Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր ուսուցիչների համաշխարհային օրն է

11:05, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Այսօր ուսուցիչների համաշխարհային օրն է

Այսօր Ուսուցիչների համաշխարհային տոնն է: Այն բոլոր ուսուցիչների, դասավանդողների և կրթության ոլորտում աշխատողների մասնագիտական օրն է, որով ցույց է տրվում հասարակության զարգացման մեջ ուսուցիչների անգնահատելի ներդրումը:
     Օրվա առթիվ ուսուցիչներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.
    
«Սիրելի՛ ուսուցիչներ,
    
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
    
Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Այսօր էլ մեր հանրապետության բազմահազար մանկավարժները հպարտորեն են կրում իրենց փոխանցված ուսուցչի վեհ կոչումը: Դուք իրականացնում եք անչափ պատասխանատու առաքելություն՝ կրթում ու դաստիարակում եք մեր երկրի ապագա քաղաքացուն` միաժամանակ ապահովելով մեր ժողովրդի հարատևումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով, ծնողական համբերատարությամբ և ջերմությամբ: Յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ և ձեր հոգու լույսից մի շող՝ դուք լուռ հետևում և ուրախանում եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով:
     Ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված ինչպես մեր տնտեսության ապագա հզորացումը, այնպես էլ մեր սահմանների անառիկությունն ու երիտասարդ երկրի երազանքների իրականացումը:
     Ուսուցչի կերպարը բոլորիս սրտերը լցնում է պատանեկան տարիների մաքուր ու անաղարտ հիշողություններով: Հիշողություններ, որոնք անջնջելի հետք են թողել յուրաքանչյուրիս կյանքում և ամենաարժեքավորն են մեզ համար»:

Տոնին անդրադարձել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը.
     «Սիրելի մանկավարժներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքս՝ մասնագիտական տոնի առթիվ:

Անշուշտ, ցանկացած բարեմաղթանք, շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումին ու անձնազոհությանը, որոնց շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանն անմնացորդ սիրելու գաղափարակիր»։

8350 | 2
Facebook