Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ս. Սարգսյանը հանձնարարում է Ձեզ՝ Ծառուկյանին բամփել, իսկ ինքը նրան պարգևատրում է մեդալով». Նիկոլ Փաշինյան

17:35, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Ս. Սարգսյանը հանձնարարում է Ձեզ՝ Ծառուկյանին բամփել, իսկ ինքը նրան պարգևատրում է մեդալով». Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` արդեն երրորդ անգամ անդրադառնալով 2015թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին, որտեղ վերջինը ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին ակնարկներ էր արել, թե նա միլիարդավոր դրամների հարկեր չի վճարում պետբյուջե և վարչապետին հանձնարարել էր այս կապակցությամբ հրապարակայնորեն թափանցիկ ստուգումներ անել` պարզելու համար իսկությունը, որից հետո էլ վարչապետն ունեցել էր «բամփելու» մասին իր հայտնի ելույթը: «Ես հարց եմ տվել Հ. Աբրահամյանին, թե ինչ տեղի ունեցավ այդ ստուգումների արդյունքում: Աբրահամյանը պատասխանել է, որ ֆինանսների նախարարը խոստացել է հունիսի 5-ը տեղեկանք ներկայացնել ստուգումների արդյունքների մասին: Հունիսի 10-ին ես նորից Հ. Աբրահամյանին հարց եմ տվել, պատասխանել է, թե մի քանի օր կձգձգվի: Արդեն 4 ամիս է անցել և ՀՀ ստուգումների մասին օրենսդրությամբ ստուգումների համար նախատեսված բոլոր հնարավոր ժամկետները սպառվել են և հիմա ժամանակն է արձանագրել, թե Ս. Սարգսյանը կամ ճիշտ էր ասում այդ ամենը, որ ասում էր, կամ էլ` զրպարտում էր Ձեր սիրելի խնամի պարոն Ծառուկյանին: Հնարավո՞ր է, որ Ս. Սարգսյանն ուզում էր սեպ խրել Ձեր և Ձեր խնամի Ծառուկյանի հարաբերությունների միջև: Ինչի՞ եմ ասում, որովհետև Ձեզ հանձնարարում է` բամփել, իսկ ինքը վերջերս Ծառուկյանին պարգևատրում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Ստացվում է` միլիարդավոր դրամների հարկեր չվճարածներին ՀՀ-ում սկսել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով պարգևատրել: Թե՞ այսպիսով Ս. Սարգսյանը ներողություն է խնդրում Գ. Ծառուկյանից` իր հայտարարությունների համար: Եվ, ի վերջո, այս ամենի համար որևէ մեկը հանրությունից պե՞տք է ներողություն խնդրի, թե՞ այսպես պետք է շարունակեք ուրախ ապրել: Խոսքը կառավարության և իշխանության անդամների մասին է»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանելով Փաշինյանի հարցին, ասաց. «Վարչապետի հանձնարարությամբ խնդրի առնչությամբ գործողությունների ստուգումը դեռևս գտնվում է ընթացքի մեջ: Իսկ թե այդ գործողություններում առկա՞ էին խախտումներ, թե՞ ոչ, կարծում եմ՝ պատասխանը պարզ է: Մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան, հակառակ բան էին փնտրում, թե «Հանրապետական» կուսակցությունում ինչ է տեղի ունենում, եթե հարկային պատասխանատվության են ենթարկվում մեր կուսակից ընկերները: Մեր պատասխանը մեկն է` գործելու է օրենքը»:

Փաշինյանն էլ հակադարձեց, թե` «Դուք արդեն երրորդ անգամ չեք ասում` Ոստիկանությունը, Անվտանգության ծառայությունը, Կառավարությանն առընթեր մարմինները գործողություններ ձեռնարկե՞լ են: Կա´մ պետք է արձանագրենք, որ Ս. Սարգսյանը զուտ քաղաքական դրդապատճառներով է արել այդ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, կա´մ էլ, եթե համապատասխանում է, պետք է ունենան համապատասխան հետևանքներ: Ձեզ թվում է ես կհոգնե՞մ այս հարցը տալուց: Ինչքան պետք է այս հարցը տալու եմ` երկու շաբաթը մեկ տալու եմ»,- զգուշացրեց Փաշինյանը:

5788 | 1
Facebook