Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքապետարանի աշխատակիցները սպառնացել են` ապրանքը չհավաքելու դեպքում, տաղավարները կքանդեն, կջարդեն. «Գարեգին Նժդեհ» կայարանի ձեռներեցներ

15:00, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Քաղաքապետարանի աշխատակիցները սպառնացել են` ապրանքը չհավաքելու դեպքում, տաղավարները կքանդեն, կջարդեն. «Գարեգին Նժդեհ» կայարանի ձեռներեցներ

Արդեն երրորդ օրն է՝ «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումում առևտուր իրականոցնողներին Երևանի քաղաքապետարանն արգելել է տաղավարից դուրս ապրանք ցուցադրել: Առևտրականները խուճապի մեջ են` գործը կանգնել է, «մի երկու կոպեկն էլ, որ առաջ աշխատում էին, երեք օր է չկա»:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում վերոնշյալ կայարանի գետնանցումի առևտրականները նշեցին, որ այս աշխատանքով են օրվա հացը վաստակում, այնինչ քաղաքապետարանն ըստ «իր քմահաճույքի» խոչընդոտներ է ստեղծում: «Իրանց ձեռքը չի՞: Քնում, ըլնում են` նոր օրենք են հնարում: Արդեն երրորդ օրն ա, պարապ նստած ենք: Առևտուր չկա, վաճառողներն ամեն մեկը մի անկյունում քնած են պարապությունից:

Քաղաքապետարանի աշխատակիցները սպառնացել են` ապրանքը չհավաքելու դեպքում, տաղավարները կքանդեն, կջարդեն»,- պատմում էր ձեռներեցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց, որ մինչև այս արգելքը, մարդիկ գոնե ապրանքը տեսնում, մոտենում էին. «Ջհանդամ չէին առնում, գոնե մոտենում, հետաքրքվում էին: Հիմա տարել, լցրել ենք ներսը` իրար գլխի, չի ջոկվում` ինչն ինչ է…»:

«Օրինակ, դուք եկել եք ձեր երեխային կոշիկ առնելու, ենթադրենք ձեզ հաճելի չի էս փոքր խանութում կանգնեք` էս շոգին, կոշիկների հոտի մեջ և ուզում եք դրսում փորձեք, ես ո՞նց վարվեմ էդ դեպքում, պարզ ա` չմտած, դուրս կփախչեք»,- դժգոհում էր մի երիտասարդ, ում ներկայացմամբ իր ապրանքները փաթեթավորած դրսում են մնացել, որովհետև խանութի ներսում տեղ չկա. «Մեշոկ-մեշոկ շարել եմ, հաճախորդը գալիս ա, կարտոշկի նման մեշոկը բացում եմ, որ ընտրի, թե ինչ ա ուզում»:

Ձեռներեցները մեր թղթակցին ասացին, որ սեպտեմբերի 1-ին գնացել են քաղաքապետարան, որպեսզի ներկայացնեն իրենց դժգոհությունը, սակայն ոչ ոք չի լսել իրենց: «Առևտրի վարչության պետն ասաց` պայմանը մեկն է, պիտի հարմարվեք»: Հարցին, թե ինչ են պատճառաբանում նման պայման դնելով, ասացին` միայն ապրանքը խանութից դուրս ցուցադրելու հանգամանքը:

Գետնանցումում աշխատող ձեռներեցներին հուսադրում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի խոստումը, որ մի ելք կգտնի: «Ասել է մի քիչ դիմացեք, յոլա գնացեք, մեկ ամսվա ընթացքում մի լուծում կգտնենք, որպեսզի ապրանքը խանութից դուրս ցուցադրելու (գոնե 15-20 սմ-ով) հնարավորություն լինի»:

Նշենք նաև` Երևանի քաղաքապետարանի հրամանը չկատարելու դեպքում, վերջինները կտուգանվեն, իսկ տուգանքը սկսվում է 50 հազար դրամից:

4997 | 2
Facebook