Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրային հեռուստաընկերությունը, որը գոյատևում է մեր գումարներով, ծառայում է իշխանագողերին, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներին». Զարուհի Փոստանջյան

13:33, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Հանրային հեռուստաընկերությունը, որը գոյատևում է մեր գումարներով, ծառայում է իշխանագողերին, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներին». Զարուհի Փոստանջյան

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Հանրային շահ, հանրային բանավեճ, հանրային համաձայնություն բառերը շատ կարևոր են ժողովրդավար համակարգերում: Հանրային հեռուստատեսությունն իր այս նպատակների մեջ նշում է, որ կարևորում է հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, գթասրտության և հանդուրժողականության տարածումը: Մինչդեռ 2014թ. ընթացքում, կարելի է ասել, Հանրային հեռուստատեսությունն իր այս նպատակին հասնելու համար որևէ գործողություն, ըստ էության, չի կատարել: 2013թ. սեպտեմբերի 3-ին և 4-ին Ս. Սարգսյանի կողմից հայտարարվեց ՀՀ դիրքորոշման ռադիկալ փոփոխությունների մասին: Ռադիկալ փոփոխությունների մասին էր Եվրոմիության հետ համաձայնագրի տապալումը և ռադիկալ փոփոխությունների մեջ էր մտնում նաև հրամանագրի ստորագրումը, որով ստեղծվում էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Ի՞նչ տեղի ունեցավ ՀՀ-ում: Փաստորեն հայտարարվեց, որ մենք հրաժարվում ենք լինել անկախ Հայաստանի Հանրապետություն, պատրաստ ենք դառնալ ՌԴ մի կցորդ կամ գուբերնիա, և պատրաստ ենք փոխել ՀՀ սահմանադրությունը` դարձնելով ՀՀ-ը կուսակցապետություն: Այս երկու շատ կարևոր իրադարձությունների վերաբերյալ հանրային բանավեճ չծավալվեց: Եվ այսօր փորձում են մեզ հրամցնել, որ կա քաղաքական համաձայնություն, կոնսենսուս` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Ես ուզում եմ ասել, որ նման կոնսեսուս գոյություն չունի, բացարձակ անվստահության մթնոլորտ է տիրում թե´ Ս. Սարգսյանի, թե´ «Հանրապետական» կուսակցության նկատմամբ... »:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ ընդգծեց. «Հանրային գումարները, որով մենք պահում ենք այս հեռուստատեսությունն, ինչո՞ւ չեն ծառայում մեզ համար, ինչո՞ւ Հանրային հեռուստատեսությունն այս համատեքստում բանավեճեր չի պատրաստել և չի պատրաստելու: Ակնհայտ է, որ այս բոլորը` թե´ Հանրային հեռուստաընկերությունը, և թե´ բոլոր այն կառույցները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, որոնք գոյատևում են մեր գումարներով, ծառայում են ուղղակի իշխանագողերին, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներին: Դուք ի՞նչ եք լուսաբանել, ոչի՛նչ: Ընտրացուցակների հետ կապված ի՞նչ հաղորդումներ եք պատրաստել: Արդյոք ունե՞ք նման հաղորդում, հետաքննություն, որը ցույց կտա, որ տվյալ շենքում 60 %-ը բացակայում է, բայց այդ 60 % էլ այդ ընտրության ժամանակ քվեարկել է»,- ասաց Զ. Փոստանջյանը:

3186 | 2
Facebook