Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ս. Սարգսյանին խորհուրդ կտամ ոչ թե օբյեկտներ բացել, այլ կանգնեցնել սահմանադրական փոփոխությունները». Արամ Կարապետյան

13:20, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2015 թ.
«Ս. Սարգսյանին խորհուրդ կտամ ոչ թե օբյեկտներ բացել, այլ կանգնեցնել սահմանադրական փոփոխությունները». Արամ Կարապետյան
     Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
     Ասուլիսից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե այդ որոշմանը նա ինքնակամ չի գնացել, նրան ուղղորդել է Վ. Պուտինը և առանց վերջինի «դաբրոյի», Ա. Աբրահամյանն այդ քայլին չէր գնա:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատեց, որ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան ՀԿ 15-ամյա հոբելյանի առթիվ ուղերձում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Արա Աբրահամյանը, որպես Ռուսաստանում մշտապես բնակվող անձ, բավականին մեծ գործ է անում Հայաստանի համար: «Այդ ակնարկը նշանակում է, որ առաջիկա 5 տարում Արա Աբրահամյան մարդը, քաղաքական կարիերա Հայաստանում անել չի կարող, որովհետև օրենսդրությամբ արգելված է դա. հին Սահմանդրությամբ` 5 տարով, նորով` 4: Այսինքն` ՀՀ օրենսդրությունը չի թույլատրում: Ես գիտեմ, որ մարդը չի կարող դառնալ պատգամավոր, իսկ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի` չի կարող դառնալ նաև վարչապետ: Հին Սահմանադրությամբ վարչապետը պիտի լինի ՀՀ քաղաքացի: Երկքաղաքացի կարող է լինել, բայց նախագահական և կիսանախագահական համակարգով վարչապետը քաղաքական որևէ դեմք չէ: Այսինքն` դրա համար պետք չէ կուսակցություն ունենալ, կարելի է յուրաքանչյուր մարդու նշանակել, եթե նա ՀՀ քաղաքացի է»,- բացատրեց քաղաքական գործիչը` հավելելով, որ անիմաստ է քննարկել մի մարդու մուտքը խորհրդարան, ինչն օրենքով չի թույլատրվում: «Ավելին, ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքը չի թույլատրում նաև դրսից ֆինանսավորվել: Օրենքի 25-րդ հոդվածը դա կատեգորիկ արգելում է»: Ա. Աբրահամյանի խորհրդարան մտնելու և օրենքի արգելքի վերաբերյալ մեր դիտարկմանը, թե իշխանական շրջանակներում ոչ միշտ են որոշումներն օրենքի սահմաններում կայացնում, Արամ Կարապետյանն ասաց, որ այդ դեպքում, ստացվում է` Ս. Սարգսյանը քաղաքական դաշտն այնքան է «նախիրի վերածել», որ դա դառել է օբյեկտ բացելու նման մի բան: «Այսինքն` օրենքին դեմ է, բայց պայմանավորվում են ու բացում: Եթե քաղաքական միավորի ստեղծումն օբյեկտ բացել է, ուրեմն, պատկերացրեք՝ ինչպիսին է Սերժ Սարգսյանի և իր շրջապատի վիճակը, որ ստիպված են թույլ տալ, որ այդ օբյեկտը բացվի, կամ իրենք մասնակից են այդ օբյեկտը բացելուն: Դա կա´մ Սերժ Սարգսյանի պլանավորած խաղն է, կա´մ ինչ-որ մեկի խաղն է` Ս. Սարգսյանի հետ պայմանավորված, կա´մ, դարձյալ, ինչ-որ մեկի խաղն է, որը նույնիսկ հաշվի չի առնում Ս. Սարգսյանի ցանկությունը»:
     Երեկվա ասուլիսում, Արա Աբրահամյանը նշել էր նաև, որ ամեն ինչ պայմանվորված է Սերժ Սարգսյանի հետ: Այստեղ, ըստ Կարապետյանի, ևս հակասություն կա. «Մի կողմից ասում է` Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածություն կա, մյուս կողմից` կարդում ենք, որ ՀՀ նախագահն ասել է` արա, կամ` մի արա, այսինքն` առկա է տրամաբանական հակասություն»: Իսկ թե այս ամենը հնարավո՞ր է կապ ունենա սահմանադրական փոփոխությունների անցկացման հետ, քանի որ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ իշխանական կազմը պատրաստվում է ՍԴ փոփոխություններ անել, մեր զրուցակիցն ասաց` ոչ: «Իմ տպավորությամբ, քաղաքական առումով, դա մի փոքր ավելի լայն բան է, քան սահմանադրական բարեփոխումը, քանի որ այդ դեպքում կխախտվեն օրենսդրական բոլոր նորմերը»,- կրկին շեշտեց Կարապետյանը` հավելելով, որ ցանկացած դեպքում, Հայաստանի իշխանությունների և նոր Սահմանադրության դեմ պայքարը շարունակվելու է և այն բավականաչափ «էֆեկտիվ» է լինելու: «Հայաստան ով ուզում է գա, մեզ համար, մեր կյանքում ոչինչ չի փոխելու: Նմանատիպ գործընթացներից զատ, Սերժ Սարգսյանն ավելի կարևոր գործով պետք է զբաղվի: Իմ բարի խորհուրդը նրան այն է, որ կանգնեցնի սահմանադրական բարեփոխումները և ոչ թե այսպիսի օբյեկտներ բացի, որ ռեալ զբաղվի երկրի տնտեսությամբ, որովհետև մեր վիճակը գնալով վատթարանում է»,- եզրափակեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:
6154 | 4
Facebook