Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արևմուտքն իր ոխերիմ բարեկամներին ամեն գնով ուզում է հանել միմյանց դեմ և դա փորձում է անել Թուրքիայի միջոցով». Լևոն Շիրինյան

15:50, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Արևմուտքն իր ոխերիմ բարեկամներին ամեն գնով ուզում է հանել միմյանց դեմ և դա փորձում է անել Թուրքիայի միջոցով». Լևոն Շիրինյան

Թուրքիայի կողմից ռուսական խոցված ինքնաթիռն արդյոք ինչպիսի՞ բացատրություն ունի: Այդ միջադեպն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ինչպիսի՞ կեցվածք կընդունի արդյոք ՆԱՏՕ-ն այս պարագայում` ռազմական բախմա՞ն կգնա Ռուսաստանի հետ, թե՞ կփորձի մեղմել իրավիճակը` վերջինի հետ կարգավորելով հարաբերությունները: Այս և այլ հարցերի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

- Պարոʹն Շիրինյան, ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումները` ռուսական խոցված ինքաթիռի վերաբերյալ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

- Արևմուտքն իր ոխերիմ բարեկամներին` թուրքերին և ռուսներին, ամեն գնով ուզում է հանել միմյանց դեմ և դա փորձում է անել Թուրքիայի միջոցով: Ուզում են ճնշել, կանգնեցնել Ռուսաստանի բոլոր քայլերը, այդ թվում` Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները և այս բանը սարքեցին: Ռուսաստանը` որպես կայուն բևեռ, առայժմ հաստատուն քայլերով առաջ է գնում` պաշտպանելով քաղաքակիրթ և օրինական ասադների իշխանությունը: Նա այդ քայլով ռազմավարական մի հարց լուծեց, ինչը ելցինյան Ռուսաստանին արգելված էր: Նոր օսմանականության կոնցեպցիան, որ գորշ գայլերն էին իրականացնում իսլամի անվան տակ, նպատակ ունեին դուրս գալ Մերձավոր և Միջին Արևելք, որն Օսմանյան կայսրության հաշվով` իրենց ավանդական տիրապետության գոտին էր: Այստեղ Ռուսաստանը սրանց քթին խփեց և դուրս հանեց Սիրիայի տարածքից: Սա երրորդ պարտությունն էր Թուրքիայի համար: Ինչպես ասում են, որտեղ ոճիր, որտեղ բանդիտիզմ, որտեղ պանիսլամիստ, պանթուրքիզմ, այնտեղ էլ` թուրքը: Ես ուզում եմ զգուշացնել թե´ ՆԱՏՕ-ին, թե´ Թուրքիային, Ռուսաստանը միջուկային շանտաժի էլ կդիմի, և այսօր, ոչ մի պարագայում, ՌԴ-ին հնարավոր չէ իր օրինական շահերն ապահովելու հարցում խոչընդոտել: Ռուսներն այդ ճանապարհով Սիրիայից դուրս են մղում թուրքերին, և կարող եմ ասել, որ Սիրիան ամբողջովին կվերցնեն իրենց ազդեցության գոտու տակ:

- Ստեղծված կոնֆլիկտը որքա՞ն կզարգանա:

- Կարծում եմ, իրավիճակը վերահսկելի կդառնա և կպատժեն թուրքերին, որովհետև դա չմարսելու բան է: Այսինքն` դա կլինի վերհսկողության շրջանակներում:

- Երեկ Պուտինն ասաց, որ իր բարեկամ պետությունը` Թուրքիան, իրեն թիկունքից հարվածեց:

- Բոլորը հիմա այդ նախադասությունն են ցիտում: Բայց Պուտինը երեկ ուրիշ բան էլ ասաց: Ասաց, որ մենք հարգում ենք և հարգել ենք Թուրքիայի ռեգիոնալ շահերը, ինչը պատուհան է երկխոսության համար, և սրանից պետք է զգուշանալ: Թվում է` առաջին նախադասությունից հետո նրանք բախվեցին, բայց Պուտինը լրացրեց իր միտքը` ասելով, որ իրենք օրինական շահեր են պաշտպանոմ, և եթե խնդիրներ կան, կարող են դեմ առ դեմ քննարկել դրանք` առանց միջնորդների, և հնարավոր է` փոխհամաձայնության գան: Սա շատ կարևոր է, որի մասին պետք է խոսվի:

- Շրջանառվող լուրերը խոսում են այն մասին, որ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի տարածք է անցել, այնինչ, Պուտինը երեկ ընդգծեց, որ այն տարածքից 1 կմ հեռավորության վրա է գտնվել: Ինպիսի՞ն են Ձեր դիտարկումները:

- Չի անցել: Պարզապես փորձեցին Ռուսաստանին հասկացնել, որ առաջ չես շարժվելու, կխփենք: Նշեմ, որ թուրքերը դրան նախապատրաստվում էին: Նրանք բազմիցս ասում էին` կխփենք, եթե անցնեք…: Մի ուրիշ բան էլ կա. Թուրքիան ուզում է ասել` Սիրիան մեր նախկին գաղութն է, ինչպես ուզենք` կվարվենք: Արտառոց է նաև Դավութօղլուի հայտարարությունը, թե` գիտե՞ք, սխալվել ենք, մենք իմացել ենք սիրիական ինքնաթիռ է… Էս բանդիտների, ոճրագործների ուղեղում նստած է, որ եթե պետությունը թույլ է իրենցից, կարող են ոչնչացնել: Ցեղասպանության ակտի գիտակցությունից մի սանտիմետր առաջ չեն շարժվել, մնում են նույն թուրքը` առաջ չալմայով, հիմա` փողկապով:

- Ինչպիսի՞ քաղաքականություն կվարի Ռուսաստանը Թուրքիայի, ՆԱՏՕ-ի հետ: Երեկ Պուտինը նաև ասաց, որ իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ այլևս առաջվանը չի լինի:

- Բնականաբար, և այստեղ հայկական կողմը շահած է: Ես անձամբ, եթե նկատել եք, զգուշացել եմ և, կարելի է ասել, վախեցել ռուս-թուրքական մերձեցումից: Այդ մերձեցման չափն արդեն անցել էր: Եթե մենք կազմակերպված լինենք, կարող ենք դիվանագիտությամբ, մեր պարտք պահանջներով Ադրբեջանին զսպել, հիմա լավագույն ժամանակն է դա անելու: Ռուս-թուրքական հարաբերություններում ինչ բացասական բան որ եղել է Ադրբեջանի կտրվածքով, պետք է բոլորը դուրս հանենք: Այսօր ռուս քաղաքացին ոչ թե ռուս վերլուծաբանների տվածը պետք է լսի, այլ այն ամենն, ինչ ռուսները համառորեն փորձում են թաքցնել (օրինակ, որ 1918 թվականին, Շամխորում ադրբեջանական նոր իշխանությունները թուրքերի, վրացիների հետ միասին տասնյակ հազարավոր ռուս զինվորների գնդակահարեցին, որոնք երկիր էին վերադառնում): Սա մեր անելիքն է, ոչ թե օտարի: Իսկ ՆԱՏՕ-ն, ըստ էության, պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորի` կոլեկտիվ պայմանագրի շահերի տեսանկյունից:

- Այսինքն` բախման չի գնա՞ Ռուսաստանի հետ:

- Իհարկե ոչ: Միջուկային պետության հետ ո՞վ բախման կգնա, այն էլ` ռուսների: Աշխարհը գիտի, որ ռուսը մղոններով կքայլի առաջ, թե ինչքան զինվոր կմահանա, իրենց համար հաշիվ չէ: Դա իրենց ռազմական մշակույթի ավանդույթն է: Դրա համար դարձել են կայսրություն, ոչ թե ողորմելի մի տարածք…:

- Պարոʹն Շիրինյան, երեկվանից նաև խոսակցություններ են շրջանառվում, թե համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ-ն սպառնում է Վրաստանին: Մի քանի անձինք վրացերենով կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել իրենց և սպառնում են երկրին: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Եթե դա ճիշտ է, մենք Ջավախքի պաշտպանության հարց կունենանք: Այդ «Իսլամական պետություն»-ն իրականում պետություն չի, դա խմբավորում է, որը կաշխատի հակամարտության մեջ ներքաշել շատ ավելի ուժեր, որոնք ՌԴ-ին կարող են վնասել: Նրանց փորացավը ռուսական սահմանին կամ տարածքում մահմեդական պրոբլեմ գցելն է: Այդ պարագայում Հայաստանի դերը բացառիկ արժեք է ստանում Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերակցության մեջ: Ուժեղացրե´ք Հայաստանը, օգնեք հզորանալ իր պատմական և այլ իրավունքների մեջ, և դուք կունենաք լավագույն դաշնակից:

4347 | 0
Facebook