Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բա ես ինչի՞ եմ կոկորդ պատռում, թե բակի վառարանի վրա եմ ջուրը տաքացնում». Լ. Ասրյանը շարունակում է պնդել, որ 570 կՎտ/ժ հոսանք չի սպառել

14:35, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
«Բա ես ինչի՞ եմ կոկորդ պատռում, թե բակի վառարանի վրա եմ ջուրը տաքացնում». Լ. Ասրյանը շարունակում է պնդել, որ 570 կՎտ/ժ հոսանք չի սպառել

ՄԱՄՈՒԼ.am-ը շարունակում է անդրադառնալ Կոտայքի մարզի Նոր Գեղի Անդրանիկի փող., 32 տան բնակիչ Լուսինե Ասրյանի բողոքին` կապված իր կողմից սպառած 570կՎտ/ժ հոսանքին:

Երեկ Լ. Ասրյանը մեզ ահազանգել էր, որ նախորդ օրը տպագրված հոդվածի կապակցությամբ, որտեղ ինքը բողոքել էր, որ հաշվիչի թվերը կեղծված են, և այդ գործում կասկածում է էլեկտրիկ Գագիկին, վերջինը գնացել և սպառանացել էր, թե «հենց հիմա շչոտչիկը կքանդի, կթափի և ուրիշը կբերի կտեղադրի», նաև ասել էր «դու քո արածն արեցիր, ես էլ իմը կանեմ, չանեմ` շան տղա լինեմ…»:

Մեր թղթակիցը փորձեց կապ հաստատել տվյալ մարդու` Գագիկի հետ և պարզաբանում խնդրել իր գործողությունների և արտահայտությունների համար: Վերջինը նախ հերքեց, որ սպառնացել է կոտրել հաշվիչը: Հարցին էլ, թե` էլեկտրիկյն իրավունք ունի՞ փոխել քաղաքացու հաշվիչը, եթե նա համաձայն չէ, ասաց. «Իրավունք չունի, բայց եթե բնակիչը դիմում է գրում, որ ուզում է փոխել, գալիս, փոխում են»: Կոնկրետ Լուսինեի հաշվիչի վերաբերյալ էլ ասաց, որ վերջինը նման դիմում գրել է «որոշ ժամանակ առաջ» և դրա վերաբերյալ ստորագրությունն արդեն ունեն և կարող են փոխել: Հիշեցնենք՝ նախորդ հրապարակման մեջ Լ. Ասրյանը նշել էր, որ հաշվիչը փոխելու նման դիմում գրել էր օգոստոսին, երբ տեսել էր, որ անհավանական մեծ թիվ է արձանագրվել և այդ դիմումի համաձայն, եկել, փոխել էին: Դրանից հետո, նա այլևս դիմում չի գրել և չի խնդրել հաշվիչ փոխել, սակայն, էլեկտրիկի խոսքերից հասկանալի է դառնում, որ նախորդ դիմումը բավարար է, որպեսզի հաշվիչը փոխվի: «Էսօր էլի ասում ա՝ շատ ա գրել: Եթե բողոք կա, պիտի փոխենք… Հաշվիչն առանց ստորակետի ա: Կա հաշվիչ, որ հինգ թիվ ա, վերջին թիվը չեն հաշվում, 34 Ամպերանոց հաշվիչը, օրինակ լրիվ հաշվում ա: Ինքն ասում ա՝ 55 ԿՎտ/ժ եմ ես վառել, բայց հաշվիչն անցած ամիս գույքագրել ենք, եղել ա 289 ցուցմունք»,- ասաց էլեկտրիկը` հավելելով, որ Լուսինեի հոսանքի գումարը մինչ օրս մուծել է ինչ-որ կազմակերպություն: «Էդ կազմակերպությունից զանգեցին, ասացին` դուք իր ծախսի հետ գործ չունեք, ինչ որ կվառի, մենք կմուծենք: Էդ մարդիկ ամեն մուծելուց հետո զանգել են ինձ, տեղյակ պահել, թե այդ կնոջ գումարը մուծել են: Ես հավատացել եմ իրենց և ստուգել, տեսել եմ՝ ճիշտ է: Արդեն երկրոդ ամիսն է, այդ կինն իր սպառած հոսանքի վճարը չի անում: Ես ո´չ էդ կազմակերպության համարն ունեմ, ո´չ որևէ մեկին ճանաչում եմ, որ զանգեմ ասեմ` դուք մուծելո՞ւ եք, թե ոչ: Ես էլ իրան խորհուրդ եմ տալիս, որ գնա այդ կազմակերպությանը խնդրի, որ իրեն վերցնեն իրենց հովանավորության տակ և հոսանքի ծախսերը փակեն, քանի որ անապահով խավից է»,- շարունակեց նա: Վերջինի խոսքերով, Լ. Ասրյանը նախանցած ամսվա 17 հազար դրամը չի մուծել, օգոստոս ամսվա էլ` 14 հազար դրամը, սեպտեմբերն էլ վառել է 335 կՎՏ/ժ. «Եթե այդ գումարն ինքն իր անձնական գրպանից մուծի` հոսանքը կխնայի: Երբ գնում ես` իր դրսի լույսը, օրը ցերեկով վառում է: Դուք ձեր դրսի լույսը ցերեկով կվառե՞ք: Ինքն ամբողջ օրը դուրսն ա, ինչ գիտի՝ իր երեխեքն ինչ են անում: Երբ մարդն իր գրպանից ա մուծում` խնայողաբար ա օգտագործում: Հիմա, երբ ասում ես` էսքան փող պետք է մուծես, ասում է` հացի փողը երեխուս բերնից կտրում ես: Էսի իմ հորս սեփականությունը չի, որ ասեմ, լա´վ, ես քեզ բախշում եմ էդ գումարը: Լուսինեն ասում է, որ իրեն հովանավորող մարդկանց փնտրում է` չկան: Էդ մարդու հետ խոսում ես` լացում ա: Ինքը գիտի, թե լացելով իր գործն առաջ պտի էթա…»:

Հարցին՝ երբևէ մտե՞լ եք նրա տուն` տեսնելու, թե ինչ է միացնում, ասաց, որ ինքը հաշվիչը ստուգում է` նորմալ աշխատում է, ի՞նչ իրավունք ունի գնալ, բնակչի տուն մտնել:

Գագիկի ներկայացմամբ, Լուսինեի 17 հազար դրամի պատճառով, քանի որ չի մուծել, իր աշխատավարձից 9 հազար դրամ «կտրել են»: «Այգուս գործերը վերջացնեմ, ես խոսք եմ տալիս, ինքը հոսանք պիտի չունենա: Իմ աշխատավարձից խի՞ պահեն իրա չմուծելու համար»:

Իսկ թե ի՞նչ է ցանկացել ասել, ասելով` «դու քո արածն արեցիր, ես էլ իմը կանեմ, չանեմ` շան տղա եմ», արդյոք նա ինչ-որ կերպ վրե՞ժ է ուզում լուծել, թե զայրացած էր, դրա համար է ասել, Գագիկը մեկնաբանեց. «Ես որ իրեն ընդառաջ եմ գնացել միշտ, դրա համար եմ ասել: Ես իր փոխարեն միշտ գումար էլ եմ մուծել: Իր տեղը ցանցի պետին էլ եմ խնդրել, որ իր հոսանքը չանջատի, իսկ ինքը հիմա առանց ինձ տեղյակ պահելու, գնացել, վրաս բան ա գրել տվել…»:

Լուսինե Ասրյանն` էլեկտրիկի հետ մեր զրույցի հետ կապված, ասաց, որ այդ մարդիկ, ովքեր հովանավորում էին իրեն, չեն անհետացել, ինչպես Գագիկն է ասել, այլ, պարզապես, այս ամիսներին այնքան շատ է հոսանքի ծախսը եղել, որ նրանք երևի հնարավորություն չեն ունեցել վճարելու: «Եթե 10-15 հազար դրամ լիներ, կտային, եկեղեցու մարդիկ են: Ինչ վերաբերվում է նրան, թե նրանք են ամեն անգամ վճարել իմ փոխարեն, այդպես չէ: Մեկ-երկու անգամ են վճարել ընդամենը: Ես եմ միշտ նպաստը ստացել, տարել վճարել»:

Ինչ վերաբերվում է օրը ցերեկով լույս վառելուն և սեպտեմբերին սպառած 335 կՎՏ/ժ-ին, ինչպես ասում է Գագիկը, մեր զրուցակիցը զարմացավ, թե` դա սուտ է. «Բա ես ինչի՞ եմ կոկորդ պատռում, թե բակի վառարանի վրա եմ ջուրը տաքացնում: Ցան ենք ստից-ընդից ճարում, որ վառենք ջուր-մուր տաքացնենք: Էդ ո՞ւմ հույսով ես պիտի էդքան վառեի, ո՞վ էր ինձ խոստացել, որ հավերժ մուծելու էր իմ փոխարեն: Էդ ո՞ր հիմարը ցերեկով լույսը վառած կթողնի, գիշերն եմ ափսոսում օգտագործեմ: Հատկապես շչոչիկի փոխելուց հետո, ես այնքան խնայողաբար եմ օգտագործում, որ ավել փող չգրի… Բոլորն էլ տեսնում են, որ վառարանի վրա եմ ճաշ եփում, մրի մեջ կորում եմ, բայց ասում եմ` ի՞նչ անեմ: Եթե անխնա վառող լինեի, ճաշս, գոնե, պլիտայով կեփեի, ոչ թե ինձ էդքան կչարչարեի: Ոչ էլ պլիտա ունեմ, մի հատ խալադելնիկ էր, հարևանս էր տվել, էն էլ վառվել է: Ինքը ինձ 330-ի մասին ոչ մի անգամ չի ասել, ես նոր եմ լսում, միայն շեշտում է 570 կՎՏ/ժ-ի մասին»:

Լ. Ասրյանը շարունակում է պնդել, որ իր «սպառած» 570 կՎտ/ժ հոսանքը, որն իրեն ներկայացրել է էլեկտրիկը, «սարքած է»:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը Լուսինե Ասրյանի խնդիրը ներկայացրել է նաև ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի իրացման, վճարումների հաշվառման բաժնին: Տնօրեն Մուրադ Հովսեփյանը, մեզ հետ զրույցում, խոստացավ զբաղվել այդ հարցով, եթե անհրաժեշտություն լինի նաև մասնագետներ կուղարկեն այդ հասցեով և հաշվիչը կուղարկեն լաբարատորիա` ստուգման: «Եթե այդ կինը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, դժվար թե էլեկտրիկը դեմ գնար իր խղճին և նման բան աներ նրա նկատմամբ: Եթե մեկ անգամ փոխվել է հաշվիչը, և այդ բանկիչը, ինչպես ինքն է վստահեցնում, չի ծախսել այդքան էլեկտրաէներգիա, բայց էլի խախտումներ կան, ուրեմն, հնարավոր է, այդ խնդիրը նրա տան մեջ է»:

Ի դեպ, քիչ առաջ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ից տեղեկացանք, որ այսօր ժամը 14:00-ին մասնագետների խումբ կայցելի տվյալ հասցեով` պարզելու համար խճճված պատմության իսկությունը:

5814 | 1
Facebook