Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ամոթ բոլորիս՝ Չինարիից հեռացող յուրաքանչյուր դպրոցականի համար, որ իրենցից խլեցինք մանկությունն ու պատանեկությունը, չկարողացանք ընդամենը տալ հույս՝ մեր կառուցած երկրի վաղվա օրվա նկատմամբ

14:13, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Ամոթ բոլորիս՝ Չինարիից հեռացող յուրաքանչյուր դպրոցականի համար, որ իրենցից խլեցինք մանկությունն ու պատանեկությունը, չկարողացանք ընդամենը տալ հույս՝ մեր կառուցած երկրի վաղվա օրվա նկատմամբ
     Երբ Չինարիի դպրոցում աշակերտների թիվը նվազում է՝ դա դեմոգրաֆիական խնդիր չէ միայն։ Երբ Չինարեցի ուսուցիչները հաստիքի կրճատման հետևանքով կորցնում են աշխատանքը՝ դա գործազրկության հարց չէ միայն, և վերջապես, երբ հերթական Չինարեցի ընտանիքը հեռանում է Չինարիից՝ դա արտագաղթ չէ միայն․ դա արդեն աղետ է՝ իսկական համազգային աղետ։ Եթե այդ տոկացող տեսակը՝ մի ձեռքին բահը, մյուսում՝ զենքը, 25 տարի կռիվ է տվել Չինարիում ոչ մի օր չդադարող պատերազմի ու օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրների դեմ՝ հուսալով, որ վաղը լավ է լինելու, վայր է դնում բահն ու զենքը, և հեռանում այդքան արյամբ ու քրտինքով պահպանած տանից, ապա այլևս նա Չինարին եզերող ամենաբարձր լեռնագագաթի վրայից խորապես թքած ունի ձեր բոլոր տեսակի զարգացման ծրագրերի, սոցիալական ձեռնարկների, հարկային արտոնությունների ու էլեսիմինչ կապիկությունների վրա․ նրան այլևս չենք վերադարձնի՝ սահմանագլխի ռազմավարական նշանակության այդ բնակավայրերը՝ մշտական բնակության․․․ Այդ մարդկանց ոչ թե հարկային արտոնություն ու կոմունալ ծախսերի փոխհատուցում է պետք, այլ հավատ, որ իրենց այդչափ ջանքն ապարդյուն չէ, և պետություն կա մեջքներին կանգնած։ Ինչ ասեմ, ամոթ բոլորիս՝ Չինարիից հեռացող յուրաքանչյուր դպրոցականի համար, որ իրենցից խլեցինք մանկությունն ու պատանեկությունը, չկարողացանք ընդամենը տալ հույս՝ մեր կառուցած Երկրի վաղվա օրվա նկատմամբ։ Իմիջիայլոց, գյուղամերձ ամենաբարձր լեռնագագաթը կրում է Չինարիից արցախյան գոյամարտում առաջինն ընկած երիտասարդ հերոսի անունը՝ Վահրամասար։ Նախկինում այդ բարձունքը կոչվել է Տանձուտ։ Վահրամասարն իր աշխարհագրական դիրքով գտնվում է ՀՀ տարածքում, սակայն Վահրամասարի գագաթին այսօր տեղակայված է շրջակայքի նկատմամբ բավականին դոմինանտ դիրք զբաղեցնող ազերական մարտական հենակետը, որտեղից ուղիղ նշանառության տակ են վերցված Չինարիի դպրոցը, մանկապարտեզը, բոլոր փողոցներն ու տները․․․ Կրկնակի ամոթ մեզ՝ նաև դրա համար։ Հերթական անգամ, երբ կամուֆլյաժները կհագնեք և կնկարվեք Բանակի օրվա առիթով, հիշեք նաև այս փոքրիկ անարդարության մասին։
7491 | 2
Facebook