Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանամերձ գյուղերին հասցված վնասի չափը ճշտվում է, իսկ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհն արդեն բաց է

12:18, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Սահմանամերձ գյուղերին հասցված վնասի չափը ճշտվում է, իսկ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհն արդեն բաց է
     Սեպտեմբերի 2-ի գիշերն ադրբեջանական կողմից արձակված կրակահերթի հետևանքով Տավուշի մարզի Կոթի գյուղի երկու բնակիչների առողջական վիճակն անորոշ էր: Նրանց տեղափոխել էին Նոյեբերյանի բժշկական կենտրոն: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ երկու գյուղացիների (մայր և որդի) վիճակն այս պահին բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թե ինչ վնասներ է պատճառել գյուղին գնդակոծությունը, գյուղապետն ստույգ չկարողացավ պատասխանել` նշելով, որ այս պահին շրջում են գյուղում, ուսումնասիրում և ճշտում վնասի չափը: «Այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- ասաց նա:
     Երեկ լուրեր էին շրջանառվում, որ գնդակոծության հետևանքով փակ է նաև Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը: Մեր թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ Ռիտա Նազարյանը հայտնեց, որ նշված ճանապարհահատվածն արդեն բաց է: Վերջինը նույնպես չկարողացավ տեղեկություն հաղորդել համայնքին հասցված վնասի չափի մասին՝ ասելով, որ դեռ պարզ չէ: Ինչ վերաբերում է կրակոցներին` նշեց, որ տեղաբնակների համար դա սովորական երևույթ է, ամեն օր էլ այդ վիճակում են:
     Ի դեպ, երեկվանից ուժեղ կրակահերթ էր սկսվել նաև Նոյեմբերյանի շրջանի մի շարք գյուղերի վրա, այդ թվում՝ Բաղանիսի: Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ ադրբեջանական գնդակոծություններից հետո վնասը միայն նյութական է, ինչն ուրախալի հանգամանք է նրանց համար:
     Նշենք՝ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի մարզի գնդակոծության կապակցությամբ հերքել է այն լուրերը, թե Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի գյուղերից բնակչության տարհանման խնդիր է եղել։ Հիշեցնենք՝ երեկ, սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան և գիշերն ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել էր Տավուշի մարզի գյուղերը:
7855 | 0
Facebook