Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Րաֆֆի Հովհաննիսյան

13:15, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
«Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ երկրի ներքաղաքական վիճակին և տեղի ունեցող իրադարձություններին: Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս` ներկայացրեց դրա վերաբերյալ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը. «Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ: Այս իշխանությունը պարոն Սարգսյանից սկսած, չունի իրավական վիճակ, չունի լեգիտիմություն: Պետական հանցագործությամբ գողացվել է ժողովրդի քվեն, դրանով Սահմանադրությունը խախտվել է: Այս փոփոխություններով նպատակ ունեն ծխածակույթի ներքո՝ խորհրդարանական եղանակին անցնելու քողի տակ, ոչ միայն մի հոգու իշխանապետությունը երկարաձգել, այլև, բառիս բուն իմաստով, կերտել կուսակցապետություն, նպատակը նաև մեր հասարակության ստրկացումն է, ինչին «Ժառանգությունը» դեմ է…»: Ըստ Հովհաննիսյանի՝ «Ժառանգությունը» գտնում է, որ պետք է տեղի ունենա հասարակական լայն շերտերի, նաև` քաղաքական, հասարակական նախաձեռնությունների և տարբեր շրջանակների համախմբում. «Ում համար կարևոր է իր` որպես քաղաքացու, արժանապատվությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է մասնակցի այդ քննարկումներին»,- նշեց նա:

Սահմանադրական փոփոխությունների քննարկման շուրջ ՀՀ նախագահի հետ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ Ր. Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգությունն» ի սկզբանե դեմ է եղել այդ հանդիպումներին և սահմանադրական փոփոխությունների փաթեթին: «Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որ այս իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա: Մենք հանդիպումներ ենք ունենալու տարբեր քաղաքական գործիչների հետ` քննարկելու խնդիրը»,- ասաց բանախոսը` հավելելով, որ կուսակցությունն արդեն հանդիպել է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ: «Ես մեծ վտանգ եմ տեսնում: Սահմանադրական փոփոխությունները շատ սահուն կերպով են վերարտադրման այս խաղը տանում: Այս փոփոխություններով տեղ է բացվում այն մարդկանց համար, ովքեր ներկա Սահմանադրությամբ տեղ չունեն: Կուսակցությունները, քաղաքական նախաձեռնությունները, ովքեր դեմ են, պետք է միասին համագործակցեն ավելի համակարգված` ոչ միայն քաղաքում, այլև մարզերում»,- կարծիք հայտնեց Ր. Հովհաննիսյանը:

2881 | 5
Facebook