Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված 22-ամյա Նելլիի հայրը՝ դստեր մասին. «ՀԺ»

10:16, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված 22-ամյա Նելլիի հայրը՝ դստեր մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նորք-Մարաշում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից մեկը՝ 22-ամյա Նելլի Մինասյանը, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ է:
     Մեր զրույցում նրա հայրը՝ Սլավիկ Մինասյանը, նշեց, որ աղջկա ձերբակալության մասին լրատվամիջոցներից է տեղեկացել: Նա պատմեց, որ կինն ու դուստրը Երևանում են ապրում վարձակալական հիմունքներով, ինքն էլ անասնապահությամբ է զբաղվում ԼՂՀ ազատագրված տարածքներից մեկում: «Աղջիկս սովորում է «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսում: Թե ինչով էր զբաղվում երեխեն, ես չգիտեի, սա ինձ համար տարօրինակ է, երեկ լսեցի, թե հանցավոր խումբ են բացահայտել: Առավոտյան կինս զանգահարեց ինձ և ասաց, որ էրեխուն ձերբակալել են, թե ինչ հիմնավորմամբ՝ չգիտեմ: Ինքը չէր կարող ծանր հանցագործություններ կատարել, կամ ինչ-որ բանդայի անդամ լինել, նա մեծ սիրտ ունի, ինքը պայքարում է հանուն ազատության: Ես իրեն ուղարկել եմ Երևան սովորելու, չեմ ուղարկել հանցավոր....: Զենքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող. ով է իրենց զենք տվել ես չեմ հասկանում»,- մանրամասնեց Սլավիկ Մինասյանը: Վերջինն ասաց, որ դուստրն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին: «Ես համամիտ եմ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ սա «սարքած» գործ է, իմ աղջկան անհիմն են ձերբակալել: Ես 60 տարեկան ծեր մարդ եմ, նա երիտասարդ է, դեռ ապագա ունի, պետք է ապրի, կյանքն իրենն է, իմ երեխեն ճիշտ է, ճիշտ էլ կքայլի, ինչքանով, որ կարողանամ, ես իրեն կօգնեմ: Ես ոչ ոքի չեմ վստահում, նույնիսկ՝ հիմիկվա իշխանություններին: Ուզում եմ աղջկաս ազատ տեսնել, նա ազատ թռչնակ է, պետք է ազատության մեջ լինի»,- ասաց ձերբակալված աղջկա հայրը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

19465 | 17
Facebook