Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դպրոցներում գրիպով հիվանդ երեխաներ են հաճախում, ԿԳՆ-ն հակառակն է պնդում

17:33, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Դպրոցներում գրիպով հիվանդ երեխաներ են հաճախում, ԿԳՆ-ն հակառակն է պնդում

Երեկ փետրվարի 1-ի դրությամբ դպրոցներում ոչ միայն բավարար ջերմաստիճան չի եղել, այլև դպրոց են հաճախել հարբուխով հիվանդ երեխաներ:

Հիշեցնենք, մինչ դպրոցների բացվելը, թե´ առողջապահության, թե´ կրթության ջատագովները վստահեցնում էին, որ դասասենյակներում լինելու է բավարար ջերմաստիճան, իսկ դպրոցներում, առաջին օրերին, խիստ հսկողություն:

Պարզվում է, որ մի շարք դպրոցներում ոչ միայն չի գործել այդ մեխանիզմը, այլև գտնվել են հարբուխով հիվանդ երեխաներ:

Որպես օրինակ, նշենք թիվ 19 դպրոցը, որտեղ, աշակերտների ներկայացմամբ, բուժզննում չի իրականացվել: Մեր հարցին, թե բուժկետի աշխատակիցներն արդյոք չե՞ն այցելել իրենց, երեխաներն ասացին, որ այցելել են, բայց ոչ թե իրենց ստուգելու, այլ միայն դասասենյակի ջերմաստիճանը չափելու նպատակով: Նույնը կարելի է ասել Էրեբունու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի շարք դպրոցների մասին, որտեղ նույնպես, մեզ հասած հավաստի տեղեկություններով, դարձյալ բուժզննում չի իրականացվել:

Ի դեպ, դպրոցներում հարբուխով հիվանդ երխաների առկայությունը խիստ անհանգստացնում է հատկապես ծնողներին. «Վիրուսի բռնկման շրջանում, երբ վարակի վտանգը մեծ էր, կարողացանք ինչ-որ կերպ պաշտպանել երեխաներին, այժմ դպրոցները բացվել են, վիրուսը կարծես թե նահանջել, բայց հիվանդ երեխաների հաճախումները դպրոցներ` խիստ անհանգստացնող են: Ավելի լավ չէ՞ր տանը մնային»,- մեզ հետ զրուցում վրդովված ասում էին վերոնշյալ դպրոցների ծնողները:

«Այս օրերին դպրոցներում իրականացվող մոնիթորինգը պետք է անի Կրթության նախարարությունը: Կրթության նախարարն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անում են: Այդ բուժզննումը պարտավոր են իրականացնել դպրոցներում առկա բուժկետերը: Իսկ եթե չեն արել, զանգեք Կրթության նախարարություն, ասեք` ձեր նախարարը հայտարարել է, բայց փաստորեն չի արվում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն էլ, օրերս, մամուլի ասուլիսում հավաստիացրեց` «նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում լինելու է համաճարակային ֆիլտր և այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն»:

Մեր թղթակիցը փորձեց ԱՆ-ից պարզել, թե ինչ է նկատի ունեցել Ա. Վանյանը «համաճարակային ֆիլտր» ասելով և ինչու այդ «ֆիլտր» հասկացությունը չի գործել դպրոցներում:

«Մենք որպեսզի կարողանայինք այդ ֆիլտրն անցկացնել, երեք-չորս անգամ խորհրդակցություն ենք արել և հրավիրել ենք Կրթության նախարարության համապատասխան մասնագետներին: Նրանց մեթոդական աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի իրենք կազմակերպեն դա: Քանի որ, տվյալ խնդրի առանցքում մեր համակարգն է, ուստիև մենք էլ ենք ներգրավված այդ գործողություններում և, անհրաժեշտության դեպքում, պետք է աջակցենք»,- պարզաբանեց նա` տեղեկացնելով, որ հանրապետության մասնագետներն առաջին օրը գնացել, ուսումնասիրել են, թե ինչպես են իրականացվում այդ աշխատանքները:

Խնդրի առնչությամբ մեր թղթակցի հարցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պատասխանը հետևյալն էր. «Թեպետ դա առողջապահության գործառույթն է, բայց մենք էլ մեր հերթին ենք վերահսկում իրավիճակը: Բոլոր դպրոցներում Առողջապահության նախարարությունը հատուկ հրահանգ է տվել, որպեսզի իրենց ներկայացուցիչներն այցելեն և բուժզննում իրականացնեն: Վստահեցնում եմ ձեզ, չկա այնպիսի մի դպրոց, որտեղ ստուգումներ չեն եղել, ամեն առավոտ կարող եք դուք էլ գնալ և տեսնել, որ բուժհաստատության ներկայացուցիչը դռան առջև կանգնած ստուգում է: Դպրոցներում գրիպով հիվանդներ չկան»,- եզրափակել է նախարարը:

8002 | 2
Facebook