Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կա՛մ ՀՀ իշխանությունները խաբեբա են, կա՛մ Վենետիկի հանձնաժողովը կարդալ չգիտի. Լևոն Զուրաբյան

12:53, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Կա՛մ ՀՀ իշխանությունները խաբեբա են, կա՛մ Վենետիկի հանձնաժողովը կարդալ չգիտի. Լևոն Զուրաբյան
     «ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը: Մենք ոչ բանակցելու բան ունենք նրա հետ, ոչ էլ իրար համոզելու բան: Մենք լավ հասկանում ենք՝ ինչ հանցավոր գործընթաց եք առաջ տանում»,- դիմելով ԱԺ-ում Սահմանադրության նոր նախագիծը ներկայացնող ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վ. Պողոսյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա, իր խոսքով ասած, մի առեղծվածի մասին բացատրություն խնդրեց Պողոսյանից:
     «20 երկրի Սահմանադրություն եմ կարդացել, բայց որևէ տեղ չկա այնպիսի բան, որ նախագահը չունենա լիազորություն առաջադրելու վարչապետին, եթե վերջինի աթոռը թափուր է մնացել, իսկ Ձեր ներկայացրած փաստաթղթում նման իրավունքը պատկանում է ԱԺ նախագահին: Բայց սա մի կողմ: Անհասկանալի է, թե Վենետիկի հանձնաժողովն ինչո՞ւ սրան չի անդրադարձել, բայց... իր կարծիքի 135-րդ կետում հանձնաժողովը գրել է հետևյալը. «Այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տվել կամ տեղը թափուր է, նախագահը պետք է խորհրդակցի Աժ խմբակցությունների հետ ու թեկնածու առաջադրի, որը վայելում է մեծամասնության վստահությունը: Հիմա՝ կա՛մ ՀՀ իշխանությունները խաբեբա են ու ներկայացրել են կեղծ թարգմանություն, կա՛մ Վենետիկում կարդալ չգիտեն փաստաթղթերը: Բացատրեք՝ ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովը համոզված, որ նախագահն է վարչապետին առաջադրելու իրավունք ստացել»,- եզրափակեց Զուրաբյանը:
    
     Վարդան Պողոսյանը պատասխանեց. ««Հանցավոր., «խաբեբա» էպիտետները Ձեզ պահեք: Ենթադրում եք, որ ներկայացված է կեղծ թարգմանություն: Եթե բարի լինեիք ու նայեիք հանձնաժողովի կայքը, այդտեղ գրված է այն, ինչը կա նախագծում: Եթե հանձնաժողովի նախնական կարծիքի մեջ կան թերություններ, Ձեր խոսքերը հիմնավորում չունեն, քանի որ տեխնիկական սխալները մարդկային են: ՀՀ նախագահը նշանակում է երկրի վարչապետին, չենք շեղվել: Ինչո՞ւ է առաջադրում ԱԺ նախագահը: Նախատեսել ենք, որ Աժ նախագահը խորհրդակցում է խմբակցությունների հետ՝ պարզելու վարչապետի ի՞նչ թեկնածու կա, որ վայելում է մեծամասնության աջակցությունը: Եթե նման թեկնածու կա, ապա Աժ նախագահը պարտավոր է հենց այդ անձին առաջարկել, բայց ԱԺ-ում կարող են լինել տարբեր կարծիքներ: Եթե թեկնածուն չի ստանում պատգամավորների ձայների մեծամասնությունը, ապա ԱԺ նախագահի սխալմունքը հեշտ ուղղվում է նրանով, որ առաջադրման իրավունքն անցնում է խմբակցություններին: Դրանից հետո ընտրություն է լինում, ու եթե որևէ թեկնածու չի ստանում պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ապա այդ Աժ-ն ունակ չէ մեծամասնություն, կառավարություն ձևավորելու, ուստի պետք է լուծարվի»:
3901 | 2
Facebook