում, 1894 թվականին: Մեկ տարի հետո ծնվել է հորեղբայրս` Հարությունը: 1896-ին ջարդեր են լինում Շապին Գարահիսարում, որի ականատեսն է դառնում երկամյա հայրս»: Այսպես սկսեց իր գերդաստանի պատմությունը 90-ամյա Արամ Բուլությանն, ով Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ի նախաձեռնությամբ եկել էր ներկայացնելու կոտորածների հետևանքները կրած և թափառական դարձած իր գերդաստանի պատմությունը:

«Մի օր գյուղում տեղեկանում են, որ 2 հայ են սպանել գետի կամրջի մոտ: Գնում, տեսնում են, որ մեկը պապս է, մյուսն էլ` հորս պապը: Հայրս և հորեղբայրս զրկվում են իրենց հորից և պապից:1914 թվականին, թուրքերը գյուղ են հասնում և հայտնում, որ պատերազմի պատճառով պետք է տեղափոխեն հայերին: Պատրաստվելու համար ընդամենը 2 ժամ են տալիս: Գյուղացիները խուրջինների մեջ ուտելիք, հագուստ են լցնում և բեռնում ավանակներին: Այդ ժամանակ հորս կինն` Ալմաստը, ով հղի էր, խնդրում է հորս` թույլատրել իրեն` գնալ ծնողներին հրաժեշտ տալու: Ալմաստը գնում է և այնուհետ կորում»,- շարունակեց Արամ պապը:


     Բուլությանների գերդաստանը մյուս հայերի հետ միասին թուրքերի հսկողությամբ դուրս է գալիս գյուղից: Երեկոյան, երբ առանձին նստում են հաց ուտելու, տեսնում են, որ մի ձիավոր թուրք է անցնում: Հեռվից նկատում է Կարապետին և մոտը կանչում: Թուրքը հայտնում է, որ իրենց տանում են կոտորելու: Առաջարկում է փրկել Կարապետի և մյուս 14 հոգու կյանքը, եթե միասին գան իր մոտ աշխատելու. ցորենները հասել էին, պետք էր քաղել:
     «Հայրս իր ազգականներին հայտնում է թուրքի առաջարկի մասին: Համաձայնում են: Առավոտյան թուրքը ձիուն նստած գալիս է: Մեկ էլ հայրիկս տեսնում է, որ ազգականները որոշում են գնալ: Ասում է. «Ա՛յ ժողովուրդ, մենք թուրքին խոսք ենք տվել, ո՞ւր եք գնում: Գնացե՛ք, մենք չենք գալիս»:

Հայրս, հորեղբայրս և տատս գնում են քանդված տների մեջ թաքնվում, մինչև թուրքը գա: Թուրքը գալիս է, տեսնում, որ բոլորը գնացել են: Հայրս այդ պահին դուրս է գալիս և հայտնում, որ իրենց գերդաստանը գնացել է: Թուրքը Հարությունին նստեցնում է ձիուն և ասում, որ իրեն տանի այն մարդկանց մոտ, ովքեր խոստացան ու չեկան: Գնում, տեսնում են` նախճիր է տեղի ունեցել. մարդկանց կոտորել էին: Մերոնք թուրքի հետ նրա գյուղն են ուղևորվում: Երեքով սկսում են աշխատել գյուղում` քնելով կտուրներին: Մոտ մեկ ամիս այսպես շարունակվում է»:

Արամ պապը պատմեց, որ երբ մի օր էլ բարձրանում են կտուր` քնելու, Կարապետի քունը, չգիտես ինչու, չի տանում: Հանկարծ ձայն է լսում. թուրքը խոսում էր իր տղայի հետ: Տղան ասում էր հորը, որ հայերը իրենց գործն ավարտել են, էլ իրենց պետք չեն, և հարկավոր է նրանց վերացնել: Կարապետը իր լսածի մասին հայտնում է մորը, ով զարմանում է և սկզբում չի հավատում` մտածելով, որ լավ մարդիկ են, այդպիսի բան չեն անի: Ի վերջո, որոշում են փախչել և գիշերով ճանապարհ են ընկնում:
     Մացառների մեջ մտնելով` հանգստանում են: Մեկ էլ տեսնում են, որ այդ տան թուրքերը ձիերով եկել են իրենց փնտրելու: Կարապետն ասում է, որ լուռ մնան: Թուրքերը գոռում են. «Ա՛յ հայեր, դուրս եկեք, մենք ձեզ ոչինչ չենք անի»: Հայերին չգտնելով` հետ են վերադառնում:

«Հայրս և հորեղբայրս իրենց մոր հետ հասնում են քրդերի գյուղ և ներկայանում որպես քուրդ: Բնակիչները մերոնց լավ հյուրասիրում են: Երբ շարունակում են ճանապարհը, հասնում են մի թուրքական գյուղ, որը շրջանցել չէին կարող: Այդ գյուղի թուրքերը մերոնց ընդունում են, գիշերը տեղ տալիս: 10 օր այնտեղ մնալուց հետո հորեղբայրս, ում մոտ կոտորածների պատճառով վախ էր առաջացել, հիվանդանում է և մահանում: Թուրքերը գնում հույների գյուղից հոգևորական են բերում, պատշաճ ձևով թաղում կազմակերպում: Հայրս մոր հետ ճանապարհը շարունակում է և հանդիպում մի հարուստ թուրքի: Թուրքը հայտնում է, որ իրենց չի վնասի, բայց փոխարենը պիտի ծառայեն իրեն: Հայրս գյուղատնտեսական գործերով է զբաղվում, իսկ մայրը` խոհանոցում աշխատում: Մի օր էլ լուր է հասնում, որ եկել է Թոփալ Օսմանը: Վերջինը մի շատ դաժան մարդ էր, իր ջոկատներով գյուղեգյուղ ման էր գալիս, հայեր տեսնելիս սպանում: Հարուստ թուրքը դիմավորում է նրան, հյուրասիրում: Այդ ժամանակ հայրս մյուս հայերի հետ կատարում է տանտիրոջ հրամանները: Օսմանը նկատում է հայերին, բայց տանտերը` կաշառելով, խմացնելով համոզում է, որ թողնի հայերին իր մոտ աշխատեն: Այդ տանը դեռ երկար են մնում»:
     «Անցնում է որոշ ժամանակ, հորս բռնում են, տանում աշխատանքային զորամաս` որպես զինվոր: Երբ հասնում են Կարս, մուրճի ձայն է լսում: Հայրս տեսնում է, որ իր հորեղբոր տղա Գրիգորն է: Գրկախառնվում են: Հորս տալիս է լավ շորեր և գումար: Սա մոտավորապես 1918 թվականին էր: Հայրս կրկին վերադառնում է իր մոր մոտ: Զորամասում տարածվում է Կարապետի փախչելու լուրը և նրան բռնում են` այս անգամ տանելով Սեբաստիա: Հորս բանտարկում են` տալով 101 տարի: 2 ամիս հետո նրան ազատ են արձակում, և հայրս մոր հետ կրկին ճանապարհ է ընկնում»:
     Գյուղերից մեկում գյուղացիները պատմում են, որ իրենց մոտ է մի 2-ամյա հայ աղջիկ, ում թուրքերը կապել էին ավանակի վրա: Կապուտաչյա աղջկա անունը Բալաս է լինում: Նրան էլ իրենց հետ վերցնելով շարունակում են ճանապարհը»:
     Հետաքրքիր է նաև Կարապետի և նրա ապագա կնոջ հետ հանդիպումը, ովքեր միմյանց հանդիպում են ճանապարհի գյուղերից մեկում: Սալվին Էրզրումից էր, 18-19 տարեկան: Նրան ևս իրենց հետ են վերցնում և ճանապարհ ընկնում: Կարապետը Սալվիին պատմում է իր առաջին կնոջ` Ալմաստի անհետանալու մասին, որից հետո որոշում են միասին կապել իրենց հետագա կյանքը: Ի վերջո, 1920 թվականին իրենց հայրենի գյուղ են հասնում, որտեղ գյուղացիները անմիջապես հող, ոչխար, եզ են տալիս: Կարապետը կրկին տիրանում է իր պապական տանն ու տարածքներին: Չորս հոգով` Կարապետն իր կնոջ հետ, մայրը և Բալասը միասին ապրում են այդտեղ: Ծնվում է նրանց զավակը` Հարությունը: Մի քանի տարի հետո էլ աղջիկ են ունենում:

«Հայրս լսում է, որ Սեբաստիայում կա հայրենակցական միություն, որը կազմակերպում է գաղթ դեպի Երևան: Գնում է նրանց մոտ և հայտնում իր ցանկության մասին, ասելով, որ լսել է, թե Երևանում հավերը ածում են պատերի տակ, բայց ձուն հավաքող չկա: Նրանք խորհուրդ են տալիս Կարապետին, որ չթողնի գնա. հող ուներ, անասուններ: Հայրս մի շատ լավ պատասխան է տալիս. « Շունը շունա, մի օր կկծի»: Հենց լսում են, ասում են` գնա` ընտանիքդ հավաքիր: Ունեցվածքը վաճառում են, եղածը հավաքում, պատրաստվում: Յոթ հոգով, այդ թվում` ես, ճանապարհ ենք ընկնում: Հայրս Անդրանիկի այգին է մտնում, իր հետ հող վերցնում: Վերադառնում ենք Երզնկայով, Սասունով: Տրապիզոնում մեզ կանգնեցնում են և չեն թողնում շարունակել ճանապարհը: Որոշ ժամանակ` հագուստ լվանալով, շուկային տարբեր իրեր հանձնելով, գոյատևում ենք: Ընթացքում այդտեղի հայերի հետ անընդհատ դիմումներ ենք տալիս, որ թույլատրեն Երևան հասնել: Ի Վերջո, 6 ամսով թույլատրում են գնալ և վերադառնալ: Մոտ 100 հոգով, երբ մոտենում ենք նավերին, հրամայում են, որ ողջ ունեցվածքը նետեն տախտակամածը, այլապես կշրջեն նավերը: Մայրս «խորամանկություն» է անում. երկու վերարկու իրար վրա է հագնում: Հասնում ենք Բաթում: Առավոտյան վրացիները հրացաններով դիմավորում են: Իմանալով, որ Երևան ենք գնում, մեզ տանում են գնացքի դատարկ վագոնները: Երբ տեղեկացնում են, որ Երևան մարդիկ են գալիս, հայտնում են, որ մարդ չբերեն` Երևանում սով է: Մեզ իջեցնում և տեղավորում են Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի գոմերի մեջ: Ամեն առավոտ սև հաց էին բերում: Մտածում ենք` «Ա´յ մարդ, սա ի՞նչ բանա, մենք եկանք Երևան ձու ուտելու»:

Մայրիկս էլ այդ ժամանակ տենդով է հիվանդանում». պատմեց Արամ պապը:

Այնուհետև, իմանալով ազգականներից մեկի հասցեն, նրանց ընտանիքը ուղևորվում է Երևան, որտեղ 13-14 հոգով բնակվում են Նար-Դոս փողոցում գտնվող մի տանը և ինչպես մեր պատմության հերոսն է ասում` «նրա գլխին» հետո տուն են կառուցում և շարունակում ապրել այնտեղ:
     Արամ պապը նշեց, որ հայրը չէր պատմում իրենց գերդաստանի պատմությունը: Երբ հավաքվում էին մեծերով, սկսում էին հիշել իրենց դժվարին օրերը` նա դռան ետևից ականջ էր դնում և իր մոտ նշումներ անում: Այսպես էլ Արամ պապը գրառել է իր գերդաստանի պատմությունը, որն ուղղակիորեն կրել է ցեղասպանության դառը հետևանքները: Նա մի երազանք ունի հիմա. իր և հոր հուշերը վերածել գրքի` ավելի շատ մարդկանց տեղեկացնելով իր տոհմի պատմության մասին: 90-ամյա Արամ պապը դեռ չի կորցրել հույսը, որ մի օր կտեսնի նաև իր հայրենի Շապին Գարահիսարը:

4338 | 0
Facebook