Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպես Թումանյանը կտավներ փրկեց

10:10, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Ինչպես Թումանյանը կտավներ փրկեց
     «... Եթե այսօր Հայաստանի թանգարանը հպարտանում է իր մի քանի կտավներով, որոնք եվրոպական դպրոցներին են պատկանում, և Կորկանովի ու Ազգագրական Ընկերության հավաքածուներով, այդ բոլորի համար բացառապես պարտք են Հովհաննես Թումանյանի գործադրած ջանքերին: 1921 թ. Վրաստանի խորհրդայնացման առաջին օրվանից Թումանյանը մի կողմ կանչեց «Հայարտան» մի քանի վստահելի անդամների և ասաց.
     - Էս անիրավները հայ ժողովրդին պիտի թալանեն թուրքերից էլ վատ: Ջահնամը-գոռը, հայ հարուստի փողն ու տունը թող առնեն, և նրանք արժանի են էդ վերաբերմունքին: Բայց պետք է աշխատել փրկել գեղարվեստական արժեքները: Դե, ձեզ տեսնեմ, ղոչաղներ, փնտրեք, գտեք, թե ուր ինչ կա և ինձ լուր տվեք: Մնացածը իմ գիտնալիքն է:
     Եվ, իսկապես, Հովհաննեսը դարձավ նշանավոր քոնթրաբանդիստ ու գիշերով փախցնել տվեց Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի և Պողարջյանի տներում գտնված արժեքավոր նկարները: Բայց իրերը փախցնելը քիչ էր, պետք էր դրանք փոխադրել Խորհրդային Հայաստան: Իսկ դա գրեթե անկարելի էր: Վրացիները Սադախլու կայարանում խուզարկում էին առանց բացառության բոլոր ճամփորդներին, թեկուզ նա լիներ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը:
     Այդ ժամանակ արդեն Ալեքսանդր Մյասնիկյանը եկել էր Կովկաս: Լինելով Հայաստանի կառավարության նախագահը, նա միևնույն ժամանակ կովկասյան Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, և այդ վերջին հանգամանքի շնորհիվ նրա գնացքը խուզարկվելու վտանգից զերծ էր: Ու երբ այդ պարագան իմացավ Թումանյանը, դիմեց Մյասնիկյանին, որպեսզի այդ իրերը փոխադրեն Հայաստան: Մյասնիկյանը ոչ միայն համաձայնեց, այլև իր ավտոմեքենաներից մեկը դրեց Թումանյանի տրամադրության տակ, քանի որ այդ մեքենան էլ անձռենմխելի էր, որովհետև իր վրա կրում էր զինվորական խորհրդի զինանշանն ու դրոշը...»:
    
     Հատված 1937 թ. հրապարակված «Մոտավոր անցյալեն» հուշագրությունից, որի հեղինակը ներկայանում է «Էջմիածինեցի» կեղծանունով:

ԻՆՉՊԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԿՏԱՎՆԵՐ ՓՐԿԵՑ«... Եթե այսօր Հայաստանի թանգարանը հպարտանում է իր մի քանի կտավներով, որոնք եվրոպական դ...

Posted by Hovik Charkhchyan on 24 Նոյեմբեր, 2015
Աղբյուրը` Հովիկ Չարխչյան
4497 | 0
Facebook