Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մարտի 1-ը բոլորիս համար ցավի օր է, բայց եթե այլ նպատակներ ենք հետապնդում` դա նոր ցավ է մեր հին ցավի վրա». Գառնիկ Իսագուլյան

13:35, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
«Մարտի 1-ը բոլորիս համար ցավի օր է, բայց եթե այլ նպատակներ ենք հետապնդում` դա նոր ցավ է մեր հին ցավի վրա». Գառնիկ Իսագուլյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

- Պարո´ն Իսագուլյան, այս օրերին, քաղաքական դաշտում, ամենից շատ քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի թեման: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երկու ուժերի միջև համագործակցությանն այն պարագայում, երբ ՀՀԿ-ն որպես մեծամասնական քաղաքական ուժ, պետք է, որ ՀՅԴ-ի կարիքը չունենար:

- Ցանկացած կոալիցիայի ժամանակ նման հարցերը բացառապես գտնվում են այն քաղաքական ուժերի իրավասության ներքո, որոնք միմյանց հետ համագործակցության որոշակի ձևեր են որդեգրում, և այդ առումով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը բացառապես ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի իրավասության շրջանակներում է: ՀՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ ինքը պատրաստակամ է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցել այն խնդիրների շուրջ, որոնք կարող են երկուստեք հետաքրքրություն ներկայացնել, և այժմ իրականացնում է այդ ծրագիրը:

- Ի՞նչ եք կարծում` երկարաժամկետ թե՞ կարճաժամկետ կլինի այս համագործակցությունը:

- Այս հարցը նույնպես վերաբերում է այն համատեղ ծրագրերին ու գործողություններին, որոնց շուրջ համաձայնության կգան ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Գուցե թե լինեն հարցեր, որոնք կկրեն կարճաժամկետ բնույթ, այնպես ինչպես չի բացառվում միջնաժամկետ և երկարաժամկետ համատեղ գործունեության ծրագրեր: Հայաստանում պետք է նման միավորումները ողջունելի լինեն, որովհետև կան բազմաթիվ առկա խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում, իսկ դրանց լուծմանը քաղաքական համաձայնությունները կարող են շատ ավելի գործնական նպաստ բերել:

- ՀՅԴ-ականներն ասում են, որ նույնիսկ «վարկաբեկվելու» գնով գնում են հայրենիքը փրկելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս «զոհողությունը»:

- Ցանկացած գործողություն, որը որոշակի ազդեցություն կարող է ունենալ քաղաքական կուսակցությունների վրա, առաջացնում է քաղաքական գործիչների զգացմունքային պոռթկումներ, և չեմ կարծում, որ որևէ չափավոր զգացմունքային արտահայտություն կամ նույնիսկ գործողություն այս պարագայում կարելի է դիտարկել վերոնշյալ ֆորմատից դուրս: Այնպես որ, նմանատիպ դրսևորումներին պետք է վերաբերվել շատ ավելի հանգիստ ու առանց նոր զգացմունքայնության:

- Կխնդրեի կարծիք հայտնեիք նաև ՄԻՊ-ի թեկնածուների վերաբերյալ: Օմբուդսմենի չորս թեկնածուների անուններն արդեն հայտնի են` Արման Թաթոյան, Զարուհի Փոստանջյան, Մակար Եղիազարյան և Նարեկ Ալոյան:

- Ես կարծում եմ՝ մենք չպետք է մտնենք մի դաշտ, որը Ազգային ժողովի իրավասության ներքո է: Կարծում եմ, այնտեղ թեկնածուների շուրջ կլինեն քննարկումներ, և Ազգային ժողովը կկայացնի իր որոշումը:

- Մարտի 1-ին «Նոր Հայաստան» շարժման կողմից կազմակերպվող հանրահավաքի մասին ի՞նչ զարգացումներ եք սպասում:

- Ես բազմիցս եմ ասել, որ մեր Նորագույն պատմության մեջ մենք ունենք թե´ հաղթանակներ, որոնցով հպարտանում ենք, և թե´ ծանր օրեր, որոնց համար բոլորս ցավում ու ափսոսում ենք: 2008թ. մարտի 1-ը մեր բոլորիս համար ցավի օր է, և եթե մենք որևէ միջոցառում ենք անում այդ օրվա զոհերի հիշատակի համար, դա խնդիր է և պարտք: Բայց եթե այլ նպատակներ ենք հետապնդում, դա նոր ցավ է մեր հին ցավի վրա:

3969 | 5
Facebook