Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչ է, այդ զենքերը ձեռք բերելու մասին ԱԱԾ-ն տվյալնե՞ր ուներ». Գագիկ Սարուխանյան

13:35, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Ինչ է, այդ զենքերը ձեռք բերելու մասին ԱԱԾ-ն տվյալնե՞ր ուներ». Գագիկ Սարուխանյան

Երեկ ԱԱԾ-ի կողմից ահաբեկչական խմբի բացահայտումը` սահմանադրական հանրաքվեից մի քանի օր առաջ, տարբեր կարծիքների և ենթադրությունների տեղիք տվեց: Միջադեպից մեկ օր հետո էլ մարդիկ շարունակում են թերահավատորեն վերաբերվել կատարվածին: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունները «մի փոքր անհասկանալի էին»: «Այդ զենքերը, որոնք առգրավվել են, ինչո՞ւ հենց սահմանադրական հանրաքվեի կամ դեկտեմբերի 1-ի նախօրեին հայտնաբերեցին: Ի՞նչ է, այդ զենքերը ձեռք բերելու մասին ԱԱԾ-ն տվյալնե՞ր ուներ»,- ասաց նա:

Հարցին` փաստորեն, կապ տեսնում եք դեկտեմբերի 1-ի ընդդիմության հանրահավաքի և այդ միջադեպի միջև, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Այո, ես չգիտեմ, թե ԱԱԾ ինչ է մոգոնել, բայց դա նպատակ ուներ վախի մթնոլորտ սերմանել հանրության մեջ: Դա նույնն է, եթե, ասենք, ինչ-որ մի հիմնարկությունում աշխատակիցները գործադուլ անեն: Ինչ է, գոծադուլ անողներին պետք է ահաբեկի՞չ համարել»:

Թե Գ. Սարուխանյանի կարծիքով, ներքին ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանում, ասաց. «Ոչ թե սպասվում են զարգացումներ, այլ այդ զարգացումները միշտ էլ կային մեր երկրում…: Մենք մոռացե՞լ ենք 90-ականների սկզբի ՀՀՇ-ի ահաբեկչությունները, մենք մոռացե՞լ ենք Ռոբերտ Քոչարյանի օրոք սպանությունները կամ անմեղ մարդկանց դատելը: Վերջիվերջո, նույն Սերժ Սարգսյանը իշխանության է եկել տասնյակ մարդկանց սպանության և արյան գնով: Այսինքն, սրանց մեթոդները նույնն են, բայց, ինչպես ասում են` դանակը ոսկորին է հասել: Մարդիկ, երբ որ գնում էին Արցախ պատերազմելու` որսորդական հարցանով, բահով կամ փայտով էին գնում և ոչ մի բանից չէին վախենում, որովհետև հայրենիք էին պաշտպանում, որը կործանման եզրին էր: Հիմա նույն իրավիճակն է, ուղղակի հիմա ներքին թշնամին արտաքին թշնամուց ոչ պակաս վնաս է տվել և շարունակում է տալ մեր հայրենիքին` արտագաղթը, տնտեսության քայաքյումը, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը և այլն...Այս ամենը միայն թշնամին կարող էր անել»:

5864 | 2
Facebook