Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ահազանգեր՝ մարզերից. բնակիչները չեն կարողանում հասնել Երևան

12:18, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Ահազանգեր՝ մարզերից. բնակիչները չեն կարողանում հասնել Երևան
     «Նոր Հայաստան» շարժումն այսօր` դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: «Հիմնադիր խորհրդարանը», սակայն, քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, ըստ որի՝ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցել անցկացվելիք հանրահավաքին:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը թվեց այն բնակավայրերը, որտեղից ստացել են ահազանգերը: «Վայոց Ձորից ենք ստացել, որ Ջերմուկից այս կողմ ճանապարհը փակ է: Բյուրեղավան, Բյուրական, Գառնի, Աբովյան, քիչ առաջ էլ տեղեկացանք Արմավիրի և Նոր Հաճընի մասին: Լրացուցիչ ինֆորմացիա ունենք, որ շատ տեղերում տաքսիներին էլ թույլ չեն տալիս ուղևորներ տեղափոխել: Վայոց Ձորի մարզում ասացին, որ 7 հոգուց ավելի տեղ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը դեպի Երևան արգելում են, իսկ օրինակ Աբովյանից տաքսիներ չկան»,- նշեց մեր զրուցակիցը:
     Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ եթե խոչընդոտներ լինեն, կդիմեն միջոցների: Հարցին` ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, Վ. Ավետիսյանն ասաց.
     «Կասվի այդ մասին: Մենք ուղղակի ուզում ենք ճշտել՝ ի՞նչ են անում, ինչպե՞ս են անում, պատկերը հասկանանք, որպեսզի կարողանանք ճիշտ որոշում կայացնել»:
10611 | 1
Facebook