Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հարմարավե՞տ է հայտնվել հայտնի մարդկանց ներքնաշորերում, հակահիգիենիկ չէ՞». Լուսինե Բադալյան

13:15, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Հարմարավե՞տ է հայտնվել հայտնի մարդկանց ներքնաշորերում, հակահիգիենիկ չէ՞». Լուսինե Բադալյան

«Երևույթը կհամարեի նորմալ, եթե դա լիներ քաղաքակիրթ բանավեճ երկու հայտնի կամ հետաքրքիր ֆիգուրների միջև: Միշտ էլ հետաքրքիր է լսել այս կամ այն հայտնի մարդու տեսակետը, վերլուծությունը որևէ խնդրի մասին: Բայց այս տարբերակում դրանք քննարկումներ չեն, որոնք մտածելու տեղիք են տալիս կամ լույս են սփռում որևէ հարցի շուրջ»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն` անդրադառնալով վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտած «աստղային վեճերին», «Ֆեյսբուք»-ում մեկը մյուսի հասցեին արված վիրավորանքներին: «Դրանք մեկ ուրիշի հաշվին սեփական անձն ավելի կարևորելու, ինքնարդարացման, մեկ ուրիշին փնովելով ավելի լավը երևալու տգեղ դրսևորումներ են»,- նշեց Լուսինեն: Նրա կարծիքով` ինչպես ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը, այնպես էլ՝ իր արտիստներին:

«Հասարակությունը, եթե ինքն իր նկատմամբ հարգանք ունենա, երբեք չի կարդա ու առավելևս, չի քննարկի ում պատահի, ամեն աղբ չի մարսի: Բայց, ցավոք, մեր իրականությունն այլ է: Հասարակությանն օդի պես անհրաժեշտ են ցածրորակ կռիվներ, վիրավորանքներ ու տգեղ պահվածք: Իրականում, եթե այդ ամենն արվի խելացի և գրագետ, կարելի է նույնիսկ որոշակի նպատակների հասնել: Բայց, ինտելեկտի հարց է»,- համոզված է Լուսինե Բադալյանն, ով անդրադարձավ նաև վերջերս հաղորդավար Արման Մարգարյանի անվան շուրջ ստեղծված աղմուկին:
    
«Տղան իր համար, գլուխը կախ, իր գործն է անում, որդուն պահում, մեծացնում, մեկ էլ մի պարապ մարդ որոշում է սահմանների ամրությունից ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ավելի կարևոր մի հարց քննարկել: Ինձ համար մեծ շոկ էր կարդալ հեղինակի անունն ու փորձել գտնել նրան: Պարզվեց՝ «տղամարդ է»` պատկառելի տարիքով: Իմ պատկերացմամբ, երբ տղամարդն անհարկի մասսայական վիրավորանք է հասցնում, պիտի դրա համար կարողանա պատասխան տալ տղամարդկային չգրված օրենքներով»,- ասաց հաղորդավարուհին, ում խոսքով` դրան հետևեց մեկ այլ, ավելի երիտասարդ տղայի նույնատիպ գրառումը:

«Ուզում եմ հարցնել նրանց ու այդ հարցը ջերմեռանդ քննարկող լայն հասարակությանը. արդյո՞ք հարմարավետ է հայտնվել հայտնի մարդկանց ներքնաշորերում, հակահիգիենիկ չէ՞, առավել ևս, երբ ձեր կարծիքով այն կեղտոտ է, լա՞վ եք ձեզ զգում այդտեղ: Գուցե փորձեք քննարկել մեր եթերային դեմքը, սխալները, խելացի կամ տհաս մտքե՞րը: Թե՞ ներքնաշորերն ավելի մեծ գիտելիքներ են ձեզ տալիս»,- հարցնում է Լուսինեն:
    
Նրա համոզմամբ` այս ամենն իրար հետ փոխկապակցված է: «Հասարակությունը կրթում է հայտնի մարդկանց, հետո հայտնիները կրթում են այդ հասարակության զավակներին: Թող ոչ մեկը մյուսից չբողոքի, ի վերջո բոլորը հնձում են իրենց ցանածը»,- ամփոփեց Լուսինե Բադալյանը:

15438 | 5
Facebook