Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը

14:30, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Հայտնի է Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը

Այս տարի Խաղաղության նոբելյան մրցանակի են արժանացել թունիսյան Ազգային միջնորդների քառյակի առաջնորդները՝ երկիրը ժողովրդավարական դարձնելու իրենց ներդրման համար, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:

Նոբելյան կոմիտեի ղեկավար Քասի Քուլման Ֆայվի խոսքերով՝ խումբը «նշանակալի ավանդ է ունեցել Թունիսում ժողովրդավարական բազմակարծություն ստեղծելու համար» 2011 թվականի հեղափոխությունից հետո: «Այս կազմակերպությունը ներկայացնում է թունիսյան հասարակության տարբեր բնագավառներն ու արժեքները՝ աշխատանքային խավն ու բարեկեցությունն, օրենքի գերակայության սկզբունքներն ու մարդու իրավունքները: Քառյակն ստեղծվել է 2013-ին, երբ ժողովրդավարական գործընթացը եղել է վտանգի մեջ՝ քաղաքական սպանությունների ու տարածված հասարակական անկարգությունների պատճառով: Այն հիմնել է այլընտրանքային, խաղաղ քաղաքական գործընթաց, երբ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր»,- ասել է Ֆայվը:

Նշենք, որ Խաղաղության մրցանակը, համաձայն Ալֆրեդ Նոբելի կտակի, հատկացվում է նրան, ով մնացածներից շատ ու լավ է ջանացել՝ ժողովուրդների բարեկամության համար, ով արձակել կամ էլ կրճատել է բանակը, նպաստել խաղաղ բանակցություների իրականացմանը:

Հաղթողին հատկացվում է դրամական մրցանակ՝ 700 հազար կրոնի՝ 1,1 միլիոն դոլարի չափով:

Որոշումը կայացնում է Նորվեգական նոբելյան կոմիտեն, որը բաղկացած է Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված 5 մարդուց:

Նշենք նաև, որ հավակնորդների ցանկը չի հրապարակվում և Նոբելյան կոմիտեն իրավունք ունի այն գաղտնի պահել մինչև 50 տարի:

Սակայն հայտնի է, որ այս տարի առաջադրվել է 270 թեկնածու, նրանց թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ռուսական ընդդիմադիր հրատարակություն «Նովայա գազետան», ԱՄՆ նախկին հատուկ գործակալ Էդվարդ Սնոուդենը, Հռոմի պապ Ֆրանցիսկն, ինչպես նաև՝ կաթոլիկ հոգևորական Մուսսի Զերայն, ով ծագումով էրիթրեացի է և օգնում է Իտալիա եկած աֆրիկացի ներգաղթյալներին:

9893 | 0
Facebook