Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նայելով մեզ` լուռ հանգավ». Սոս Սարգսյանի կյանքի վերջին րոպեների մասին պատմում է Վարդան Մկրտչյանը

14:03, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
«Նայելով մեզ` լուռ հանգավ». Սոս Սարգսյանի կյանքի վերջին րոպեների մասին պատմում է Վարդան Մկրտչյանը

«Նա երբևէ գլոբալ թեմաներից չէր խոսում ու հատուկ դատողություններ անելու սովորություն չուներ: Այդ օրը նա առաջին անգամ հատուկ խոսում էր կյանքից, ամփոփում էր կյանքը … «էս կյանքն ինչ բան է, ի վերջո, սուտ ու փուչ բան է…»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն առաջին անգամ պատմեց Սոս Սարգսյանի հետ ունեցած իր վերջին հանդիպման մասին: «Մենք ամեն օր շփման մեջ էինք, նույնիսկ օրը մի քանի անգամ, հատկապես վերջին շրջանում, երբ վարպետը թատրոն չէր կարողանում գալ` ֆիզիկական խնդիրների պատճառով: Ես էի գնում, կամ հեռախոսով էինք խոսում»,- անկեղծացավ Վարդանը:

«Սեպտեմբերի 26-ն էր, մենք խաղում էինք «Հացի խնդիրը» ներկայացումը: Այդ օրն ինքը չզանգեց ինձ, թոռնուհին զանգեց` Սոսեն: Դա շատ տարօրինակ էր, քանի որ ոչ ոք երբեք իր հեռախոսով չէր զանգում: Ասաց` պապիկն ասում է` բա ո՞ւր ես: Զարմացա, քանի որ մի քանի ժամ առաջ էինք զրուցել, բայց ասացի` հիմա գալիս եմ:
     Գնացի իրենց տուն, նստած էր բազմոցին, սևեռված նայում էր... Երկար նայեց աչքերիս մեջ, չէր խոսում: Հետո հարցրեց. «Ի՞նչ են ասում»: Հանկարծ ես այդտեղ հասկացա, որ նա արդեն վատ է, երբ սկսեց անընդհատ, մի քանի ժամը մեկ, հարցեր տալ թատրոնի շենքից: «Ո՞ւր ենք հասել, ինչո՞ւ չի լինում, բայց մեզ խոստացել էին…»:
    
Մենք վերջին շրջանում իրեն արհեստականորեն լավ բաներ էինք ասում, որովհետև դրանով էր ապրում: Եվ ես ասացի` ասում են, որ կլինի: Նա նորից երկար նայեց աչքերիս մեջ, ասաց. «Ուրեմն` կլինի»:
    
Դա մեր վերջին խոսակցությունն էր, որից հետո ասաց` «Գնաʹ, գնաʹ ներկայացումն սկսիր»: Եվ ես եկա թատրոն: Սովորոբար, ես ներկայացումների ժամանակ միշտ թատրոնում եմ լինում, ինձ համար կարևոր է հանդիսատեսին ընդունելն ու ներկայացման ընթացքին հետևելը: Հետո բոլորին ճանապարհում եմ, նոր տուն գնում: Սա իմ սկզբունքներից է: Այդ օրը, երբ ներկայացումն սկսվեց, ես ինձ ֆիզիկապես շատ վատ էի զգում: Ոչ մեկին ոչինչ չասացի, դուրս եկա, նստեցի մեքենան, որ տուն գնամ, հանկարծ զանգեց կինը` հեկեկալով… Ամեն ինչ պարզ էր: Զանգեցի շտապօգնություն: Մի քանի րոպեից իրենց տանն էի: Վազեցի, վերջին շնչումն էր…Նայելով մեզ` լուռ հանգավ, մինչև շտապօգնությունը կգար: Սա եղավ վերջը…
    
Նա այն հազվադեպ երջանիկ արվեստագետներից է, ով չմահացավ, որովհետև նա դպրոց թողեց: Մենք այսօր չենք կրկնում իրեն, մենք այսօր շարունակում ենք իրեն` իր սկզբունքներն ու իր տեսակը»:

5439 | 0
Facebook