Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թիվ 52 դպրոցի առաջին դասարանցիներին տուն են ճանապարհել` դասասենյակներում ցուրտ լինելու պատճառով

11:30, երկուշաբթի, 01 փետրվարի, 2016 թ.
Թիվ 52 դպրոցի առաջին դասարանցիներին տուն են ճանապարհել` դասասենյակներում ցուրտ լինելու պատճառով

Ձմեռային արձակուրդներից հետո առաջին ուսումնական օրը Հովհաննես Հովհաննիսյանի անվան №52 հիմնական դպրոցի առաջին դասարանցիներին դպրոցից տուն էին ճանապարհում: «Առավոտ շուտ ժամը 8:30-ին մենք եկանք դպրոց, բայց մեզ տուն ուղարկեցին` պատճառաբանելով, որ դասասենյակում ցուրտ է, երեխաները կմրսեն: Ի դեպ, մենք երեխաների համար բարձիկներ պետք է սարքենք, որ դրանց վրա նստեն, չմրսեն: Մեր դասարանում 10 աստիճան էր»,- MAMUL.am-ի թղթակցին ասաց 1-ին դասարանի աշակերտուհի Մերիի մայրիկը` Լուսինեն: Մեկ այլ ծնող էլ նշեց, որ իրենց դասարանն ընդհանրապես չէր ջեռուցվում. «Պառերը անջատված էին, մեզ չասացին, թե ինչն է պատճառը, միայն տեղեկացրին, որ այսօր տուն տանենք, վաղը դպրոցում ջեռուցման խնդիրը լուծված կլինի»:
     Դպրոցի տնօրեն Նառա Շառոյանն էլ վստահեցրեց, որ նույնիսկ հունվարին` արձակուրդների ընթացքում է դպրոցը ջեռուցվել, իսկ թե ինչո՞ւ է այսօր նման խնդիր առաջացել, ինքն էլ է դժվարանում հասկանալ: «Մենք միայն երեխաների առողջության մասին մտածելով է, որ նրանց տուն ենք ուղարկել: Միայն մի դասարանի ենք տուն ենք ուղարկել, որովհետև այդ դասարանի ջեռուցման համակարգի հետ կապված խնդիր էր առաջացել: Մտածեցինք, որ չմրսեն, քանի որ ցուրտ է ու տուն ուղարկեցինք, թե չէ` դպրոցը ջեռուցվում է»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը:
     Տնտեսական գծով փոխտնօրենն էլ ասաց, որ խցանում է եղել, այդ իսկ պատճառով թույլ է ջերմությունը. «Միայն առաջին դասարանցիներին ենք տուն ուղարկել: Հիմա հնոցապանը այդ խնդիրը լուծում է, վաղն արդեն ամեն ինչ լավ կլինի»:
     Հարկ է նշել, որ մի քանի օր շարունակ, ՀՀ ԿԳՆ-ն վստահեցնում էր, որ հանրակրթական դպրոցները ջեռուցման հետ կապված խնդիրներ չեն ունենալու, քանզի «նախարարի հրամանով հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»:

9095 | 2
Facebook