Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ասել, թե երիտասարդը չի կարդում՝ ճիշտ չի լինի, սակայն երբեմն դժվար է տարանջատել օգտակարը աղբից». Առլեն Շահվերդյան

17:06, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
«Ասել, թե երիտասարդը չի կարդում՝ ճիշտ չի լինի, սակայն երբեմն դժվար է տարանջատել օգտակարը աղբից». Առլեն Շահվերդյան

Գրական ասպարեզի խնդիրներն ու բացթողումները, դրանց պատճառներն ու լուծման տարբերակները ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը քննարկել է երիտասարդ գրող Առլեն Շահվերդյանի հետ:

- Կա տեսակետ, որ այսօր երիտասարդները գիրք չեն կարդում, փոխարենը նախընտրում են ժամանակն անցկացնել համակարգչի առջև, կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

- Տեղին ու արդիական հարց է, և հատկանշական է, որ խնդիրը ավելի խորքային է, քան ընթերցանության նկատմամբ հետաքրքրության նվազումը: Հարցը պետք է դիտարկել հասարակարգերի ու դրանցում առկա արժեքային համակարգերի փոփոխությունների ու անցումների համատեքստում: Նախկինում մարդիկ տեղեկատվություն հիմնականում ստանում էին գրքերից ու թերթերից, այսինքն ընթերցանության հիմնական աղբյուրները՝ գիրքը և թերթը, մարդուն սնում էին թե՛ հոգեպես, թե՛ գիտելիքի առումով: Սակայն յուրաքանչյուր ժամանակ ունի իրեն բնորոշ նորարարությունները, որոնք սահուն կերպով դառնում են կյանքի նորմ ու առօրյայի անքակտելի մաս: Եթե նախկինում գրքի ընթերցանությունը մարդուն լիարժեք կերպով ապահովում էր գիտելիքով ու հոգևոր լիցքերով, ապա այսօր դինամիկ կյանքով ապրող և թվային աշխարհի արարիչ մարդու շուրջն իր իսկ կողմից ստեղծված տեղեկատվական այնպիսի հոսքեր են, տեղեկատվական այնպիսի տեղատարափ, որ նա տեղեկույթն ստանում է ոչ միայն գրքից ու թերթերից, այլև համացանցից, ընդ որում՝ շատ բազմազան, հաճախ՝ ոչ պետքական կամ ճշտված: Այս տեսակետից մարդու և, մասնավորապես՝ երիտասարդի առջև ընտրության լայն հնարավորություն է, որում հիմնական կողմնորոշվողը ինքը ընթերցողն է՝ իր նախասիրություններով: Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդներից շատերի առօրյան: Նրանք օրվա զգալի մասը անցկացնում են սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ում: Ասել, թե երիտասարդը չի կարդում՝ ճիշտ չի լինի, կարդում է, այն էլ այնքան շատ ու տարբեր նյութեր, որ երբեմն դժվար էլ լինում տարանջատել օգտակարն աղբից: Այսինքն համացանցի ընթերցողն սպառում է այնպիսի ծավալի տեղեկույթ, որն ընդգրկում է կարևոր լուրից կամ գրական ստեղծագործությունից մինչև որևէ մեկի նախաճաշի նկարագրությունը կամ լոգանքի մանրամասները, քաղաքական, սեռական և այլ կողմորոշումներից մինչև իր սելֆիի հասցեին գրված մեկնաբանությունները: Չընթերցել կամ արհամարհել չի ստացվում, քանի որ ժամանակի գործիքարանն այդ ամբողջ տեղեկույթը «հրամցնում է» այնպես սահուն ու վարժ կերպով, որ գրքի ընթերցողը ակամայից դառնում է նաև տարաբնույթ այլ տեղեկույթի ընթերցող ու սպառող: Դրան գումարվում է նաև այն, որ գիրքը ոչ միայն հոգևոր արժեք է, այլ իր, որը պետք է վերցնել, ձեռքում պահել, ընթերցել՝ տրամադրելով ժամանակ, տեղ ու հարմարություն, ունենալ տրամադրվածություն, կենտրոնացվածություն: Այլ է՝ համացանցում, որտեղ որևէ բան ընթերցելը մարդուց գրեթե չի պահանջում լրացուցիչ ջանքեր, նա կարող է դա անել անգամ զուգահեռ որևէ գործողության: Տեղեկատվական գործիքների առատությունը մարդուն ի վերջո զգալի կերպով կտրեց գրքից էլ, թերթից էլ ու դրանք այսօր ավանդական արժեքներ են, սակայն ոչ թե մեռնող, այլ նորովի զարգացող, քանի որ երիտասարդներն այսօր ընթերցում են էլեկտրոնային գրքեր շատ ավելի, քան հնարավոր է պատկերացնել: Սա ոգևորիչ փաստ է: Ինքս նկատել եմ, թե երիտասարդը որքան հափշտակված է ընթերցում որևէ գիրք իր համակարգչով, հեռախոսով կամ պլանշետով՝ գրագետ կերպով օգտագործելով ժամանակի գործիքարանը: Եթե այսօր չեն կարդում թերթ նախկին ծավալներով, ապա կարդում են նույն թերթի էլեկտրոնային տարբերակները, եթե այսօր գեղարվեստական գրքեր քիչ են կարդում ու հիմնականում դրանք օգտագործում են ուսումնառության ընթացքում (դպրոց, բուհ), ապա գեղարվեստական գրքեր, առանձին հեղինակների գրական ստեղծագործություններ կարդում են մասսայաբար ու մեծ հետաքրքրությամբ: Ես իմ համեստ օրինակը կարող եմ բերել, քանի որ իմ էլեկտրոնային գրքերը ոչ պակաս հաջողություն և անհամեմատ մեծ տարածվածություն ունեն, քան տպագիրները: Իհարկե տպագիր գիրքը հիմնաքարային արժեք է, գրքի առաջնային ընկալումը տպագիր գիրք ընթերցելն է, մարդու և հոգևոր արժեքներ, գեղարվեստական ճաշակ սերմանող ու ձևավորող այդ կախարդական «իրի» միջև հավերժող կապ կա, որը միշտ է լինելու: Գիրքը պետք է փայփայվի, տպագիր գիրք ընթերցելը պետք է խրախուսվի ու քարոզվի, ինչը որոշակիորեն արվում է: Սակայն ներքին ներդաշնակության համար պետք է նաև գիտակցել, որ ժամանակի հասարակարգը թելադրում է իր պահանջներն ու գործիքակազմը և որ «թերթային-գրքային» սերնդին փոխարինելու եկած «թվային» սերունդն ունի իր նախընտրելիությունները: Եթե մարդը կարողանում է իր ներսում ներդաշնակորեն համադրել այս երկու ընկալումները, ապա չի ունենում երևույթի նկատմամբ ներքին բախում կամ անհամաձայնություն՝ առկա իրողություններին նայելով շատ ավելի հանգիստ, կառուցողական ու խորաթափանց կերպով:

- Ո՞րն է Հայաստանում առաջնային խնդիր երիտասարդ ստեղծագործողի համար:

- Ես կանդրադառնամ երիտասարդ ստեղծագործողի խնդրին գրական ասպարեզում, քանի որ երիտասարդ ստեղծագործող է նաև, ասենք, նկարիչը, քանդակագործը և մյուս բոլորը: Ինքնաարտահայտման հնարավորությունների առումով այսօր երիտասարդ ստեղծագործողը շատ ավելի լավ վիճակում է, քան նախկինում: Յուրաքանչյուրն ազատ է գրելու այն, ինչ ուզում է ու զգում, գրեթե չկան նաև իր հոգևոր և մտավոր աշխատանքի արգասիքը հրապարակելու սահմանափակումներ կամ դժվարություններ. մարդը այսօր եթե որևէ տեղում չի տպագրվում կամ չի տպագրում սեփական գիրքը, ապա հանգիստ իր ստեղծագործությունը տեղադրում է սոցիալական ցանցի իր հարթակում՝ ստանալով համարժեք արձագանք: Եթե ստեղծագործությունը արժեքավոր է, ապա այն արժանանում է անկեղծ գնահատանքի ու ուշադրության, եթե ոչ, ապա հետևությունների մակարդակում գոնե նպաստում է տվյալ հեղինակի ինքնազարգացմանը, որպեսզի ավելի լավ ներկայանա հանրությանը: Սակայն արդյո՞ք սա է միայն երիտասարդ ստեղծագործողի ինքնաարտահայտման հարթակը: Իհարկե՝ ոչ: Նրա համար առաջնայինը պետք է լինի հենց գրքի տպագրությունը, սեփական ստեղծագործությունը գրքի, այն է՝ մնայուն, հոգևոր ու իրեղեն արժեքի տեսքով հասարակությանը ներկայացնելու հարցը: Ահա այստեղ կան լուրջ խնդիրներ՝ սկսած ֆինանսական հնարավորություններից մինչև դրանց նպատակային ծախսման անհրաժեշտությունը, շուկան ու դրանից բխող խնդիրները: Երիտասարդ ստեղծագործողի համար առաջնային խնդիրը միջոցներն են, որը լուծվում կամ չի լուծվում մեծ մասամբ անհատական մակարդակում գործադրված ջանքերի հաշվին: Այստեղ կա անելիք, քանի որ եթե մեզանում ընթերցանության նկատմամբ մոտեցումները պարբերաբար քննարկման նյութ են դառնում, ապա արտասահմանում ընթերցանությունը կենսաձև է, ինչպես կենսաձև է, ասենք, բնությունը պահպանելը: Եթե մեզանում շուկայի գրեթե բացակայությունը թույլ չի տալիս հեղինակին վստահ քայլ անել գրքի տպագրության ուղղությամբ, իսկ արդեն անելուց հետո էլ հույս չի ներշնչում, որ ներդրած գումարով հրատարակված գիրքը եթե եկամուտ չբերի, ապա գոնե կսպառվի լիարժեքորեն, ապա դրսում գրողը իր հրատարակված գրքերով վաստակում է իր ապրուստը ու այն էլ արժանապատիվ կերպով: Հետևաբար ի՞նչ անի ստեղծագործող երիտասարդը, եթե բախվում է այսօրինակ իրողություններին: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ամեն կերպ փորձի հրատարակվել, քանի որ մնայուն արժեք ստեղծելիս որոշակի զոհողություններ պետք են, երկրորդ՝ փորձի ժամանակի գործիքարանը գրագետ կերպով օգտագործել ու հրապարակել իր ստեղծագործությունները, անհրաժեշտության դեպքում ստեղծելով ու զարգացնելով նաև սեփական տեղեկատվական հարթակը (վեբ կայք, բլոգ և այլն), ակտիվացնելով սոցիալական մեդիայի իր ներկայացվածությունը, և երրորդ՝ անդադրում ու մեծ նվիրումով աշխատի, ստեղծագործի անդադար, քանի որ ժամանակները կգան ու կփոխվեն, ավելի լավ ժամանակներ կգան, իսկ այսօր չարված գործը վաղը բաղթողում է: Երիտասարդ ստեղծագործողը այսօր իր արարած ստեղծագործությունը միգուցե հետագայում ունենա հրատարակելու հնարավորություն, ավելի զարգացած ոլորտի առկայությամբ: Սակայն չաշխատել այսօր անթույլատրելի է, քանի որ միշտ պետք է հիշել, որ Մեծս Մուսան գալիս ու նստում է միայն աշխատասերի ուսին ու ներշնչում նոր ստեղծագործություն արարելուն, Մուսան ալարկոտի ուսերին չի մնում և մի անգամ նստելուց հետո անվերադարձ հեռանում է:

- Ինչպե՞ս կարելի է շտկել ոլորտի բացթողումներն ու ու՞մ միջոցով:

- Առաջին հերթին՝ պետության առավել մեծ ուշադրության և հոգածության միջոցով: Ամենաշահագրգիռ կողմը տվյալ դեպքում ինքը պետությունն է, եթե իր ներսում ուզում եմ ունենալ գրագետ, կրթված ու ընթերցասեր հասարակություն: Իրականացվող ողջունելի քայլերը պետք է էլ ավելի ինտենսիվացվեն, ոլորտին պետք է հատկացվի ավելի մեծ ուշադրություն, ոլորտի զարգացումը պետք է դիտվի ոչ միայն կոմերցիոն-շուկայական հրամայականների կամ հոգևոր արժեքի ձևավորման տիրույթներում, այլև որպես հասարակության զարգացման խթան ու կարևոր գործիք, այսինքն՝ այսօր «կապիտալ» ներդրում անելով վաղը՝ հետագա սերունդներում, դրա պտուղները քաղելու հաստատակամությամբ ու վստահությամբ: Առանձին հեղինակը ոլորտը շտկելու իր քայլերը անում է սեփական ստեղծագործական ջանքերով՝ բերելով սեփական լուման ոլորտի հղկմանը և զարգացմանը: Այլ է խնդիրը պետության առջև, որը այդ խնդիրների համախումբը հստակեցնելու, լուծումներ մշակելու, առկա իրողությունները ճիշտ կերպով գնահատելու ու համակարգված լուծումներ մշակելու օրակարգ պիտի ունենա: Դա վերաբերվում է ցանկացած պետությանը, եթե այն ուզում է, որ գրականությունը ծաղկի իր հասարակության մեջ, դառնա անձի, հետևապես նաև՝ պետության լիարժեք ու բարեկիրթ քաղաքացու ձևավորման որոշիչ գործոն: Եթե պետությունը շահագրգռված է ունենալու կիրթ, գրագետ, զարգացած, ինտելիգենտ, մտավորականներով լի հասարակություն, ապա այն գործադրում է բոլոր ջանքերը ոլորտը շտկելու, զարգացնելու, գրողներին սատար լինելու, հրատարակչական ոլորտը էապես զարգացնելու, հրատարակիչներին խթանելու հարցերում: Եթե ոչ, ապա ամեն բան մնում է անհատական ջանքերի ու մղումների մակարդակում, իսկ ոլորտը չի զարգանում այնքան, որպեսզի տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողի համար, որը ներկայի ու վաղվա գրականության կերտողն է, լինեն տպագրվելու անհրաժեշտ պայմանները և հնարավորությունները:

- Ուրիշ ովքե՞ր ունեն անելիք այս ոլորտի զարգացման գործում:

- Անելիք շատերն ունեն, թե՛ ինքը հեղինակը, թե՛ միջավայրաստեղծ գործոնների պատասխանատուները: Ես կանդրադառնամ, սակայն, մի կարևոր տիրույթի: Հարկ եմ համարում նշել, որ բացի պետական մարմիններից, իմ համոզմամբ՝ այստեղ որոշակի անելիք ունեն նաև գրագետ ԶԼՄ-ները, որոնք նույնպես պետք է գտնեն ու հանրությանը ներկայացնեն նորօրյա երիտասարդ ստեղծագործող մտավորականներին, որոնք քիչ չեն ու հաճախ ստվերում են մնում: ԶԼՄ-ները շատ անգամ նախապատվությունը տալիս են սենսացիոն տեղեկույթին, որը իրականում միշտ չէ, որ սենսացիոն է: Երևույթն ունի իր օբյեկտիվ բացատրությունը և հասկանալի իրողություն է: Սակայն նույն ԶԼՄ-ին որևէ դժվարություն չէ իր կողմից տարվող տեղեկատվական քաղաքականության օրակարգում պարտադիր կերպով ներառել արվեստը և գրականությունը, մեծանուն գրողների վերաբերյալ տեղեկույթի ներկայացումը և, հատկապես, ժամանակակից երիտասարդ գրողների գրական ստեղծագործությունների լուսաբանումը: Սա էլ լուրջ ու ոգևորիչ խթան է երիտասարդ հեղինակի համար՝ հանրությանը ճանաչելի լինելու և իր ստեղծագործությունները ներկայացնելու առումով: Հայտնի, նորահայտ ու դեռևս անհայտ գրող երիտասարդներին և, առհասարակ, ստեղծագործող բարեկիրթ բոլոր անհատներին պետք է ավելի հաճախ անդրադառնալ, հրավիրել հեռուստա-ռադիո եթերներին, հարցազրուցներին, թոքշոուներին, հրապարակել կամ վերահրապարակել նրանց ստեղծագործությունները կամ գրական գործունության նորությունները, ի վերջո՝ լսել նրանց, քանի որ այսօրվա երիտասարդ գրողը, ստեղծագործողը վստահաբար ունի ասելիք, և այն շատ ավելի ժամանակաշունչ է ու կարևոր: Ավելին, խթանելով նրան՝ ԶԼՄ-ներն այդպիսով նաև նպաստում են ոչ միայն տվյալ գրողի գործունեության հանրահռչակմանն, այլև նրա կողմից առավել բարեխիղճ, հանրության և նրա սպասումների, գեղարվեստական ճաշակի ու մակարդակի նկատմամբ առավել պատասխանատու հեղինակի ձևավորմանը, նրա ինքնազարգացմանը: Սա էլ իր հերթին մեծացնում է աշխատասիրությունը, ինչն էլ իր հերթին ապահովում է Մեծն Մուսայի վստահ հանգրվանումն ստեղծագործող երիտասարդի ուսին:

4499 | 0
Facebook