Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի թիվ 86 դպրոցի և Հունգարիայում հայկական ինքնավարության միջև կնքված համաձայնագիրը կնպաստի անապահով աշակերտների բարեկեցիկ ապագայի ստեղծմանը

15:06, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Երևանի թիվ 86 դպրոցի և Հունգարիայում հայկական ինքնավարության միջև կնքված համաձայնագիրը կնպաստի անապահով աշակերտների բարեկեցիկ ապագայի ստեղծմանը

Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի (տնօրեն՝ Նվարդ Հակոբյան) և Հունգարիայի Հանրապետության Դյոր քաղաքի հայերի փոքրամասնություն ինքնավարության (ղեկավար՝ Հայաստան Աղեկյան) միջև կնքվեց մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Կողմերը պայմանավորվեցին իրականացնել համագործակցություն մշակութային ոլորտում՝ կազմակերպելով փոխադարձ այցեր, ինչպես նաև իրենց իրավասությունների և հնարավորությունների սահմանում, նպաստել շնորհալի աշակերտների գործունեության տարածմանն` ինչպես Հունգարիայի Հանրապետության սահմաններում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
     «Մենք հայեր ենք, Հայաստանն ենք ներկայացնում: Մենք ուզում ենք օգնել մեր հայերին, ովքեր ապրում են Հունգարիայում: Ուզում ենք բարեկամական կապեր հաստատել Հունգարիայի հայ երեխաների և Հայաստանի հայ երեխաների հետ: Մենք ուզում ենք՝ հայերը հայ մնան: Այսօրվա դրությամբ մեր հայ երեխաները Հունգարիայում հայերեն չեն խոսում: Հայերն սկսել են մոռանալ հայերենը: Մենք Հայաստանից պարի, երգի խմբեր ենք տանում, ասմունքողներ, նկարիչներ, քանդակագործներ ենք հրավիրում»,- ասաց Հայաստան Աղեկյանը:


     Դպրոց ժամանած պատվիրակության կազմի մեջ էին նաև Տուրջան Տամաշն, ով Հունգարիայի խորհրդարանի ներկայացուցիչն է և այնտեղ ներկայացնում է հայերին և Շուհա Ջորջն, ով Հունգարիայի հայ պատգամավորի արտաքին գործերի խորհրդատուն է: Հայաստան Աղեկյանը նշեց, որ նրանք բոլորն էլ ծագումով հայեր են:

Դպրոցի տնօրեն Նվարդ Հակոբյանը ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ասաց. «Վերջերս տեղեկացա, որ Հունգարիայի Դյոր քաղաքի հայերի փոքրամասնություն ինքնավարության ղեկավար Հայաստան Աղեկյանը և այլ անձիք պետք է գան Հայաստան տեսարժան վայրեր նկարահանելու և Հայաստանի մասին փոքրիկ փաստավավերագրական ֆիլմ ստեղծելու: Գաղափար հղացավ համագործակցելու՝ աչքի տակ առնելով շնորհալի աշակերտներին: Այստեղ նաև շեշտը դրվում է սոցիալապես անապահով աշակերտների համար բարեկեցիկ ապագա ստեղծելուն, համագործակցությունը կտա իր պտուղները, և երեխաներն իրենց շնորհքով կփայլեն Հունգարիայի Հանրապետությունում»:
     Նվարդ Հակոբյանը նշեց, որ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ դպրոցը կրում է Մարտիրոս Սարյանի անունը: «Ժամանակին դպրոցը նկարչական թեքում է ունեցել, այսօր այդ թեքումը չկա, բայց դպրոցի ուսուցչական կոլեկտիվն այդ ավանդույթները պահպանում է»,- եզրափակեց նա:

11248 | 0
Facebook