Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները. Հովիկ Աբրահամյան

18:53, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները. Հովիկ Աբրահամյան
     Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:
     Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքը: Բնակիչների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին են և եկել են, որպեսզի տեղում ծանոթանան նրանց խնդիրներին:
     Տեղի բնակիչները բարձրացրել են համայնքի որոշ հատվածներում գազիֆիկացմանը, ճանապարհատվածի վերանորոգմանը, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարմանը, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրներ: Գործադիրի ղեկավարը խոստացել է դրանք քննարկել կառավարությունում և տալ համապատասխան լուծումներ:
     Հովիկ Աբրահամյանի այցելած հաջորդ համայնքը Կոթին է եղել: Վարչապետը լսել է համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են վառելափայտով ապահովմանը, 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետևանքով չմշակելուն, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերին: Գործադիրի ղեկավարը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել ինչպես վառելափայտի, այնպես էլ չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար: Վարչապետը համայնքապետին հանձնարարել է կառավարություն ներկայացնել Կոթիի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձերի խնդրին ևս լուծում տալու համար:
     Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:
4167 | 0
Facebook