Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ընթերցողների թիվը բավականին աճել է». վստահեցնում են ՀՀ Ազգային գրադարանում

16:28, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Ընթերցողների թիվը բավականին աճել է». վստահեցնում են ՀՀ Ազգային գրադարանում

«Հասարակության շրջանում կարծիք կա, որ ընթերցողների թիվը քիչ է, որ երիտասարդները գիրք չեն կարդում, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը: Ունենք բավականին մեծ թվով ընթերցողներ, մոտ 15 հազար ընթերցող` ուսանողներ, և 10 հազարից ավելի գիտաշխատողներ, տարբեր բնագավառի մասնագետներ, դասախոսներ և այլն»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Անահիտ Քեհեյանը:
    
Նրա խոսքով` ներկայում ընթերցողների թիվը բավականին աճել է, քանի որ սպասարկումն ավելի հարմարավետ է դարձել: «Նաև համակարգչային սպասարկում ունենք: Գրադարանը պարբերաբար թարմացվում ու հագեցվում է նոր գրքերով, ընթերցանության շարքն ամբողջացվում է նոր գրականությամբ: Այս տարի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մենք ստացել ենք Ցեղասպանության պատմություն, բացել ենք մեկ դարակային սպասարկում ևս, որտեղ ցուցադրված են բավականին մեծ թվով գրքեր` Հայոց ցեղասպանությունը ներկայացնող»:

Անդրադառնալով երեկ՝ Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներին, նշեց.
     «Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվեց «Ցեղասպանությունը գեղարվեստական գրականության մեջ» խորագրով գրքերի ցուցադրություն, որը բավականին հետաքրքրություն առաջացրեց ևʹ ընթերցողների ևʹ աշխատողների կողմից»,-ասաց Անահիտ Քեհեյանը:

Նրա խոսքով` այսօր համակարգիչների միջոցով սպասարկումը դարձել է բավականին արագ: «Սպասարկման ոլորտում ուշացումների հետ կապված խոչընդոտները կարողացել ենք վերացնել: Այդ բոլորը նպաստում են, որ մեր ընթերցողները կարողանան հաճույքով գալ գրադարան: Հիմա շենքը վերանորոգվում է, շուտով նաև ջեռուցման հարցը կլուծվի»:
     Ըստ նրա` երիտասարդները ևʹ գրքից ևʹ համակարգչային տարբերակից հավասարապես օգտվում են:
    
«Աստիճանաբար ողջ գրադարանային ունեցվածքը թվայնացվում է, ուստի մեզ մոտ տեղի է ունենում կադրային վերապատրաստում: Ազգային գրադարանն աշխատում է ամեն օր, մեր դռները բաց են առավոտյան ժամը 9:00-ից երեկոյան 20:00-ը»,- ամփոփեց Անահիտ Քեհեյանը:

3808 | 1
Facebook