Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Մայքլ Բրաունն ու Կոնստանտին Բատիգինն ապացույցներ են ներկայացրել, որ արեգակնային համակարգում կա մի հսկայական մոլորակ, որի զանգվածը տասնապատիկ գերազանցում է Երկրի զանգվածը: Մոլորակը գտնվում է Երկրից 20 անգամ ավելի հեռու, քան Նեպտունն է: Այն հնարավոր է եղել հայտնաբերել հեռավոր տիեզերքում փոքր երկնային մարմինների ուսումնասիրությունների ժամանակ: Ինչպես նշել է Մայքլ Բրաունն, այս «իքս մոլորակի» գոյությանը դժվար թե ինչ-որ մեկը հավատա առանց այն տեսնելու, սակայն ժամանակակից օպտիկան դա թույլ տալ չի կարող: «Առայժմ սա հիպոթեզ է, սակայն պոտենցիալ առումով շատ ուժեղ հիպոթեզ»,- ասել է նա:
Ավելի վաղ Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակ էր համարվում Պլուտոնը, սակայն 2006-ին Միջազգային աստղագիտական միությունը որոշում է կայացրել զրկել Պլուտոնին մոլորակի կարգավիճակից և այն դասել «գաճաճ մոլորակների» շարքին: