Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»

17:06, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2015 թ.
«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»

«Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը նկարագրում է Գյումրու երկրաշարժի առաջին երեք օրը: Ֆիլմի ռեժիսորը Գարիկ Անդրեասյանն է: Ֆիլմում հանդես են գալիս հայ և ռուս դերասաններ Մարիա Միրոնովան, Կոնստանտին Լավրոնենկոն, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանն ու այլք: Այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցին ասաց դերասան Միքայել Պողոսյանն, ով ֆիլմում մարմնավորում է Երեմի կերպարը:

«Նա Լենինականի բնակիչ է, հասարակ մարդ` իր խնդիրներով: Կերպարը շատ դրամատիկ է: Նրա աչքի առաջ տունը փլվում է, և կինը մնում է փլատակների տակ: Նա 2 օրում կարողանում է կնոջն ազատել, ընթացքում տարբեր իրադարձությունների ականատեսն ենք դառնում»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանը:

Նրա խոսքով` առաջին նկարահանումները, որտեղ ինքը մասնակից էր, տեղի են ունեցել հոկտեմբերի 12-ին:

«Մոսկվայում մեծ գործարան կա, որտեղ փլատակներ են, այն վարձվել է նկարահանումների համար: Անձնակազմը` միայն սպասարկման խումբը 100 հոգուց է բաղկացած, շատ բարձր որակի նկարահանումներ են իրականացվում»,- նշեց Միքայել Պողոսյանն, ում կարծիքով` այս ֆիլմն անհրաժեշտ էր: Նրա փոխանցմամբ` զուգահեռ նկարահանվում է Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմ ևս: «Կարծում եմ՝ լավ ֆիլմ կստացվի և օգոստոսին արդեն կսկսի իր մասնակցությունը տարբեր փառատոններին»,- եզրափակեց Միքայել Պողոսյանը: Նա նաև նշեց, որ ֆիլմը ստեղծողներն այն մտադիր են ներկայացնել «Օսկարի»:

15962 | 0
Facebook