Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օսիպյանն ո՞վ է, որ թույլ տա կամ չտա». Ա. Մուսախանյան

17:25, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
«Օսիպյանն ո՞վ է, որ թույլ տա կամ չտա». Ա. Մուսախանյան

Երեկ, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացվող ընդդեմ սահմանադրական փոփոխությունների ակցիայի ժամանակ, ոստիկանները խոչընդոտում էին ակտիվիստների գործողությունները` թույլ չտալով պաստառներ փակցնել ԱԺ-ի ճաղավանդակներին: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներից հետաքրքվեց, թե արդյոք իրենց ո՞ր գործողություններն էին հակաօրինական: «Հավաքների մասին օրենքը մեզ հնարավորություն է տալիս հավաքներ և երթեր իրականացնել, այդ թվում ոնենալ պաստառներ, պլակատներ, նշաններ և այլն: Սահմանափակում կա միայն ձայնային հզորության տեսանկյունից: Էն, ինչ-որ Օսիպյանը պահանջում էր երեկ, դա ամբողջությամբ ապօրինի պահանջ էր: Օսիպյանն ինձ ասում էր` հանեք պլակատը: Ես էլ ասում էի, որ հավաքի նպատակը` ցույց տալ մարդկանց, որ «ոչ» կա այստեղ, սա «ոչ»-ի պլակատ է, այն նպատակ ունի ցույց տալ մարդկանց, որ «ոչ» են ասելու հանրաքվեի օրը»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

Արդյոք ցանկապատին պլակատներ փակցնելը հակասո՞ւմ է ՀՀ օրենսդրությանը, որ ոստիկանությունը թույլ չէր տալիս դա անել՝ հարցին, նախաձեռնության անդամն ասաց. «Օսիպյանն ո՞վ է, որ թույլ տա կամ չտա»:

Հրայր Մանուկյանն էլ հավելեց, որ թեև երթն արտոնված էր, սակայն ոստիկանությունը հենց սկզբից փորձում էր թույլ չտալ այն իրականացնել: «Ի վերջո, երկար բանակցությունից հետո այդ հարցը լուծվեց, բայց նրանք շարունակեցին իրենց բռնությունները և 21 քաղաքացու բերման ենթարկեցին»,- ասաց նա:

Ա. Մուսախանյանը նշեց, որ թեպետ իրենք բազմիցս զգուշացնում էին ոստիկանությանը, որ գնում են սադրանքի, և հորդորում թույլ տալ` իրականացնելու իրենց խաղաղ ցույցը, սակայն ոստիկանությունը բացահայտ հրահանգում էր` գնալ սադրանքի. «Հիմա ողջ պատասխանատվությունն ընկնում է ոստիկանության վրա: Մենք կմտնենք դատարան: Նրանք, իհարկե, կփորձեն պաշտպանվել դատարանում, այնինչ ցանկացած փորձառու իրավաբան հասկանում է, որ դա անհնար է լինելու»,- ամփոփեց նախաձեռնության անդամը:

4367 | 1
Facebook