Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարոյանը մարդկային ապրումների հորդառատ գետ էր, որը երբեք չկտրվեց իր ակունքներից. այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

14:36, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
Սարոյանը մարդկային ապրումների հորդառատ գետ էր, որը երբեք չկտրվեց իր ակունքներից. այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
     Վ. Սարոյանը մարդկային ապրումների, հույզերի ու կարոտի մի հորդառատ գետ էր, որը երբեք չկտրվեց իր ակունքներից և երբեք չպղտորվեց: Ուր էլ որ գնաց, տարավ իր զուլալ մաքրությունը և իրավունք ունեցավ ասելու` «Իմ սիրտը լեռներում է»: Ն. Դումբաձե
    
     1908 թվականի օգոստոսի 31-ին է ծնվել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը: Նա համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Սարոյանը պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Գրել է անգլերեն: Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին:
    
Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահացել է 1981 թվականի մայիսի 18-ին: Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում:
     «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»,- իր մասին ասել է Սարոյանը:
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:
Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
3725 | 0
Facebook