Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Մեկ ամսից նոր պարզ կլինի` Շուշանիկ Բախշյանի փաստաբանի լիազորությունները կդադարեցվե՞ն, թե ոչ

15:06, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Մեկ ամսից նոր պարզ կլինի` Շուշանիկ Բախշյանի փաստաբանի լիազորությունները կդադարեցվե՞ն, թե ոչ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, պատրաստ է անել ամեն բան` զրկելու համար բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին արտոնագրից: Այս մասին ասաց նա` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում: «Մենք խիստ վրդովված ենք, նեղացած ենք Սիրունյանի` վերջին ասուլիսի ընթացքում թույլ տված բառերից ու արտահայտություններից: Նա ասում է, եթե գործի շրջանակներում մեկը դատվի, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու, կամ` Մերի Մարգարյանը, անկախ Բախշյանի գործողություններից, միևնույն է, մահանալու էր, սա ցենզուրայից դուրս հայտարարություն էր, ես մինչ այս պահը շշմած եմ»,- ասաց ծննդկանի հայրը:

ՀՀ փաստաբանների պալատից տեղեկացանք, որ դիմումը ստացվել է փետրվարի 1-ին և այն գտնվում է քննարկման փուլում: «Բողոքը ստանալուց մեկ ամսվա ընթացքում Փաստաբանների պալատի նախագահը կարող է հարուցել կարգապահական վարույթ կամ մերժել դրա հարուցումը»:

Շուշանիկ Բախշյանի պաշտպանն իր հերթին պարզաբանում է ներկայացրել Փաստաբանների պալատ.

«Հասկանում եմ, որ Վաղինակ Մարգարյանի համար ավելի ընդունելի կլիներ իմ հայտարարությունն այն մասին, որ Շուշանիկ Բախշյանը կդատվի: Սակայն փաստաբանական էթիկան բոլորովին այլ բան է հուշում»:

Նշենք, որ սույն գործով դեռևս միակ մեղադրյալ Շուշանիկ Բախշյանը դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել հունվարի 30-ին: Դատարանի սույն որոշման դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Շուշանիկ Բախշյանի փաստաբանի` Ալեքսանր Սիրունյանի համար այս բողոքարկումը ընդհանրապես անհասկանալի է: «Թող բողոքարկի, այս ամենը աբսուրդ է, մարդու ծիծաղ է գալիս, բողոքարկում են մի բան, երբ արդեն մարդու կալանքի որոշման հարցնն են քննարկել: Ինչ ուզում են թող անեն, հիմա ես վերաքննիչ դատին եմ անհամբեր սպասում»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Շուշանիկ Բախշյանին: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

3605 | 0
Facebook