Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նկարչությունը թիթիզ աղջկա նման է, մի օր ուշադրություն չես դարձնում, նեղանում է». Հարութ Հովսեփյանի արվեստանոցում

16:21, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
«Նկարչությունը թիթիզ աղջկա նման է, մի օր ուշադրություն չես դարձնում, նեղանում է». Հարութ Հովսեփյանի արվեստանոցում

«Նկարել եմ փոքր տարիքից, բայց ավելի լուրջ սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Հասկացա, որ պետք է շարունակեմ և ընդուվեցի Թերլեմեզյան… ընտանիքս կողմ էր, ծնողներս երբեք չեն փորձել իրենց չիրականացած երազանքները մեր միջոցով իրականացնել»,- MAMUL.am-ի թղթացի հետ զրույցում պատմեց Հարութ Հովսեփյանն, ում համոզմամբ` նկարչությամբ զբաղվելն իրականում բարդ է, քանի որ ժամանակ չի մնում անձնական կյանքով զբաղվելու համար:

Հարութ Հովսեփյան
Հարութ Հովսեփյան

     «Նկարչությունը շատ էգոիստ է, այն թիթիզ աղջկա նման է, մի օր ուշադրություն չես դարձնում, նեղանում է, պատրաստ է հետդ կռիվ անել»,- անկեղծացավ նկարիչը: Հարութը ծնունդով Աբովյանից է, այժմ սովորում է Գեղարվեստի Պետական Ակադեմիայում: Նրա բնորոշմամբ` նկարչությամբ ապրելը հաճույք է: «Պետք է քո արվեստը սիրողներին չդնես հիմարի տեղ, ամեն ինչ պետք չի մատչելի ցույց տալ, ասել, որ սա տանձ է, սա` խնձոր: Վերջին հաշվով, եթե նա եկել է ցուցահանդես, ուրեմն գրագետ մարդ է, պետք է տեղ թողնես, որ ինքը մտնի քո աշխարհ, իր աշխարհը պատկերացնի քո նկարի մեջ»,- համոզված է նկարիչն, ով հիմնականում թաքցնում է իր ներքին ապրումները: Իմ հիմնական թեման մարդն է, որովհետև մարդն առանձին տիեզերք է, կարող եմ իմ ապրումներն իր միջոցով ներկայացնել»:

Հարութի կարծիքով` այսօր Հայաստանում երիտասարդ ստեղծագործողների համար խնդիրները շատ են: «Պետության ամենավերին օղակից մինչև ներքևի օղակը` բոլորը խնդիրներ են, և մենք այդ շղթայի մեջ ենք: Ակադեմիայի ծրագրից սկսած խնդիր է, մասնագիտական ժամերը շատ քիչ են, շաբաթական ընդամենը 2 ժամ: Ցուցահանդես կազմակերպելու համար շատ ֆինանս է անհրաժեշտ, իսկ այսօր մշակույթի նախարարությունը չի օժանդակում»,- նշեց նա: «Եթե ես հնարավորություն ունեմ մեկ հատ յուղաներկ գնելու, ավելի ուժեղ ու կայացած նկարիչներ կան, ովքեր հնարավորություն չունեն: Ստիպված մտածում են մեկ այլ բնագավառում աշխատելու մասին, որ կարողանան գոնե անհրաժեշտ պարագաները ձեռք բերեն»:


     Նկարչի կարծիքով` այսօր Հայաստանում մարդիկ արվեստով հետաքրքրված չեն, որովհետև շատ խնդիրներ ունեն: Իրավիճակը փոխելու համար նա խոստովանեց, որ առաջին հերթին կփոխեր մշակույթի նախարարին և ամբողջ նախարարությունը: «Ի՞նչ են անում, ոչ մի բան…ո՞ւմ են օժանդակում. մեկ, երկու հոգու, ովքեր իրենց մարդիկ են: Նրանք նույնիսկ չգիտեն, թե պատկերասրահում ինչ արժեք ունենք: Մշակույթի նախարարն ինձ վրա ո՞նց կարող է ուշադրություն դարձնել, նրան շատ պե՞տք է, մտածում է`« երեխա է, վրձինն ու յուղաներկը վերցրել, նկարում է էլի»… առաջին հերթին երկրի գլուխը կփոխեի»,- ընդգծեց նա:

Նկարչի խոսքով` պետք է արվեստից հեռու մարդկանց շահագրգռել ու մոտեցնել արվեստին: «Պետք է մարդն իմանա իր արժեքների մասին, տպած նկարը տարբերի ձեռքի աշխատանքից: Նույնիսկ պատկերասրահում աշխատողները չգիտեն իրենք ինչ արժեք են պահում»,-մտահոգություն հայտնեց նկարիչը: Նրա կարծիքով` Հայաստանն այն զարգացած երկիրը չէ, որտեղ երաժշտությամբ կարող ես ինչ-որ բան փոխել, օրինակ` կառավարություն կամ իրավիճակ: «Այդ ամենն ազդում է իմ ուսման վրա: Ինձ դասավանդում են ուժեղ մասնագետներ, բայց դասի ժամին, ամենագլխավոր կետին հասնելու պահին դասն ավարտվում է, որովհետև մեր կրթությունը Եվրոպայից է ազդվել, Բոլոնյան համակարգը բերել է Հայաստան, մինչդեռ այնտեղ 50 տարի առաջ ավարտվել է»,- անկեղծացավ մեր զրուցակիցն, ով մտածում է երկրից հեռանալու մասին:

«Պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք և նյութականի հետևից չընկնենք, մարդիկ նյութականն առաջնային տեղում են դասում: Ես փորձում եմ իմ միջից մաքսիմալ վերացնել դա»,- անկեղծացավ նա: Հարութի կարծիքով` երիտասարդ ստեղծագործողները պետք է ակտիվ լինեն:

«Երբ ստեղծագործող մարդու մոտ ինքնագնահատականը ցածր է լինում, նա երբեք ոչ մի բանի չի հասնում: Այսօր հայ ընտանքիներում հաճախ ենք լսում նման խոսակցություններ. «Նկարչության մեջ փող չկա, ինչի՞դ է պետք»: Եթե դու հասկանում ես, որ «կրակն ես ընկել», այսինքն` նկարչության մեջ ես, ուրեմն դու սրա մեջ պետք է մնաս անկեղծ: Եթե ընկնես փողի հետևից, քո արվեստը տուժելու է»,- համոզված է նկարիչն, ով ապրում ու ստեղծագործում է իր թափթփված, փոքրիկ ու հին արվեստանոցում, առանց որի չի պատկերացնում իր կյանքն ու առօրյան:

Հեղինակ` Անի Մնացականյան
Լուսանկարներն` Անի Դարբինյանի
Հեղինակ` Անի Մնացականյան Լուսանկարներն` Անի Դարբինյանի

7356 | 5
Facebook