Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնդկական օվկիանոսի կղզիներից մեկի աբորիգենները մինչև հիմա և ոչ մի օտարի թույլ չեն տալիս ոտք դնել իրենց տարածք

23:01, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Հնդկական օվկիանոսի կղզիներից մեկի աբորիգենները մինչև հիմա և ոչ մի օտարի թույլ չեն տալիս ոտք դնել իրենց տարածք

Արդեն հազարավոր տարիներ Հնդկական օվկիանոսի Հյուսիսային Սենտինել կղզու բնակիչները կատարելապես մեկուսացված են և ապրում են այնպես, կարծես ամբողջ մոլորակի վրա այժմ քարե դար է: Նրանք քարերով, նետերով ու նիզակներով են դիմավորում ցանկացած մարդու, ով որոշում է այցելել կղզի: Նրանք իրենց հնադարյան մշակույթն են պաշտպանում, որն անպայմանորեն կվերանա, եթե ժամանակակից քաղաքակրթությունը թափանցի կղզի:

19-րդ դարում այս կղզու ժայռերին են բախվել մի քանի նավեր: Անձնակազմերը փորձել են ափ իջնել, սակայն նրանց ետ են շպրտել նետերով: Հայտնի է մի դեպք, երբ 1987-ին կղզի է եկել ոստիկանությունը՝ հետապնդելով փախուստի դիմած դատապարտյալին: Ոստիկանները նրան գտել են անտառում՝ կտրված պարանոցով ու նետերով խոցված մարմնով և սասափահար փախուստի դիմել:

Հյուսիսային Սենտինելյան կամ որ նույնն է՝ Հյուսիսային Ժամապահ կղզին մեծ չէ՝ 72 կմ քառակուսի, և այնտեղ ապրում է ոչ ավել, քան 400 մարդ:

1981-ին կղզու առափնյա ծանծաղուտներին արգելափակվել է «Փրիմրոուզ» նավը: Տեղաբնակները նրանց թույլ չեն տվել մոտենալ ափին, անդադար նետահարել են, մինչև որ ինքնաթիռով տարհանել են ծովայիններին, իսկ նավը մնացել է ծանծաղուտների գերին:

Մի քանի անգամ գիտնականները փորձել են կղզիաբնակների հետ շփման մեջ մտնել, նվերներ են տարել ու ամբողջ ուժով ժպտացել, սակայն տեղաբնիկները չեն կաշառվել ու նրանց թույլ չեն տվել կղզի մտնել:

1991-ին հնդիկ մի գիտնական հանկարծ կարողացել է արժանանալ աբորիգենների ուշադրությանը: Վերջինները գնահատել են նրա «թանկագին» նվերը՝ պլաստմասսե կարմիր դույլերը: Մի քանի տարվա ընթացքում գիտնականը ափին թողել է կրամիր դույլերն, իսկ տեղաբնիկներ վերցրել են դրանք, սակայն հրաժարվել են մոտենալ ու շփվել: Միայն նրանց բացականչություններից գիտնականները եզրակացրել են, որ նրանք խոսում են մի լեզվով, որը բնավ նման չէ անդամանյան մյուս լեզուներին և եզրակացրել են, որ նրանք մեկուսացման մեջ ապրում են անհիշելի ժամանակներից:

Հետո «դույլային շփումն» էլ է դադարեցվել, սենտինելցիներն սկսել են կրակել ուղղաթիռների ու նավերի ուղղությամբ, իսկ 2006-ին սպանել են ալեկոծության պատճառով կղզու ափերին հասած 2 ձկնորսների:

Կղզին պաշտոնապես ղեկավարվում է Հնդկաստանի կողմից, սակայն ղեկավարությունը հայտարարել, է որ ոչ մի ձև չի խառնվի կղզու կյանքին, նրանց անգամ հսկում են և թույլ չեն տալիս, որ զբոսաշրջիկները մոտենան կղզուն: Դրանով նրանք պաշտպանում են ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղաբնիկների անվտանգությունը, քանի որ աբորիգենները իմունիտետ չունեն ժամանակակից մարդկության վարակների նկատմամբ, և նրանց կարող է սպանել ամենասովորական հարբուխը:


     Ու թեև կղզու բնակիչներին արտաքին աշխարհը բնավ չի հետաքրքրում, այնուամենայնիվ, այդ աշխարհը նրանցով այնքան է հետաքրքրված, որ անգամ նրանց անունով «Ֆեյսբուք»-ում էջեր ու կայքեր են բացել:

13234 | 2
Facebook