Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոր Հայաստանը» կոչ է անում մարտի 1-ին դիմել միջազգային հանրությանը

16:53, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
«Նոր Հայաստանը» կոչ է անում մարտի 1-ին դիմել միջազգային հանրությանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը բոլորը ընդդիմադիր ուժերին կոչ է անում միավորվել` մարտի 1-ին համազգային հանրահավաք անցկացնելու նպատակով։

Երևանի Ազատության հրապարակում այսօր՝ փետրվարի 5-ին, հրավիրված ասուլիսին «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց բացի, հանրահավաքի մասնակիցները պետք է պահանջ ներկայացնեն Հայաստանում միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Անդրիաս Ղուկասյանը ճակատի անունից հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր ուժերին առաջարկում են միջազգային կառույցներին դիմել հետեւյալ պահանջներով՝ միջազգային պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ոտնահարել են մարդու իրավունքները, կոռումպացված են, մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի ոճրագործությանը, ճանաչել Հայաստանում քաղբանտարկյալներին և նպաստել նրանց ազատ արձակելուն, կրճատել ոստիկանների թիվը և ապահովել քաղաքացիների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը։

«Մենք սկսել ենք արդեն բանակցություններ վարել այն բոլոր ուժերի հետ, որոնք ակտիվ պայքարել են դեկտեմբերի 6-ին, մի քանի օր անց կներկայացնենք բանակցությունների արդյունքը։ Մարտի 1-ը պետք է դառնա հանրային դիմակայության ակտիվացման սկիզբ, և մեր հասարակության աջակցությամբ պետք է իրազեկենք միջազգային հանրությանը մեր երկրում տիրող իրավիճակի մասին»,-ասաց Ղուկասյանը։

«Նոր Հայաստանի» անդամները վստահություն հայտնեցին, որ ընդդիմադիր ուժերը կմիանան իրենց առաջարկին։

3489 | 1
Facebook