Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանի փետրվարյան հայտնի ելույթից հետո, հիմա էլ սահմանադրական փոփոխությունն է դարձել տհաճության սիմվոլ». Արամ Հարությունյան

18:08, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Սերժ Սարգսյանի փետրվարյան հայտնի ելույթից հետո, հիմա էլ սահմանադրական փոփոխությունն է դարձել տհաճության սիմվոլ». Արամ Հարությունյան

«Ինձ թվում է` իշխանությունը գնում է ինքնասպանության, ինչպես ասում են` մեր գործն էլ են իրենք անում, որովհետև այս հանրաքվեով Սահմանադրություն փոխելը, նման է մեղվի փեթակը զոռով բզբզելուն: Այսինքն` ժողովուրդն իր համար տանջվում ու տառապում էր, իսկ իրենք նորից հիշեցրին իրենց մասին: Այդ կուտակված ատելությունն ուղղված է իշխանությունների դեմ, և ես համոզված եմ, որ «ոչ»-ն իրոք պիտի գերակշռի: «Այո»-ները հաշված թվով մարդիկ են, «այո» շատ քչերը կասեն, պարզապես քաղաքական ուժերը պետք է կարողանան ճիշտ քայլեր անել` օգտվելով իշխանության սխալներից»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` դա երկկողմանի խաղ է. «Այսինքն` իշխանությունը քայլ է արել և այդ քայլից պետք է օգտվել` ի շահ ժողովրդի: Այդ հանրաքվեն, կարելի է ասել, Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվեն է և իշխանությունը դեպքերը արագացրել է: Եթե այս ամենը տեղի ունենար 2017-ին, իշխանությունը կօգտվեր, քանի որ, մինչ այդ, բնակչության մեծ մասը, որը որ չէր ուղղորդվում, կհեռանար երկրից»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը` հավելելով, որ փետրվարյան դեպքերից, Ս. Սարգսյանի հայտնի ելույթից հետո, է´լ ավելի մեծացավ ատելությունն իշխանությունների նկատմամբ. «Թե ով ինչպես էր վերաբերվում Գագիկ Ծառուկյանին` կարևոր չէ, փաստն այն է, որ այդ դեպքերից հետո ժողովրդի մի մասը վրդովված էր…: Այդ շրջանում, նրա ելույթը շատ տհաճ զգացողություն առաջացրեց, հիմա էլ` այս սահմանադրական փոփոխությունն է դարձել այդ տհաճության սիմվոլը: Այդ շոուն, որն անում են Հայաստանի մարզերով շրջելով, ի վնաս իշխանությունների է, որովհետև դրանով ժողովրդին զոռով դրդում են իրենց դեմ»,- ասաց Ա. Հարությունյանը:

3583 | 3
Facebook