Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմությունը

11:21, կիրակի, 11 հոկտեմբերի, 2015 թ.
«Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմությունը

Երեկ և այսօր Երևանը մեծ շուքով նշում է «Էրեբունի-Երևան» տոնը: Այն առաջին անգամ նշվել է 1968 թվականին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման (Ք. ա. 782 թ.)
     2750-ամյակի առթիվ:

«Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր». 1983-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):
     Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ` Հանրապետության և մեծ ու փոքր հրապարակներում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում: Առաջին օրն ավարտվում է Հանրապետության հրապարակում` տոնական մեծ հրավառությամբ: Տոնակատարությանը մասնակցում են Երևանի բնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից և Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ (Մոսկվայից ու Ռուսաստանի այլ քաղաքներից, Ղազախստանից, Լատվիայից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից):
     «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ:
     Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:
     Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:
     2008 թ-ին մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը:
     Այս տարի նշվում է քաղաքի հիմնադրման 2797-ամյակը:

18950 | 1
Facebook