Խնդրում ենք սպասել...

Միջազգային

31 հետաքրքիր փաստ՝ Կրիշտիանու Ռոնալդուի 31-ամյակին նվիրված

23:03, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
31 հետաքրքիր փաստ՝ Կրիշտիանու Ռոնալդուի 31-ամյակին նվիրված

Այսօր Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան օրն է։ Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն այսօր դառնում է 31 տարեկան։ Ռոնալդուն իր կարիերան սկսել է «Անդորինյա»-ում, որտեղ 2 տարի խաղալուց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է Պորտուգալիայի առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»։ 2003 թվականին նա գրավել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը։ Արդյունքում անգլիական ակումբը Ռոնալդուի համար վճարել է 12 մլն ֆունտ սթերլինգ։ 2009-ին Ռոնալդուն 80 մլն ֆունտ սթերլինգի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
     Հոբելյարի 31-ամյակի առթիվ ներկայացնում ենք 31 հետաքրքիր փաստ՝
     1. Ռոնալդուի լրիվ անունը Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանթուշ Ավեյրու է։ Իր երկրորդ անունը Կրիշտիանուն ստացել է ի պատիվ ԱՄՆ-ի այդ ժամանակ գործող նախագահ Ռոնալդ Ռեյգանի։ Դրա պատճառն այն է, որ ապագա աստղի հայրը Ռեյգանի դերասանական տաղանդի մեծ երկրպագուն էր։
     2. Կրիշտիանուն Ժոզե Դինիշա Ավեյրուի և Մարիա Դոլորես Դուշ Սանթուշ Ավեյրուի ընտանիքի կրտսեր զավակն է։ Նրա ավագ քույրը՝ 1974 թվականին ծնված Էլման, հիմա զբաղվում է «СR7» խանութների ցանցով։ 1975 թվականին ծնվել է Ռոնալդուի ավագ եղբայրը՝ Հյուգոն, ում թմրանյութերի չարաշահումներից հնարավոր է եղել բուժել եղբոր վաստակած գումարների շնորհիվ։ Երրորդն ընտանիքում ծնվել է Կատյան, ով Պորտուգալիայում բավականին հայտնի երգչուհի է։
     3. 2003-ի ամռանը Ռոնալդուն «Սպորթինգ»-ից տեղափոխվել է «Մանչեսթր Յունայթեդ»։ Քչերը գիտեն, որ պորտուգալացին կարող էր պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ։ Նա արդեն բուժզննում էր անցել իտալական ակումբում։ Սակայն վերջին պահին գործարքը չեղյալ հայտարարվեց և մի քանի օրից Ռոնալդուն տեղափոխվեց Անգլիա։
     4. Ռոնալդուն «Մանչեսթր Յունայթեդ»-ի առաջին պորտուգալացի ֆուտբոլիստն է եղել։ Ավելի ուշ թիմ է տեղափոխվել նաև Նանին։
     5. Ռոնալդուի մարմնին չկա ոչ մի դաջվածք։ Պատճառն այն է, որ Կրիշտիանուն արյան ակտիվ դոնոր է։ 2008-ին նա դարձել է «Կարմիր խաչի հաշիվ» ընկերության դեմքը՝ նկարահանվելով սոցիալական գովազդում՝ «Ես չունեմ դաջվածքներ, քանի որ դրանց առկայությամբ չի կարելի արյան դոնոր լինել» խորագրով։
     6. Նման փայլուն կարիերայով Ռոնալդուն պարտական է «Սպորթինգ»-ի բուժանձնակազմին։ Նրանք, պորտուգալացու մոտ հայտնաբերելով սրտի հիվանդություն, անհապաղ վիրահատել են 15-ամյա պատանուն՝ հնարավորություն տալով նրան շարունակել մարզական կարիերան։
     7. 2009/10 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության «Ռեալ» - «Խետաֆե» հանդիպման ընթացքում Ռոնալդուն կոտրել է ակումբի երկրպագուներից մեկի քիթը՝ գնդակը մրցակցից խլելու ընթացքում շեղ հարվածելու արդյունքում։ «Ռեալ»-ի բուժանձնակազմը տղամարդուն անհապաղ առաջին բուժօգնությունն է ցույց տվել, իսկ հանդիպման ավարտից հետո Կրիշտիանուն ինքն է մոտեցել երկրպագուին՝ նվիրելով իր մարզաշապիկը։
     8. 2011-ին Չիչեսթերի համալսարանի գիտնականները խնդրել են Ռոնալդուին մասնակցել կենսաքիմիական փորձի։ Արդյունքներն ապշեցրել են բոլորին։ Պարզվում է՝ Կրիշտիանուն ցատկում է 44 սմ տեղից, իսկ թափավազքից հետո՝ 78 սմ, ինչը 7 սմ-ով ավելի է NBA-ի բասկետբոլիստի արդյունքից։
     9. 1997-ին Ռոնալդուն հարազատ Մադեյրա կղզուց տեղափոխվել է Լիսաբոն՝ «Սպորթինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում մարզվելու համար։ Զուգահեռ նա հաճախել է նաև հանրակրթական դպրոց, որտեղ նրան հաճախ են ծաղրում՝ բարբառով խոսելու համար։ Դեպքերից մեկում, երբ նրան ծաղրել է ուսուցչուհին, ապագա աստղը վերցրել է ձեռքի տակ եղած աթոռը և նետել վերջինիս վրա։
     10. «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Ռեալ» Ռոնալդուի տրանսֆերը եղել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Մադրիդյան ակումբը պորտուգալացու համար 90,4 մլն եվրո է վճարել։
     11. Ռոնալդուն Անգլիայում թիվ 1 թշնամի է համարվել այն բանից հետո, ինչ «օգնել է» Ուեյն Ռունիին կարմիր քարտի արժանանալ։ Միջադեպը տեղի է ունեցել Անգլիա-Պորտուգալիա հանդիպման ընթացքում։
     12. 2003 թվականին Ռոնալդուն գրազ է եկել թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ, որ 2004/05 մրցաշրջանում 10 գոլի հեղինակ կդառնա։ Արդյունքում պարտվել է՝ հեղինակելով 9 գնդակ։
     13. Ռոնալդուն Անջելինա Ջոլիի մեծ երկրպագուն է։ Նա ունի դերասանուհու բոլոր ֆիլմերի ժողովածուն։
     14. Ասում են, որ Կրիշտիանուն ժամանակին ցանկանում էր հանդես գալ ոչ թե 7, այլ 28 համարի ներքո, սակայն մտափոխվել է։
     15. 2003-ին Կրիշտիանուն ճանաչվել է «Մանչեսթր Յունայթեդ» - «Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, սակայն չի կարողացել հետխաղյա հարցազրույց տալ՝ անգլերենին չտիրապետելու պատճառով։ Այդ դեպքից հետո Ռոնալդուն լրջորեն զբաղվել է անգլերենով։
     16. Մանկության տարիներին Ռոնալդուն կարող էր թողնել ֆուտբոլը, եթե նրա մայրիկը չպնդեր, որ որդին տեղափոխվի «Նասիոնալ»։
     17. Մանկության տարիներին Ռոնալդուն յուրաքանչյուր ազատ րոպեն ֆուտբոլ էր խաղում։ Եթե մոտակայքում գնդակ չկար, նա գնդակ էր պատրաստում գուլպաներից։
     18. Ռոնալդուն չի ուտում յուղատ սնունդ։ Նա նախընտրում է ձուկը, պաստան և սպիտակ միսը։
     19. Կրիշտիանուն խուսափում է մարդաշատ վայրերից։ Նա ինքնապարփակ մարդ է։
     20. 2007-ի փետրվարի 6-ին Ռոնալդուն առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով։ Դա հարգանքի տուրք էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, ով մահացել էր խաղից մի քանի օր առաջ՝ ցանկանալով, որ այսուհետ Ռոնալդուն լինի թիմի ավագ։
     21. Ռոնալդուի սիրելի ֆիլմերն են «Վեցերորդ զգացմունք»-ը և «Ժայռ»-ը։
     22. Կրիշտիանուի սիրելի դերասանուհին է Անջելինա Ջոլին, դերասանը՝ Ժան Քլոդ Վան Դամը։
     23. Ռոնալդուն դարձել է «Սպորթինգ»-ի պատմության միակ ֆուտբոլիստն, ով մեկ մրցաշրջանի ընթացքում կարողացել է խաղալ մինչև 18 տարեկանների, մինչև 21 տարեկանների, թիմի երկրորդ և հիմնական կազմերում։
     24. Հայրենիքում 10-ամյա Ռոնալդուն հասակակիցների կողմից ստացել է Քլյույվերթ մականունը, չնայած որ նա կցանկանար իրեն Մարադոնա անվանեին։
     25. 12 երկրի 12 հազար կանանց շրջանում անցկացրած հարցման արդյունքում Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի ամենահմայիչ ֆուտբոլիստ։
     26. Ռոնալդուն չունի վատ սովորություններ։ Նա ընդհանրապես չի խմում և չի ծխում։
     27. 2010 թվականի հունիսի 17-ին Կրիշտիանուն դարձել է միայնակ հայր։ Ֆուտբոլիստն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։
     28. Ռոնալդուն դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենաթանկ դեռահաս-ֆուտբոլիստը։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը Կրիշտիանուին վճարում էր 12 մլն ֆունտ սթերլինգ։
     29. Մարադոնայից հետո Ռոնալդուի կուռքը Լուիշ Ֆիգուն է։
     30. Մանկության տարիներին պորտուգալացին երկրպագել է «Բենֆիկա»-ին։
     31. Ռոնալդուն դարձել է իսպանական ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն, ով մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել Լա Լիգայի բոլոր թիմերի դարպասները։

8530 | 2
Facebook