Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անաստասիա Գալուստյանը՝ Եվրոպայի առաջնության անարդար մրցավարության, Մեդվեդևայի հետ հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին

17:28, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Անաստասիա Գալուստյանը՝ Եվրոպայի առաջնության անարդար մրցավարության, Մեդվեդևայի հետ հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին

Հունվարի 26-ից 31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Մենասահորդուհիների պայքարում Հայաստանն այդ ստուգատեսին ներկայացնում էր 16-ամյա Անաստասիա Գալուստյանը։ 24 մարզուհիների պայքարում Անաստասիան, մրցավարների «օգնությամբ», զբաղեցրեց 15-րդ տեղը։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Անաստասիան նշեց, որ գոհ է ելույթից, չնայած որ ավելի մեծ ակնկալիքներ ուներ․
     «Գոհ եմ ելույթիցս։ Երկար ու ջանասիրաբար պատրաստվել եմ առաջնությանը՝ պատվաբեր արդյունք ցույց տալու համար: Իհարկե, հույս ունեի, ավելի ճիշտ ակնկալում էի, ավելի բարձր գնահատականների արժանանալ։ Առաջնությանը մեկնում էի լավագույն հնգյակում հայտնվելու մտադրությամբ»,- նշեց նա։


     Տեսնելով Գալուստյանի գնահատականները՝ ռուս հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան ուղիղ եթերում մտահոգվեց անարդար մրցավարությամբ՝ նշելով, որ պատճառը Հայաստանի կողմից մրցավարի բացակայությունն է։ Գալուստյանը համամիտ է անվանի մասնագետի հետ․
     «Տատյանա Անատոլևնան իրավացի է, չեմ վիճում։ Ելույթիցս հետո շատ շատերը մոտենում էին ինձ և հայրիկիս (Գեորգի Գալուստյան՝ Անաստասիայի մարզիչ - խմբ․) միևնույն հարցով, թե ինչ տեղի ունեցավ։ Շատ ցավալի էր՝ արտասվելու չափ»,- նշեց Անաստասիան։
     Գալուստյանը, սակայն, չի ընկճվում։ Առջևում ձմեռային երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերն են։ Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում փետրվարի 12-ից 21-ը կայանալիք մրցաշարին Հայաստանը ներկայացնելու է նաև Անաստասիան․
     «Հիմա Մոսկվայում եմ։ Պատրաստվում եմ պատանեկան օլիմպիական խաղերին։ Լավագույն ակնկալիքներով եմ մեկնում Նորվեգիա։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կստացվի»։
     Խոսելով գլխավոր մրցակցի մասին՝ 16-ամյա մարզուհին նշեց, որ առաջին հերթին ինքն իրեն է համարում իր գլխավոր մրցակից։
     «Ինչպես բոլոր գեղասահորդներն, այնպես էլ ես, ինքս ինձ եմ համարում իմ գլխավոր մրցակից։ Իհարկե, ցանկություն կա ինչ-որ մեկից առաջ անցնել, բայց նախ պետք է առաջ անցնել ինքս ինձնից (խմբ․՝ ժպտում է)»։
     Անդրադառնալով Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնուհի հռչակված Ռուսաստանի ներկայացուցիչ հայազգի Եվգենիա Մեդվեդևային՝ Գալուստյանն ասաց, որ մոտ ընկերուհիներ չեն․ «Ուղղակի ջերմ ժպտում ենք միմյանց, բարևում։ Երբեմն ինչ-որ բան կարող ենք քննարկել՝ պարզապես կոլեգաների պես։ Մոտ չենք, ընկերուհիներ չենք»։

Խոսելով առաջիկա նպատակների մասին՝ Անաստասիան նշեց․ «Առաջիկա նպատակս մրցաշրջանը պատվով ավարտելն է։ Հետո արդեն կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Արդեն նոր ծրագրերի և կերպարների մտահղացումներ ունեմ»:

Անաստասիա Գալուստյան, ազատ ծրագիր, Եվրոպայի առաջնություն, 29.01.216թ.
6281 | 0
Facebook