Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիացի փախստականների երեխաների հոգեցունց պատմությունները. մաս 2-րդ

22:08, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Սիրիացի փախստականների երեխաների հոգեցունց պատմությունները. մաս 2-րդ

2011-ին Սիրիայում սկսվեց արյունոտ պատերազմ, ինչի պատճառով մինչ օրս այդ երկրից փախել է շուրջ 4 միլիոն մարդ: Նրանց թվում են հազարավոր երեխաներ, որոնցից ամեն մեկն ապրում է անտանելի պայմաններում և ունի իր դժբախտության հոգեցունց պատմությունը
     5-ամյա Մոյադը մոր հետ խանութ գնալիս է եղել, երբ պայթել է արկը: Մայրը տեղում մահացել է, իսկ ինքը հայտնվել է Հորդանանի Ամմա քաղաքի հիվանդանոցում: Արկի բեկորները վնասել են նրա գլուխը, մեջքը, կոնքը:

9-ամյա Ֆաթիման մեկն է այն սակավաթիվ երջանիկներից, որոնց հաջողվել է հասնել Շվեդիա: Սակայն նա մինչ այժմ չի կարողանում մոռանալ այն բոլոր գազանությունները, որոնց ականատես է եղել գաղթի ճանապարհներին: Իդլիբից փախչելուց հետո նա իր մոր, եղբայրների ու քույրերի հետ 2 տարի է անցկացրել Լիբանանի փախստականների ճամբարում, այնուհետ գերծանրաբեռնված նավակով ուղևորվել Եվրոպա: Ճանապարհին նրա մայրը մահացած երեխայի է ծննդաբերել, որին ծովն են նետել:

9-ամյա Շիրիզը պոլիոմելիտով հիվանդացել է 3 ամսական հասակում: Այժմ նա քնում է փայտյա անկողնուն Թուրքիայի Սուրուչի քաղաքի փախստականների ճամբարում: Նրա ընտանիքը միջոցներ չունի անհրաժեշտ դեղորայք գնելու համար:

2 տարեկան Իմանը տառապում է թոքաբորբով և կրծքային վարակով: Նա գտնվում է Հորդանանի հիվանդանոցում: Նախկինում ավազների մեջ խաղացող երջանիկ աղջնակն այժմ օրվա մեծ մասն անկողնում քնած է անկացնում:

5-ամյա Թամանը հիշում է իր հայրենի Հոմս քաղաքի հրթիռակոծությունը: Ու թեև նրա ընտանիքը 2 տարի առաջ է լքել Սիրիան, աղջիկը մինչև հիմա չի կարողանում հավատալ, որ իր բարձն իրենից վտանգ չի ներկայացնում: Լուսանկարն արվել է Հորդանանում:

2 տարեկան Ջուլիանան քնում է ցերեկները, որովհետև գիշերը նրա ընտանիքը փորձում է անցնել Սերբիայի սահմանն ու հասնել Եվրոպա:

8-ամյա Մարիամն այժմ Ամմանում է, Հորդանանում: Դպրոցից տուն վերադառնալուց անմիջապես հետո արկն ընկել է նրանց տան վրա: Կտուրը փլվել է աղջկա գլխին, ինչից հետո նա 11 օր կոմայի մեջ է մնացել: Հիմա նրա գիտակցությունը վերականգնվել է, սակայն չի կարողանում խոսել ծնոտի կոտրվածքի պատճառով:

5-ամյա Լամարը Բաղդադից է, հիմա նա քնում է Սերբիայի մոտակայքի անտառներից մեկում: Փոքրիկ ռետինե նավակով ծովն անցնելու մի քանի փորձերից հետո նրա ընտանիքին հաջողվել է հասնել Հունգարիայի սահմանին:

4188 | 2
Facebook