Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Աշխարհը վազելով առաջ է գնում, մենք կրիայի քայլերով հետևից փորձում ենք հասնել ու էդպես էլ մնում ենք ճանապարհի կեսին». Լիլիթ Մկրտչյան

20:35, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Աշխարհը վազելով առաջ է գնում, մենք կրիայի քայլերով հետևից փորձում ենք հասնել ու էդպես էլ մնում ենք ճանապարհի կեսին». Լիլիթ Մկրտչյան

Ի՞նչ սկզբունքով է այսօր հայ կրթական ոլորտում գիտելիքը փոխանցվում ուսանողին, որքանո՞վ է այն համապատասխանում ժամանակի և ուսանողի պահանջներին, ինչո՞ւ բուհերը չեն հրաժարվում դասավանդման հնացած մեթոդներից, և որքանո՞վ են մեր մասնագետները ծանոթ նոր հետազոտություններին: Կրթական ոլորտի բացթողումների ու դրանց հնարավոր լուծումների մասին` ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտչյանի հետ, ում կարծիքով` եթե դպրոցն այսօր քիչ թե շատ փորձում է դառնալ ժամանակակից վերափոխումների կրողը, նոր մոտեցումներ ու սկզբունքներ է առաջ բերում, ապա համալսարանն այդ առումով կարծրացած է: Նրա խոսքով` պատճառն այն է, որ դեռևս սերնդափոխություն տեղի չի ունեցել: «Հիմականում պրոֆեսորադասախոսական անձնակազմը միջինից բարձր տարիքի են, ովքեր նախորդ կրթական համակարգի կրողներն են, ովքեր այլ պատկերացումներ ու աշխարհայացք ունեն: Որքան էլ լավ մասնագետ լինեն, բայց ժամանակները փոխվում են, և իրենք չեն կարողանում դառնալ այդ փոփոխությունների կրողը: Իրենց մոտ այդ ամենը կարծրացած է և դրա համար հանդիսանում են զուտ գիտելիք փոխանցող», - համոզված է Լիլիթ Մկրտչյանը: Նրա խոսքով` կան երիտասարդ դասախոսներ, ովքեր բավական բաց են կրթական համակարգի հետ, բայց իրենք էլ մեկ այլ խնդրի հետ են բախվում. «Որքանո՞վ է իրենց մատուցած գիտելիքն անհրաժեշտ ուսանողին, և ինչո՞ւ է ուսանողն եկել բուհ… ի՞նչ ակնկալիքով, ի՞նչ է ուզում ձեռք բերել, գիտելի՞ք, թե՞ ուղղակի դիպլոմ: Հասարակության մեջ գիտելիքի հեղինակությունը փոքր ինչ անկում է ապրել: Այսօր երիտասարդն, ով ընդուվել է ինչ-որ ֆակուլտետ, չի պատկերացնում, որ էդտեղի գիտելիքներով կարող է աշխատանք գտնել: Մտածում է` որտեղ ծանոթ` այնտեղ աշխատանք: Այս մտածելակերպը խիստ թուլացնում է ուսանողի սովորելու մոտիվացիան: Սա լուրջ խնդիր է: Մեր ուսանողների շրջանում ամենամեծ բացն այն է, որ նրանք պատրաստ չեն պրպտելու, փնտրելու ու գտնելու, իրենք վերցնում են այն սահմանափակ քառակուսին, ինչը տալիս է դասախոսը»,- կարծում է նա:

Լիլիթ Մկրտչյանի համոզմամբ` ամբողջ աշխարհն այսօր կրթական համակարգի իդեալական մոդել է փնտրում: «Փորձում է փոխակերպվող աշխարհում գտնել այն մոդելը, որը երիտասարդին կտա բոլոր հմտությունները, գիտելիքը, ով միջազգային շուկայում կկարողանա իր տեղը գտնել: Հայաստանում այս խնդիրն ավելի վառ է արտահայտված, որովհետև դեռ գտնվում ենք անցումային շրջանում ու հստակ չենք պատկերացնում, շատ օրենքներ առանց մոտիվացնելու ուղղակի կիրառում ենք»:

Անդրադառնալով թեստային համակարգին, մեր զրուցակիցը նշեց, որ կտրականապես դեմ է, քանի որ դա գիտելիք ստուգելու համար սխալ մեխանիզմ է: «Աշակերտը կամ ուսանողը երբեք թեստով գիտելիք չի կարող ձեռք բերել: Թեստին պատասխանում են առանց հասկանալու՝ խոսքն ինչի մասին է: Սա լուրջ հարված է անգամ հայրենասիրությանն ու ազգային կրթության դաստիարակմանը: Գոնե պատմությունն այսպես չի կարելի ուսումնասիրել»,- վստահ է նա:

Այն հարցին, թե ինչու են հայ կրթական ոլորտում դեռ նախնադարյան սկզբունքներով առաջնորդվում, Լիլիթը պատասխանեց, որ իրականում բուհերը հրաժարվել են նախորդ կրթական համակարգից և դասախոսը պիտի միայն լեկցիա կարդացող չլինի:

«Դասախոսն արդի ժամանակաշրջանում ժամանակակից տեխնոլոգիան պետք է օգտագործի` տեղ հասցնելու գիտելիքն ու ստիպի, որ ուսանողն ինքը պրպտի, գտնի, գիտահետազոտական աշխատանք կատարի: Բայց այստեղ գալիս է մեկ այլ խնդիր. մենք դեռևս չունենք այն տեխնիկան կամ զենքերն ու գործիքները, որոնք մեզ պետք են լինելու այդ ամենը տեղ հասցնելու համար: Ինչ վերաբերում է գրականությանը, մենք ունենք մասնագիտական գրականություն, որոնք լավագույն դեպքում թարգմանվել են 80-ական թվականներին: Գիտությունն այսօր այնքան արագ է առաջ գնում, որ եթե մենք կես ժամ դադարենք կարդալուց, կկորցնենք մեր մասնագիտական որակավորումը: Աշխարհը վազելով առաջ է գնում, մենք կրիայի քայլերով հետևից փորձում ենք հասնել ու էդպես էլ մնում ենք ճանապարհի կեսին», - նշեց դասախոսն, ում կարծիքով` մեր մասնագետները բաց են կարդալու, պրպտելու և ուսումնասիրելու հարցում: «Ինտերնետն այսօր մեծ հնարավորություններ է ընձեռում, ինչպես նաև այլ երկրների գիտնականների հետ հանդիպումներ են կազմակերպվում` փոխանակելու մտքերով ու գաղափարերով: Եթե մարդ գիտի գիտության արժեքը և ցանկանում է այս ամենով զբաղվել, ելք կգտնի: Գուցե պետական մոտեցում չկա, չի խրախուսվում, բայց առաջ գնալու ճանապարհները բազմաթիվ են»:

Նրա խոսքով` դասախոսը որքան փորձում է բաց ու նորարար լինել, այնքան բախվում է պատին: «Մի կողմից ուսանողը հետաքրքրված չի ու չի լսում, մյուս կողմից հարգանքն ու վերաբերմունքը հատկապես դպրոցում ուսուցչի նկատմամբ խիստ ընկած է: Բուհում դեռ անձը, ով քեզ կրթում է, քիչ թե շատ հեղնակություն ունի, իսկ դպրոցում ուսուցիչը կյանքում այն չկայացած մարդն է, ով չի կարողացել հաջողություն ունենալ:

Ամենակարևորը մտքի փոփոխության խնդիրն է, մենք դեռևս չենք արժևորում ու չենք եկել այն գիտակցությանը, որ դա մեզ անհրաժեշտ է: Ինչ փոփոխություն էլ անենք, անգամ, եթե թեման երգելով ու պարելով մատուցենք, իրենց դա պետք չի, մինչև իրենց մտքում այդ հեղափոխությունը տեղի չունենա ու չկարևորեն գիտելիքն ու գիտությունը, մինչև գիտնականը չարժևորվի հասարակության մեջ»:

Լիլիթ Մկրտչյանի խոսքով` չպետք է մոռանալ, որ ուսուցիչը դպրոցում չի ստանում այնքան աշխատավարձ, որ լիարժեք իրեն նվիրի դպրոցին: «Նա գալիս է պարտականություն կատարելու: Ուսուցիչը մարդ է, ով անդադար 8 ժամ պարապում է ու հանդիպում է տարբեր ընտանքիներից դուրս եկած, տարբեր արժեհամակարգ ունեցող մարդկանց: Իրականում կան մասնագետներ, ովքեր նոր մեթոդներին ծանոթ չեն ու, եթե ամենալավ մասնավոր դպրոցներում ուսուցիչները վերապատրաստվում են, հանրակրթական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումնեը շատ անգամ ձևական բնույթ են կրում»:
     Ամփոփելով զրույցը՝ նա նշեց, որ ամենամեծ բացթողումն այս ոլորտում այն է, որ չկա պետական մոտեցում և վերաբերմունք:

Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

7943 | 0
Facebook