Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մի թիվ կամ մի փաստ պակաս ասելով չի որոշվում պատմության իմացությունը. կարևոր է, որ երեխան ժամանակաշրջանի շունչը հասկանա ու կարողանա հետևություններ անել». Հայկ Բալասանյան

15:26, չորեքշաբթի, 27 հունվարի, 2016 թ.
«Մի թիվ կամ մի փաստ պակաս ասելով չի որոշվում պատմության իմացությունը. կարևոր է, որ երեխան ժամանակաշրջանի շունչը հասկանա ու կարողանա հետևություններ անել». Հայկ Բալասանյան

«Հիմնականում պետք է պատմական անցքերի կառուցվածքի և գաղափարախոսության վրա ուշադրություն դարձնել, մի թիվ կամ մի փաստ պակաս ասելով չի որոշվում պատմության իմացությունը: Կարևոր է, որ երեխան ժամանակաշրջանի շունչը հասկանա ու կարողանա հետևություններ անել»,- այս համոզմունքով է առաջնորդվում Հայկ Բալասանյանն, ով երկար տարիներ դասավանդում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: «Դա ամենևին չի նշանակում, որ պետք է անտեսել ժամանակագրությունը: Մովսես Խորենացին ասում է` «չկա հավաստի պատմություն առանց ժամանակագրության», այսինքն` պետք է հստակ պատկերացնես դարաշրջանի շունչը»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Խոսելով պատմություն առարկայի ներկայիս դասավանդման մեթոդաբանության մասին՝ Հայկը նշեց, որ կարևորում է դիդակտիկ նյութերի կիրառումը: «Այն գիտելիքը, որը մենք դպրոցում անցել ենք, հնացած է: «Այսօր դա համարյա պետք չի գալիս: Գիտությունը կանգ չի առնում և անընդհատ զարգանում է, որին զուգահեռ խմբագրվում է նախկին գիտելիքը: Հետևաբար դպրոցը ոչ թե գիտելիք պետք է սովորեցնի, այլ գիտելիքից օգտվելու եղանակներ»: Նրա բնորոշմամբ` երբ դասագրքում տրված է վերլուծված նյութ, դա երեխային մտածելու հնարավորություն չի տալիս: «Որպեսզի ուսուցումը ճիշտ կազմակերպվի, անհրաժեշտ է որ սաներն աշխատեն իրարամերժ փաստերի հետ: Նման աշխատանքը զարգացնում է նրանց վերլուծական և տրամաբանական կարողությունները`հաղորդելով վերջիններիս ճկունություն և սեփական տեսակետը ունենալու հնարավորություն: Ասվածի վերաբերյալ հստակ պատկերացում է տալիս չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսի հետևյալ միտքը. «Լսեցի` մոռացա, տեսա` հիշեցի, անձամբ կատարեցի` հասկացա»:

Հայկ Բալասանյան
Հայկ Բալասանյան

     Անդրադառնալով ավագ դպրոցների 6 տարվա գործունեությանը, Հայկ Բալասանյանը նշեց, որ կարևոր է ոչ թե դասավանդման ընթացքը, այլ`արդյունքը: «Կարևորն ընթացքը չի, թե ինչպես երեխային կհրապուրես ու զբաղեցնես, կարևորն այդ բոլորի հանրագումար հանդիսացող արդյունքն է: Նախ ուսուցիչը պետք է հստակ իր անելիքն իմանա, տիրապետի երեխայի ուժեղ և թույլ կողմերին և սաներին գնահատի նրանց կարողություններին համապատասխան: Ուսուցիչը պետք է լինի իր գործի նվիրյալը և սիրի իր աշակերտներին`նրանց թերություններով հանդերձ: Փորձը ցույց է տվել, որ այն պահանջկոտ ուսուցչին, ում աշակերտները սիրել են, այդ առարկան սովորել են: Եթե բացակայում է խթանն ու սերը, զոռով ու վախեցնելով չես կարող ստիպել երեխային սովորել: Իսկ եթե սանը չի հասկանում, դա ուսուցչի մեղքն է»,- համոզված է Հայկ Բալասանյանը: Նրա խոսքով` եթե ուզում ենք ստեղծել 21-րդ դարի մրցունակ դպրոց, նախ պետք է աշակերտների թիվը դասարաններում կրճատել. «Պետք է ուսուցչի ընտրության արդար և թափանցիկ կարգ մշակել և վերջիններիս բարձր վարձատրել: Պետությունը ճիշտ չի սահմանում նշաձողը, թե երեխան ավարտելուց ինչ պիտի իմանա: Կրթությունն այն կենսափորձն է, որ հետագայում պետք է մարդուն օգնի, որպեսզի այդ մարդը հասարակության մեջ իր տեղը գտնի»- պնդում է նա:
     Այն հարցին, թե 12-ամյա կրթական համակարգում մի շարք անիմաստ առարկաներ են ավելացել, և դժգոհություններ կան, որ ծրագիրը հագեցած է, հնարավոր չի՞ հրաժարվել այդ առարկաներից, փոխարենը հագեցնել առավել կարևոր առարկաները, նա ընդգծեց` ոչ թե ժամերը պետք է ավելացվեն, այլ գիրքը պետք է բեռնաթափվի: «Քո տեղն ու դերը հասկանալու համար դու պետք է Համաշխարհային պատմություն իմանաս, պետք է մյուսների մշակույթը ճանաչես, բայց դրա համար մեզ հատկացված ժամերը շատ քիչ են, ուստի ստիպված ենք լինում մակերեսային անդրադառնալ, որի արդյունքում տուժում է կրթության բովանդակությունը: Եթե ժամանակը սուղ է, իսկ դասագիրքը ծանրաբեռնված է բազմաթիվ պետությունների պատմություններով, պետք է նախապատվությունը տալ այն պետությունների պատմության ուսումնասիրությանը, որոնք քեզ հարևան են»,-կարծում է Հայկը: «Դպրոցը կրթական դարբնոց է, որի պատերի ներքո հոգու հմուտ դարբինները կռում, կոփում և ձուլում են այն ոսկեղենիկ տառերը, որոնցով պետք է գրվի մեր պատմության վաղվա օրը»,- ամփոփեց Հայկ Բալասանյանը:
     Որպես հետգրություն՝ մեր զրուցակիցն ասաց. «Այսօր այդ դարբնոցների «ղեկավարներից» շատերը, մոռանալով իրենց առաքելությունը, կեղծում և խեղաթյուրում են մեր պատմության վաղվա օրը: Մերօրյա պետական դպրոցները գրեթե ամբողջությամբ քաղաքականացված են և ծառայում են իշխող կլանին՝ մոռանալով իրենց հիմնական առաքելությունը: Իսկ կալվածատեր տնօրեններից ոմանք ապաքաղաքական այդ կառույցը դարձրել են համատիրություն՝ ծառայեցնելով իրենց կուսակցական նեղ շահերին»:

8680 | 0
Facebook