Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երջանիկ կլինեմ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. Ջորկաեֆը՝ մեր ընտրանու և Հայաստան այցի տպավորությունների մասին

23:13, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
«Երջանիկ կլինեմ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. Ջորկաեֆը՝ մեր ընտրանու և Հայաստան այցի տպավորությունների մասին

Այսօր կայացած բարեգործական ֆուտբոլային հանդիպումից հետո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հայազգի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խոսեց Հայաստանի հավաքականի մասին․ «Կարծում եմ, Հայաստանի հավաքականին լավ ապագա է սպասում։ Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, սակայն ապագան կախված է լավ աշխատանքից։ Եթե երեխաները փոքր հասակից խաղան ֆուտբոլ, ավելի շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կունենանք։ Առհասարակ, սպորտը շատ կարևոր է։ Կարծում եմ՝ սպորտը Հայաստանում բավականին տարածված է։ Այս երկիրը բարենպաստ է յուրաքանչյուր տեսակի մարզաձևերի համար»,- Ջորկաեֆի խոսքերն է փոխանցում ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։
     Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցից հետո, Ջորկաեֆը ժպտաց՝ ասելով․ «Յուրաքանչյուրը կցանկանար դա։ Սակայն դա իմ ձեռքերում չէ, ես չեմ որոշում կայացնողը։ Բայց հիանալի կլիներ գլխավորել Հայաստանի ընտրանին։ Շատ ուրախ կլինեի օգնել հայրենիքիս։ Ինչպես գիտեք, Հայաստանը տատիկ-պապիկիս հայրենիքն է։ Հայի արյուն է հոսում իմ երակներում։ Եվ մի օր, եթե կարողանամ օգնել Հայաստանին, անչափ երջանիկ կլինեմ: Երջանիկ կլինեմ, եթե նաև կարողանամ գլխավորել ազգային հավաքականը»։
     Հարցին, թե ինչ զգացումներ ուներ Թիերի Անրիի և Զինեդին Զիդանի պես լեգենդների հետ խաղալու ընթացքում, Ջորկաեֆը պատասխանեց․ «Դա յուրահատուկ զգացում է, ինձ համար մեծ հնարավորություն, որ կյանքում մեկ անգամ է տրվում։ Սակայն լավագույն ֆուտբոլիստն, ում հետ երբևէ խաղացել եմ, բրազիլացի Ռոնալդոն է: Մինչև ծանր վնասվածք ստանալը նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր»։

Ճեպազրույցի ավարտին, հայազգի ֆուտբոլիստը, որը շատ տպավորված էր հայրենակիցների ընդունելությունից՝ հուզումնալից խոսքեր հղելով ներկաներին, ասաց․ «Տպավորիչ է այստեղ։ Տպավորիչ է, թե որքան մարդ է սիրում ինձ։ Ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ այստեղի մարդկանց։ Շնորհակալ եմ բոլորին՝ նման ուշադրության համար։ Ես միշտ աջակցելու եմ հայրենիքիս և հայերին։ Ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ։ Երջանիկ եմ»,- եզրափակեց նա։

4164 | 0
Facebook